Հայաստանին անհրաժեշտ են նոր մեխանիզմներ՝ նոր պատերազմում հաղթելու համար. Հայկ Չոբանյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր նոր ռազմավարության մեջ հիմնական ուղղություններից մեկը համարել է ռազմաարդյունաբերության զարգացումը։  Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ ներուժ կա, ուստի պետք է հաղթահարել դժվարությունները, խոչընդոտները և առանց կանգն առնելու առաջ գնալ։ «Մենք պետք է մեր սեփական անվտանգային համակարգը ստեղծենք մեր մտքով, մեր գիտելիքով։ Հայաստանին անհրաժեշտ են նոր մեխանիզմներ՝ նոր պատերազմում հաղթելու համար»,- ընդգծեց նա։

ԱՏՁՄ գործադիր տնօրենը հայտնեց, որ այդ նպատակով ԱՏՁՄ-ն նախաձեռնել է  տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։ Հայկ Չոբանյանի կարծիքով, մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այն արձանագրած հաջողությունները, որոնք այս ընթացքում գրանցվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Նա կարևորեց նաև կրթական համակարգում իրականացվող ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես «Արմաթ» լաբորատորիաների գործունեությունը։ Միության գործադիր տնօրենը նշեց, որ բացի դրանից կրթական համակարգում ներդրել են մի շարք այլ ծրագրեր, որոնք այսօր հաջողությամբ իրականացվում են։

«Մենք պետք է դիրքավորվենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա, պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք Հայաստանի սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,– ընդգծեց Հայկ Չոբանյանը։