«Դաշույններ» ՆԱՏՕ-ի դեմ

Մենք շարունակում ենք հետևել հարաբերությունների զարգացմանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որն արդեն պետք է դիտարկել Արևմուտքի և Արևելքի միջև հարաբերություններ։ Մոլորակի նոր աշխարհաքաղաքական մթնոլորտի մեկնարկային կետը Պեկինում Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններն են, որոնք տեղի ունեցան փետրվարի 4-ին: Այդ ժամանակից ի վեր իրավիճակն աշխարհում գնում է դեպի լարվածության սրում։ Պատճառը պարզ է՝ Արևմուտքը հասկացավ, որ հնարավոր չէ Չինաստանին «իրենով անել»՝ ընդհակառակը, Սի Ծինփինը լիովին աջակցեց Ռուսաստանին ընդդեմ ՆԱՏՕ-ի, այսինքն՝ ընդդեմ Արևմուտքի։

Այս առնչությամբ Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը, որոնց «ասոցիացիան» Արևմուտքում հաճախ անվանում են «Վեյմարի եռանկյունի», փետրվարի 9-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքի անվտանգության հարցերի շուրջ։ Բեռլինում բանակցություններին հաջորդած համատեղ փաստաթղթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ են արել Ռուսաստանին «նպաստել Ուկրաինայի սահմանին իրավիճակի դեէսկալացմանը և սկսել բովանդակալից երկխոսություն եվրոպական մայրցամաքում անվտանգության վերաբերյալ»։ Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կառուցողական մասնակցություն ունենալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին»։ Հենց այս «Վեյմարի եռանկյունին» ևս մեկ անգամ աջակցություն հայտնեց Ուկրաինայի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը» և զգուշացրեց Ռուսաստանին իրավիճակի սրման դեպքում «հետևանքների» մասին, պաշտպանեց Նորմանդական ձևաչափի դերը Մինսկի գործընթացի իրականացման գործում։ Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի իր պաշտպանական և զսպման ռազմավարությունը»՝ հաշվի առնելով իրական իրավիճակի փոփոխությունները և դաշինքի «առաջնագծային թևում ուժեղացված ներկայության» ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը ի հայտ եկավ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Վլադիմիր Պուտինի հետ Էմանուել Մակրոնն արդեն փորձել է ամեն ինչ՝ երկկողմ հանդիպումներ Վերսալում, Բրեգանսոնում և անթիվ հեռախոսազանգեր։ Նա բազմապատկեց հանդիպումների քանակը, բայց ոչնչի չհասավ»,- ափսոսանքով նշել է ֆրանսիական RTL մեդիա ռեսուրսը: «Մակրոնի այցը համոզիչ չի թվում։ Երկուշաբթի երեկոյան նախագահը Մոսկվայում երկար ժամեր զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ՝ երաշխիքներ ստանալու համար, որ Ուկրաինայի հետ լարվածությունը կթուլանա: Արդյունքում նշվել են միայն անհատական ​​միջոցներ»,- գրում է փարիզյան ազդեցիկ «Ֆիգարո» թերթը՝ ընդգծելով, որ այս պահին Ռուսաստանի ղեկավարը մնում է «խաղի տերը»։ Չնայած փարիզյան վերնախավում տիրող քննադատական ​​տրամադրություններին, ինչպես տեսնում ենք, Մակրոնը կրկին ներքաշվել է հակառուսական խաղերի մեջ։

Գրեթե անմիջապես հետևեց նաև Մոսկվայի արձագանքը: Նույն օրը՝ փետրվարի 9-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Մենք համոզված ենք, որ հնարավոր է շատ արագ հասնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի, ինչի մասին մեր գործընկերներն այնքան շատ են խոսում և գրում: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, դուրս բերել արևմտյան ռազմական խորհրդատուներին և հրահանգիչներին նրա տարածքից, դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժությունները։ Եվ նաև ուկրաինական տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զենքերը, որոնք նախկինում առաքվել էին Կիև։ «Մենք կոչ ենք անում դադարեցնել Ուկրաինայի շուրջ լարվածության արհեստական ​​սրումը, ձեռնարկել գործնական քայլեր, որոնք ուղղված կլինեն իրավիճակի իրական դեէսկալացմանը և Դոնբասում հակամարտության կարգավորմանը՝ արդյունավետ միջոցառումների փաթեթի հիման վրա», շարունակեց Զախարովան: Նա ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում Արևմուտքին այցելել Դոնբասի շփման գծի մյուս կողմը՝ հիշեցնելով, որ փետրվարի 7-8-ը շփման գիծ են այցելել Գերմանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի արտգործնախարարները։ «Կարծես՝ վեհ առաքելություն լինի: Կարծես սկսվել է այն գործընթացը, որի համար մենք միշտ կոչ ենք արել։ Իսկ այժմ զրահաբաճկոններով ու սաղավարտներով արևմտյան դիվանագետները առաջ են անցել շփման գիծ։ Բայց կա մի նրբերանգ՝ միայն մի կողմից՝ Կիևի կողմից վերահսկվող տարածքից։ Չգիտես ինչու, նրանք ավելի հեռուն չգնացին,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ – Հենց այս գիծը, որը ձեզ համար կարմիր չէ, այստեղ դուք պետք է անցնեք այն, ես նկատի ունեմ շփման գիծը, և դեռ այցելեք և ձեր ուշադրությամբ հարգեք այն մարդկանց, ովքեր երկար տարիներ տառապում էին ձեր պատճառով, քանի որ դուք ոգեշնչեցիք ուկրաինական քաղաքական գործիչներին՝ հակասահմանադրական հեղաշրջում իրականացնել»։

