2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 16

Սկիզբը` այստեղ 

Գնալով սեղմվում է Արևմուտք- Ռուսաստան լարվածության զսպանակը: Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է մոտ ժամանակներս Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ ամերիկյան զորքեր տեղափոխելու և տեղակայելու մասին: Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական։ Նրա խոսքով, դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական, տրանսպորտային ստորաբաժանումներ են։ Եվ, ահա, նման մի քայլ էլ Մեծ Բրիտանիան է կատարում…

Միացյալ Թագավորությունը կրկնապատկում է Էստոնիայում, ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի կազմում գտնվող իր զորքերի թվաքանակը` 900-ից հասցնելով 1800-ի: Այս մասին ասված է «The Daily Telegraph»-ում երեկ հրապարակված Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասի հոդվածում:

«Մեր դիվանագիտական ​​ջանքերը զուգորդվում են զսպման միջոցներով,- գրել է նա:- Մենք ՆԱՏՕ-ին առաջարկում ենք տարածաշրջանին մատակարարել լրացուցիչ ինքնաթիռներ (ըստ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի, արագընթաց.- Ա.Հ.), ռազմանավեր և մասնագետներ։ Մենք կրկնապատկում ենք Էստոնիայում զինծառայողների թիվը, ինչպես նաև մարտական պատրաստության կբերենք «HMS Prince of Wales» ավիակիրը լարվածության աճի դեպքում»։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, «HMS Prince of Wales» ավիակիրը, որը հունվարի սկզբին գլխավորել է ՆԱՏՕ-ի ծովային արագ արձագանքման խումբը և գտնվում է «բարձր լայնություններում», պատրաստ է լարվածության հետագա աճի դեպքում նավարկել նախանշված տարածաշրջան հաշված ժամերի ընթացքում։

«ՆԱՏՕ-ի օգնության այս փաթեթը հստակ ազդանշան կուղարկի Կրեմլին, որ մենք չենք հանդուրժի նրա ապակայունացնող գործունեությունը և միշտ համերաշխ կլինենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ՝ ի դեմս ռուսական ռազմական գործողությունների»,-  հայտարարել է Ջոնսոնը և հավելել, որ «Ուկրաինան պետք է ազատ լինի որոշելու իր ապագան» (վարչապետի հայտարարությունը հունվարի 29-ին հրապարակել է նրա գրասենյակը):

Քանի որ Ռուսաստանն Ուկրաինային չի խանգարում իր ապագան որոշելու հարցում, ավելին` Ուկրաինան նոր չէ, որ պետք է իր ապագան որոշի, արդեն իսկ որոշել է, որ իր ապագան պետք է լինի Արևմուտքի ճամբարում, և այդ որոշումը նույնիսկ իրականություն է դարձրել ու գտնվում է արևմտյան ճամբարում, ուրեմն պարզ է, որ Ջոնսոնը նկատի ունի Ուկրաինայի ազատ լինելը ոչ թե իր, այլ Դոնբասի` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճակատագիրը որոշելու հարցում, իսկ եթե փակագծերն ավելի բացենք, ապա նկատի ունի ռազմական ուժի կիրառմամբ, լայնամասշտաբ պատերազմով նշված հանրապետությունները գրավելու և նրանց բնակչության հպատակեցման Ուկրաինայի ազատության «իրավունքը»:

Ըստ Ջոնսոնի, երկրի զինված ուժերին հրահանգ է տրվել «պատրաստվել հաջորդ շաբաթ Եվրոպա զորակազմ ուղարկելուն» (խոսքն արդեն ընթացիկ շաբաթվա մասին է Ա.Հ.), որպեսզի Լոնդոնը կարողանա «աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ցամաքում, ծովում և օդում»։ Հավելենք, որ 140 բրիտանացի զինվորականներ էլ այժմ գտնվում են Լեհաստանում: Լոնդոնը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի նաև մյուս դաշնակիցներին։

«Միասին (նկատի ունի նաև ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին.- Ա.Հ.) կոչ ենք անում Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ` հիմնվելով ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքների վրա»,- գրել է Թրասը:

Արևմտյան բազմաթիվ պետությունների քաղաքական պատասխանատուների անբարոյականությունը վաղուց այլևս չի զարմացնում, նույնը կարելի է ասել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առնչությամբ, քանի որ Ռուսաստանը Դոնբասի հարցում հենց այդ սկզբունքների վրա է հիմնվել ու հիմնված, իսկ այդ կոչը հենց իրենց` Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին պետք է ուղղված լինի: Այդ նրանք է, որ արհամարհում են Դոնբասի բնակչության ազատությունը, ներկայիս արևմտահպատակ Ուկրաինայից ազատ և անկախ ապրելու, ինքնորոշման իրավունքը… Գուցե նրանց մարդ չե՞ն համարում, դա՞ է պատճառը…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։ Ինչպես արդեն նշել ենք, հունվարի սկզբի դրությամբ Ուկրաինան իր զորքի կեսը` շուրջ 125 000 զինծառայող, արդեն կենտրոնացրել է Դոնբասի սահմանների մոտ:

Ռուսաստանը նույնպես զորք է կենտրոնացրել Ուկրաինային սահմանակից տարածքներում (ըստ որոշ ԶԼՄ-ների, խոսքը 100 000-ի մասին է), կատարվում են ակտիվ տեղաշարժեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, մոտ տասը հազար զինծառայող մասնակցում է ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող շրջաններում՝ Սմոլենսկի, Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերում հունվարի 11-ից սկսված զորավարժություններին: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման համապատկերին ռուսական զորքերը բելառուսական բանակի հետ մասնակցելու են փետրվարի 10-20-ը նախատեսված «Դաշնակցային վճռականություն» համատեղ զորավարժություններին։

Բացի վերոնշյալից, Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է իրականացնում Համաշխարհային օվկիանոսում: Մասնավորապես փետրվարի 3-8-ը զորավարժություններ են անցկացվելու Ատլանտյան օվկիանոսի հյուսիս- արևելքում: Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի ղեկավարությամբ այդ զորավարժություններին, ըստ պաշտոնական տեղեկությունների, մասնակցելու են ավելի քան 140 ռազմանավ և օժանդակ նավեր, ավելի քան 60 ինքնաթիռ, 1000 միավոր ռազմական տեխնիկա և մոտ 10000 զինվորական։

Նշված զորավարժությունների հիմնական խնդիրներից են «Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում ռազմածովային ներկայության ապահովումը և սուրբ Անդրեասի դրոշի ցուցադրումը»։ Կանցկացվեն հակաօդային և հակասուզանավային պաշտպանության փորձարկումներ, ինչպես նաև պայմանական թշնամու հայտնաբերման վարժանքներ։  Բացի վերոնշյալից, ՌԴ ռազմածովային ուժերի մանևրներ են նախատեսված Խաղաղ օվկիանոսում, ինչպես նաև Միջերկրական ծովում, Հյուսիսային ծովում և Օխոտի ծովում:

Ուշագրավ է, որ այս ամենը լինելու է փետրվարի ընթացքում, այսինքն` այս ամսվա ընթացքում Արևմուտք (գումարած` Ուկրաինա)- Ռուսաստան լարվածությունն իր բարձրակետի վրա է լինելու: Պատահակա՞ն են այս համընկնումները: Ո՛չ: Կարծում ենք, իրավիճակը բավական լուրջ է, ավելին` խիստ լարված ու վտանգավոր, ու նշված փաստերը դրա վկայությունն են: Այսինքն` այս գնահատականը միայն մերը չէ, այն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ նրա որոշ դաշնակիցների, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքական ու ռազմական ղեկավարների բազմաթիվ հայտարարություններից և գործողություններից:

Ինչի՞ մասին է հուշում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում ոչ միայն իր զինված ուժերի համար նախատեսված զենքերը, զինամթերքը, ռազմական տեխնիկան, այլև Աֆղանստանի համար նախատեսված ու հայտնի հանգամանքների բերումով այնտեղ չուղարկվածը:

Ինչի՞ մասին է հուշում այն փաստը նաև, որ Ուկրաինան 100 000 միավոր ռազմական հանդերձանք է խնդրել Գերմանիայից, բայց Գերմանիան զգուշանալով, որ տվյալ խնդրանքի կատարումը հատկապես ռուս- ուկրաինական պատերազմի բռնկման դեպքում կարող է իր վրա շատ թանկ նստել Ռուսաստանի համապատասխան վերաբերմունքի առումով (ձմռանը գազամատակարարման դադարեցում և այլն…), ուկրաինացի զինծառայողների համար ընդամենը 5000 սաղավարտ է ուղարկել, բացի այդ, մերձբալթյան հանրապետություններից մեկին արգելել է իր արտադրած հրանոթները փոխանցել Ուկրաինա:

Հարկ է ուշադրություն դարձնել, որ Գերմանիան, համենայն դեպս, մինչ այժմ, այսպես է վարվել` չնայած այն հանգամանքին, որ տուժում է մյուս կողմից` ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների: Գերմանիան իր զսպվածության պատճառով վարկաբեկվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի, եվրոպական որոշ կազմակերպությունների ղեկավար շրջանակներում՝ այնտեղ ձեռք բերելով «անվստահելի գործընկերոջ» համբավ: Ըստ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Էմիլի Հաբերի, Գերմանիայի կառավարությունը Կոնգրեսում դիտարկում են որպես «պատժամիջոցների արգելակ»:

Եթե ռուս-ուկրաինական պատերազմի վտանգ չլիներ, ավելին` բարձր չլիներ այդ պատերազմի հավանականությունը, ապա Գերմանիան Մերձբալթիկայից հրանոթների փոխանցումը չէր արգելի, չէր մերժի զենքի, ռազմական հանդերձանքի մատակարարման իրեն ուղղված Ուկրաինայի խնդրանքը: Այս հրապարակմամբ անդրադարձանք հիմնականում ռազմական ոլորտում կողմերի կատարած ու նախատեսած քայլերին, իսկ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, քարոզչական ոլորտներում հիբրիդային պատերազմն արդեն սկսված է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան