Ի՞նչ է մոռացել Թեհրանում Թուրքիայի և Իսրայելի գործակալը

Զաքիր Հասանովը՝ «կովկասի-թաթարստանի» «պաշտպանության նախարարը» (իսկ իրականում՝ թուրք գեներալների կրտսեր ենթական), հունվարի 25-ին որոշեց «պաշտոնական այց» կատարել․.. դեպի Իրան: Հաղորդագրությունը հունվարի 24-ին լայնորեն տարածվել է «կովկասի-թաթարստանի» ԶԼՄ-ների կողմից և… ըստ երևույթին, կրկին Անդրկովկասը կանգնած է մեծ անախորժությունների շեմին…

Այս լուրի աղբյուրը պաշտոնական է։ Զաքիր Հասանովը հունվարի 25-ին կայցելի Իրան՝ վկայակոչելով Իրանում Բաքվի ռեժիմի դեսպան Ալի Ալիզադեի «Թվիթերի» իր միկրոբլոգի հաղորդագրությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Մենք ակնկալում ենք Հասանովի պաշտոնական այցը Իրան՝ հունվարի 25-ին։ 2022 թ․ լավ սկիզբ է»,- գրել է Ալիզադեն։ Նա նաև նշել է, որ իրականում տեղի է ունենում «պատվիրակությունների փոխանակում». հունվարի 24-ին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը սկսել է այցը Բաքու։ Նաև իմաստ ունի հիշեցնել, որ օրերս Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը. նույն դեսպան Ալիզադեն Թեհրանում հանդիպել է Իրանի Զինված ուժերի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ- մայոր Մոհամադ Աշտիանիի հետ: Քննարկումների մանրամասներն անհայտ են, բայց այն, որ Հասանովը մեկնում էր Իրան, և որ ամենակարևորը՝ իրեն համաձայնեցին ընդունել (չնայած 2020-21 թթ., դատելով մի շարք անուղղակի փաստերից, այդ անձը, կարծես թե եղել է պերսոնա նոն գրատա Թեհրանի համար…), կարող է վկայել ինչ-որ գործընթացների մասին: Ուշադրություն դարձնենք. Հասանովն Իրան է գնացել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի Ռուսաստան կատարած բավականին հաջող և համաշխարհային մասշտաբով լուսաբանված  այցից և Մոսկվայում նրա բազմակողմ երկխոսություններից ու բանակցություններից հետո։ Նաև՝  Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի երկրորդ եռակողմ համատեղ ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում արդեն մնացին հետևում…

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, համենայնդեպս, «կովկասի-թաթարստանի», Հայաստանի և Ռուսաստանի լրատվամիջոցների կողմից։ Մենք հիմնավորում ենք փնտրում Զ. Հասանովի նման հապճեպ ուղևորության համար դեպի Թեհրան, բայց չենք գտնում։ Հունվարի 20-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Էրոնին, խոսելով Եվրասիական երեք տերությունների համատեղ ռազմածովային զորավարժությունների մասին, հայտարարեց. «Այսօր Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համակարգումն ու փոխգործակցությունը Իրանի ռազմածովային ուժերի հետ գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»: Իսկ հունվարի 22-ին նա, ինչպես հաղորդում է Fars News-ը, ասել է. «Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը ապահովում են ծովային անվտանգությունը՝ անկախ արևմտյան դաշինքներից»։ Տրամաբանական հարց է ծագում՝ իրանցիները, ռուսները և չինացիները երկու անգամ չեն «հրավիրել», չեն «կանչել» Թուրքիային «Ծովային անվտանգության գոտի» իրենց համատեղ զորավարժություններին (2019 և 2022 թթ.) մասնակցելու համար։ Ավելին, իրանցիները կոշտ արձագանքեցին 2021 թվականին Կասպից ծովում թուրքերի «հայտնությանը» և սկզբունքորեն ստիպեցին Ռուսաստանին համաձայնել, որ Կասպից ծովում թուրքերի ներկայությունը հենց նշանակում է «ոչ տարածաշրջանային երկրների ռազմական ներթափանցում Կասպից ծովի ավազանում», ինչն արգելված է Կասպիական կոնվենցիայի մասնակից երկրներին:  Համարժեք էր նաև Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) վերաբերմունքը Բաքվի ցանկացած զինյալի նկատմամբ. խնդիրը ոչ թե Զ. Հասանովի անձի հետ է կապված, այլ խնդիրն այն է, որ Իրանը ողջամտորեն և օրինաչափորեն չի ձգտել ընդլայնել իրավահավասար խոսակցությունը Բաքվի ներկայացուցիչների հետ, որոնց Թեհրանը ողջամտորեն համարել և համարում է Արևմուտքի (այսինքն՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, հետևաբար՝ Թուրքիայի) և Իսրայելի «խոսնակ»։ Միևնույն ժամանակ, Իրանը երբեք չի մոռանում Թուրքիայի և Իսրայելի կողմից Բաքվի այնպիսի կառույցների «օկուպացիայի» մասին, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը և պետական ​​անվտանգության նախարարությունը։

