2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 15

Սկիզբը` այստեղ 

Ուրեմն պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։ Այս հարցին կպատասխանեի ճիշտ այնպես, ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է պատասխանել խորհրդարանին ուղղված ուղերձում, միայն թե «Բելառուս» բառի փոխարեն կասեի կամ կգրեի «Հայաստան»: Ահա թե ինչ է ասել նա.

«Ուրեմն պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։ Այո, կլինի, բայց միայն երկու դեպքում:

Առաջին տարբերակը` եթե Բելառուսի դեմ ուղղակի ագրեսիա իրականացվի և թեժ պատերազմ սանձազերծվի…

«Եվ երկրորդ պահը` երբ պատերազմ լինի, և Բելառուսը դրանում մասնակցի, եթե մեր դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, անմիջական հարձակման ենթարկվի, և նույն ագրեսիան իրականացվի Ռուսաստանի Դաշնության տարածքի նկատմամբ»:

Հայաստանի պարագայում մի այլ կարևոր հանգամանք էլ կա. բացի ՌԴ-ի հետ փոխադարձ պարտավորություններ ու պարտականություններ ունենալուց, ինչը նշանակում է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում դրանում նաև Հայաստանի ներգրավվածություն, այլ վերլուծաբանների թվում նույնպես համոզված եմ, որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան այստեղ հարձակման են անցնելու, և այդ պատերազմը լինելու է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև Ռուսաստանի դեմ: Դա նշանակում է, որ պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի կողմից Ուկրաինայի և թուրք- ադրբեջանական տանդեմի միջոցով Ռուսաստանի դեմ միաժամանակ երկու ճակատ կբացվի հեռահար նպատակով…

Իսկ փո՞քր, թե մեծ է հնարավորությունը ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի, եթե Ռուսաստանը չունի այդ նպատակը, փորձում է խուսափել դրանից, բայց այն ծրագրել ու փորձում են իրականություն դարձնել ԱՄՆ-ը, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն, նույնիսկ արդեն ժամկետն են նախանշել: Պատկերացնելու համար իրավիճակի լրջությունը, ուշադրություն դարձնենք, թե էլ ինչ է ասել Լուկաշենկոն նույն ուղերձում: Նրա խոսքով` եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրապետության անկախությունը:

Վերոնշյալ ուղերձից առաջ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի հետ հանդիպմանը Լուկաշենկոն հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Բելառուսի գեներալներից, զորքերի հրամանատարներից որևէ մեկը չէր ցանկանա որևէ պատերազմ, բայց միաժամանակ անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի՝ հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի սկզբի փորձը: Նրա խոսքով՝ Բելառուսը կցանկանար հետաձգել հակամարտությունը և պատրաստվել պատերազմի։

«Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Բելառուսի նախագահը և կոչ արել ըմբռնել, որ խնդիրն իրենց մեջ չէ, այսինքն` Բելառուսում և Ռուսաստանում չէ, որ պատերազմի ցանկություն կա, ինչպես և այդ ցանկությունը չկար 1812 թվականի Հայրենական պատերազմում, Առաջին համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում:

Ավելի վաղ, հունվարի 17-ին Լուկաշենկոն հայտնել էր, որ ավելի քան 30 000 զինծառայող, ռազմական տեխնիկա և սպառազինություն է կենտրոնացված Բելառուսի սահմանների մոտ, Լեհաստանում և Բալթյան երկրներում: Բելառուսի նախագահը հայտարարել էր նաև, որ ուկրաինական զորքերը ձգվում են դեպի երկրների սահմանը։

«Մենք մեր կողմից բազմիցս հայտարարել ենք, որ մեր երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա,- երեկ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։- Մենք անընդունելի ենք համարում անգամ մեր ժողովուրդների միջև պատերազմի գաղափարը»:

Սակայն, շարունակել է Զայցևը, «Ուկրաինայի արտասահմանյան կուրատորները»‰ այս հարցում այլ կարծիքի են, «Կարծես թե նրանք մտադիր են հաստատակամորեն հավատարիմ մնալ իրենց հորինած սցենարին, ըստ որի Ռուսաստանը պետք է հարձակվի Ուկրաինայի վրա՝ իր դեմ հանելով ողջ արևմտյան աշխարհը, և փորձում են անել հնարավորը դա կյանքի կոչելու համար»:

Հիշյալ վարչության փոխտնօրենի հավաստմամբ, եթե ​​ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում, Արևմուտքը սկսում է սրել իրավիճակը, «Եվ ավելի բարձր են բղավում առասպելական ռուսական սպառնալիքի մասին, նույնիսկ նշելով Ուկրաինայի վրա ռուսական հարձակման իրենց նախատեսած ժամանակը` այս պահից մինչև փետրվարի կեսերը»:

Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն է ասել, թե Ռուսաստանը մինչև փետրվարի կեսերը ագրեսիա է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանը կեղծ դրոշի ներքո ռազմական սադրանք է նախապատրաստում, որպեսզի պատրվակ ունենա հարևան երկիր ներխուժելու համար։ Կրեմլը հերքել է այս մեղադրանքը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն, իր հերթին, ասել է, որ Արևմուտքը ձգտում է «իրական սադրանքի», որպեսզի «Կիևի ռեժիմը ներխուժի Դոնբասում ռազմական գործողության կամ այլ կերպ ամբողջությամբ թաղի մինսկյան պայմանավորվածությունները»:

«ԱՄՆ-ն Կիևին մղում է Ռուսաստանի դեմ սադրանքների»,- օրերս հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Եթե Կիևը նույնիսկ հրաժարվի այդ քայլին գնալ, կամ, առանց հրաժարվելու, ուղղակի չգնա, ապա կասկածից գրեթե դուրս է, որ սադրանքը կիրականացվի, ասենք, ամերիկյան, բրիտանական կամ լեհական զինծառայողների, հատուկ ջոկատայինների կամ հատուկ ծառայությունների միջոցով: Դրա համար բավական է Դոնեցկի կամ Լուգանսկի կողմից փոքր-ինչ թեժ կրակ բացել ուկրաինական դիրքերի ուղղությամբ կամ հակառակը, Դոնբասում լայնածավալ պատերազմի սանձազերծումից հետո կարելի է համարել, որ դրանում Ռուսաստանի ներքաշումը երաշխավորված է: Ի դեպ, բացառված չէ նաև Ուկրաինայի տարածքից օտարերկրյա ուժերի սադրանքը հենց Ռուսաստանի` Ղրիմի կամ մեկ այլ ուղղությամբ:

Որքան էլ անհավատալի թվա, Լավրովի ասածը, որ ԱՄՆ-ն Կիևին մղում է Ռուսաստանի դեմ սադրանքների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երեկվա հեռախոսազրույցում անուղղակիորեն հաստատել է հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Ինչպես ասել է Ուկրաինայի նախագահը, խոսակցությունը «երկար» է եղել։ Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին «մշտական ​​ռազմական օգնության համար», «Քննարկվել են նաև Ուկրաինային ֆինանսական աջակցության հնարավորությունները», բայց վերոնշյալի առումով ամենակարևորը սա չէ: CNN-ը, հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրի վրա, հայտնել է, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցը «անցել է ոչ այնքան լավ», նրանց միջև տարաձայնություններ են ծագել Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր «ներխուժման» գնահատականի շուրջ։ Բայդենը դա համարում է «ակնհայտ հնարավորություն», սակայն Զելենսկին սպառնալիքն անվանել է «ոչ միանշանակ»։

Ըստ նույն աղբյուրի, զրույցի ընթացքում, որն անվանվել է «Երկար և անկեղծ», Բայդենը նախազգուշացրել է իր ուկրաինացի գործընկերոջը, որ Ռուսաստանի հարձակումը կարող է անխուսափելի լինել, երբ հողը փետրվարին սառչի (նկատի ունի ճանապարհներից դուրս, ցեխոտ, ձյունապատ վայրերում տեղանքի անցանելի դառնալը բեռնատարների և անվավոր զրահատեխնիկայի համար): Զելենսկին վերահաստատել է իր դիրքորոշումը Ռուսաստանի կողմից «վտանգավոր, բայց ոչ միանշանակ‰ սպառնալիքի վերաբերյալ և հայտարարել, որ վստահություն չկա, որ հարձակումը տեղի կունենա»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Հունվարի 25-ին Ուկրաինա է ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնության փաթեթի երրորդ մասը։ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան են հասցվել 79 տոննա բեռներ, այդ թվում՝ 300 հատ «Javelin» դյուրաշարժ հակատանկային հրթիռային համալիրներ: Լրացուցիչ ռազմական օգնության շրջանակում ԱՄՆ-ն Ուկրաինա, ընդհանուր առմամբ, առաքելու 200 մլն դոլարի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր նույնպես այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին ու Ուկրաինային մղել ռազմական հակամարտության։ Ուկրաինայի հետ պատերազմի մերժման մասին այսօր խոսել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, պատերազմ չի լինի»,- ասել է նա և միաժամանակ զգուշացրել, որ Ռուսաստանը Արևմուտքին թույլ չի տա «կոպտորեն հարձակվել իր շահերի վրա»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան