Բրազիլիայի նախագահը պատասխանել է իր՝ Մոսկվա կայանալիք այցը խափանելու ԱՄՆ փորձերի մասին հայտարարություններին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի օրը մեկնաբանել է փետրվարի կեսերին Մոսկվա իր այցի նախապատրաստման հետ կապված Վաշինգտոնի ճնշումների մասին տեղեկություններին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Բրազիլիան Բրազիլիա է, Ռուսաստանը՝ Ռուսաստան: Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ինձ հրավիրի, եթե նա դա անի, ես ուրախ կլինեմ գալ Միացյալ Նահանգներ»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել վերջերս տեղական մամուլում հայտնված տեղեկատվությունը։

Բրազիլիայում  հայտնել էին, որ ԱՄՆ իշխանությունները դիվանագիտական ​​ճնշում են գործադրում հարավամերիկյան երկրի ղեկավարության վրա՝ փորձելով չեղարկել Բոլսոնարուի այցը Մոսկվա։ Ինչպես պարզաբանել է հրատարակչությունը, Վաշինգտոնի այս ջանքերի նպատակն է փորձել մեկուսացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև առկա լարվածության համապատկերին։

Թերթի տեղեկություններով, ամերիկացի դիվանագետները մտահոգություն են հայտնում այս այցի կապակցությամբ, քանի որ, ըստ Սպիտակ տան, Պուտինի կողմից Բոլսոնարուին ընդունելու փաստը ազդանշան կհանդիսանա, որ «Բրազիլիան աջակցում է Կրեմլի գործողություններին Արևելյան Եվրոպայում, օրինականացնում է այն, ինչը ԱՄՆ-ը համարում է միջազգային իրավունքի խախտում»։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի այցը Ռուսաստան նախատեսված է փետրվարի 14-17-ը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։