Հունվարի 23-24-ին տողերիս հեղինակը մոնիտորինգ է իրականացրել իրանական բոլոր առաջատար լրատվամիջոցների շրջանում։ Պարզվեց, որ Իրանի կարևորագույն լրատվամիջոցներից և ոչ մեկը գործնականում չի հայտարարել Զ. Հասանովի Թեհրան այց կատարելու մասին։ Այս հանգամանքը ստիպում է մտածել, որ Իրանում հակված են Զ. Հասանովի (այսինքն՝ «կովկասի-թաթարստանի» ՊՆ-ի հետ) կապերի մասին հրապարակավ հայտարարել միայն բանակցությունների արդյունքներից հետո։ Իրանական կողմը հայտնի է իր զգուշավորությամբ, զգոնությամբ, դանդաղկոտությամբ, բայց միևնույն ժամանակ՝ մանրակրկիտությամբ և թշնամիների նկատմամբ անզիջողականությամբ։ Եվ այսօր բոլոր «զաքիրհասանովները», նույնիսկ եթե ոչ բացահայտ, համարվում են Թեհրանում Արևմուտքի և Իսրայելի գործակալներ, քանի որ Թուրքիայի ամենաբարձրաստիճան զինվորականները լիովին վերահսկում և ղեկավարում են Բաքվի պաշտպանության նախարարությունը, իսկ «Մոսադի» սպաները պարզապես, կարելի է ասել, «հրապարակայնորեն աշխատում են» Բաքվի պետ​​անվտանգության նախարարությունում։ «Մոսադի» տնօրեն Յոսի Քոհենը դա անձամբ բարձրաձայն խոստովանել է դեռ 2016 թվականին, չնայած՝ 2021 թվականից նա տեղափոխվել է «նախկինների» կատեգորիա։ Բայց նրա «թոշակի անցնելու» փաստը չի նվազեցնում նրա խոստովանությունների արժեքն ու նշանակությունը (տե՛ս https://eadaily.com/ru/news/2016/12/11/glava-mossada-izrail-i-azerbaydzhan-zaklyuchat. -dogovor-o-bezopasnosti), և իր հիմնական արտահայտությունը մնում է արդիական. «Ադրբեջանի անվտանգության պաշտոնյաների հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ «Մոսադը» կհամագործակցի այս երկրի հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, հեղաշրջման կանխման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման ոլորտում։ Այս առումով կողմերը պայմանավորվել են, որ Բաքվում ներկա են «Մոսադի» մի շարք փորձառու սպաներ»։

Յոսի Քոհենի համեստությունը հասկանալի է. դե հո չէր կարող «եթերում» խոստովանել, որ իսրայելական հատուկ ծառայությունները պարզապես կովկասյան թաթարների փոխարեն ծրագրում են (կամ իրենք են մասնակցում իրականացմանը) հատուկ ռազմական գործողություններ, օրինակ՝ Արցախի Հանրապետության հայության դեմ, և ոչ թե Իրանի դեմ, որը բավականաչափ (և ամբողջությամբ ինքնուրույն) ապահովեց Իսրայելի ոտնձգություններից՝ իր սահմանների և ներքաղաքական մթնոլորտի անվտանգության որոշակի ​​մակարդակ։

Եվ, այնուամենայնիվ. ի՞նչ է մոռացել թուրքերի և իսրայելցիների գործակալը Իրանում 2022 թվականի հունվարին։ Այս հարցի պատասխանը տեսանելի և շոշափելի չէ։ Վարկածներից մեկն այն է, որ տերերը նրան ուղարկել են Թեհրան, որպեսզի կոնկրետ այս գործակալը «սակարկություն» առաջարկի Իրանին, հաշվի առնելով, թե որքան կտրուկ է տրամադրված Թեհրանը, օրինակ, «խելացի քաղաքների և գյուղերի» դեմ, որոնք Իսրայելը պարտավորվել էր կառուցել Ալիևների կլանի համար Իրանի հետ այն սահմանամերձ գոտիում, որը մինչև վերջերս Արցախի Հանրապետության տարածքն էր…

Սերգեյ Շաքարյանց