Թվում է, թե Զախարովայի խոսքերում պարզ տեքստով կա այն քայլերի ալգորիթմը, որոնք անպայման պետք է ձեռնարկի Արևմուտքը։ Եվ բոլոր հարցերը կհանվեն ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքականության օրակարգից։ Բայց առայժմ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կցանկանային՝ այս դեպքում ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, և ողջ համաշխարհային հանրությունը։ Այդ թվում՝ Արևմուտքի հանրության ազդեցիկ շրջանակները, քանի որ Ֆրանսիայում Մակրոնին (իր հակառուսական կուրսի համար) քննադատում են գրեթե բոլորը՝ և՛ ձախ, և՛ աջ քաղաքական ուժերը։ Բայց ԱՄՆ-ը դեռ լկտիորեն համառ է, թեև թվում է, թե Վաշինգտոնը նույնպես փորձում է ինչ-որ բան գիտակցել։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը փետրվարի 9-ին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի վերջին հայտարարությանը, որն արվել է ԵԱՀԿ-ում Եվրոպական անվտանգության երկխոսության վերաբացված ձևաչափի մեկնարկի վերաբերյալ անդրանիկ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որում նա հայտարարել է, թե ԱՄՆ իշխանությունները համաձայն են անվտանգության անբաժանելիության սկզբունքի քննարկման կարևորության հետ, «սակայն, ռուսական որոշ գործողություններ խաթարում են այն»: «Մենք ողջունում ենք այն փաստը, որ մեր ամերիկացի գործընկերները վերջապես «հասունացել» են քննարկելու համար անբաժանելի անվտանգության սկզբունքը, որն առանցքային է եվրոպական տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար,- ասվում է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ֆեյսբուքյան էջում հրապարակված մեկնաբանության մեջ։ – Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը այս հասկացությունը դեռ միակողմանի է մեկնաբանում։ Կենտրոնանում է երկրների՝ ռազմական դաշինքներ ազատ ընտրելու իրավունքի վրա։ Միաժամանակ անտեսում է այլ պետությունների անվտանգության հաշվին իրենց անվտանգությունը չամրապնդելու պարտավորությունը»։ ԱՄՆ-ը «երեսպաշտորեն խոսում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման իրավունքի մասին՝ հերքելով այն փաստը, որ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար», ասում է ՌԴ դեսպանատունը։ «Մենք խորհուրդ ենք տալիս Պետքարտուղարության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ուշադիր կարդալ հունվարի 28-ին իրենց հանձնված արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը, որը մանրամասնորեն բացատրում է ԵԱՀԿ Ստամբուլի և Աստանայի հռչակագրերում արձանագրված այս իրավունքների և պարտավորությունների անխզելի կապը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայց հիմա բոլորը հասկանում են, որ միայն կշտամբանքներով ու կոչերով հրավոր չէ լրջորեն ինչ-որ բան փոխել՝ Արևմուտքն ամեն օր օրի լկտիանում է, ինչի մասին է վկայում նաև «Վայմարյան եռանկյունու» հայտարարությունը։ Եվ այսպես, ՌԴ իշխանությունները նույնպես «նյութական քայլերի» են դիմում։ Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում հիպերձայնային «Կինժալ» հրթիռների տեղակայումը «նպատակային ազդանշան» է ՆԱՏՕ-ին, գրում է ռազմական մեկնաբան Սեբաստիան Ռոբլինը «Ֆորբս» ամսագրում։ Երկու ՄիԳ-31Կ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք իբր զինված են «Կինժալներով», տեղակայվել են այս ամսվա սկզբին Կալինինգրադի մարզի Չկալովսկի ավիաբազայում: Երբ անցած երկուշաբթի ամերիկյան դեսանտայինները սկսեցին ժամանել Լեհաստան՝ ի պատասխան Ուկրաինայի մոտ ռուսական զորքերի կուտակման, «Թելեգրամում» տեղադրված տեսանյութը ցույց տվեց, որ ռուսական ՄիԳ -31Կ-երը, որոնք կարող են կրել «Կինժալ»  հրթիռներ, վայրէջք են կատարել  Կալինինգրադում: Այն փաստը, որ «Կինժալին» «շատ նման» հրթիռով ՄիԳ-31Կ-ն այստեղ դիտվել է որպես «սպառնալիք» Եվրոպային, եթե ՆԱՏՕ-ն հանկարծ որոշի միջամտել՝ ի պատասխան Ուկրաինայում Մոսկվայի հնարավոր ռազմական գործողությունների»,- նշում է հեղինակը: Նա մեջբերում է ռազմական վերլուծաբան Ռոբ Լիի խոսքերը, որ «Կինժալ»-ը, որը եթե արձակվի տարածաշրջանի օդային տարածքից, հեշտությամբ կարող է հասնել Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքների մեծամասնությանը, ինչպես նաև Անկարային՝ 10 րոպեից պակաս ժամանակում: Հրթիռի հեռահարությունը մոտ երկու հազար կիլոմետր է՝ ձայնի արագությունից 10 անգամ մեծ։ Ավելին, «Կինժալ»-ը մանևրում է թռիչքի ողջ ընթացքում։

«Կինժալ»-ի («Դաշույն») կամ, օրինակ, «Կալիբր» և «Օնիքս» թևավոր հրթիռների միջոցով տեսանելի ապագայում Ռուսաստանը «խելքի կբերի՞» Արևմուտքին՝ չգիտենք և չենք կարող իմանալ։

Խորհուրդ Արևմուտքին՝ դադարեցրեք լկտի լինելը, հիշեք ձեր տեղը, և այդ ժամանակ զինված բախումների վտանգը ինքնին կվերանա։ Թե չէ՝ ինչպես փետրվարի 8-ին հայտնել են «Հեզբոլլահ» կուսակցության հետախուզական ծառայությունները, Արեւմուտքն իր ողջ ուժով փորձում է վերակենդանացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Իրաքում և Սիրիայում։ Այս մեղադրանքն անձամբ է հնչեցրել այս կուսակցության ղեկավար շեյխ Հասան Նասրալլան իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում… Այդ դեպքում Արևմուտքը նույնպես պատասխանատվություն կկրի համաշխարհային հանրության առջև՝ ահաբեկչության խթանման համար։

Սերգեյ Շաքարյանց