Թուրքիայի բնակչությունը ՀՀ-ում օգտվելու է շատ ծառայություններից․ Խ․Սուքիասյան

Մենք ունենք տարածաշրջան և հարևաններ, որոնց ՀՆԱ-ի և նրանց տարբեր միջազգային կազմակերպություններում լինելու, նրանց ուժից, հնարավորություններից բխելով պետք է մտածենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին:

«Եթե մենք պետք է անցնենք սոցկայքերում անձնական գրառումների մակարդակի, մենք չենք կարող Հայաստանը սահուն կերպով այլ հարթակ տեղափոխել: Ռիսկեր ցանկացած գործընթացում կա: Այստեղից եթե Սևան գնաք մեքենայով, այդտեղ էլ ռիսկ կա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կարող է Թուրքիան տնտեսապես գրավել Հայաստանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես այստեղ կուզեմ մի քանի հարթակ դիտել. Նախ այն հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ հիմա Թուրքիայի պետությունն է, և տասնյակ հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրել, ես որքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ հայերը այստեղ տնտեսապես շատ լավ են իրենց զգում: Երկրորդ, մեր սահմաններից այն կողմ, Ղարս և այլ տարածքներում մինչև 200 կմ, այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ում: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Նկատի ունեմ տոմոգրաֆիայի և այլ սարքերը: Այդ դեպքում մեր բժիշկները բավական լավ կրթություն ունեն և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից նաև Երևանից օգտվեն: Մենք էլ օգտվելու ենք ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»:

Լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվո՞ւմ են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց. «Ձեզ էլ են սպանել, անգլիացիներն էլ ֆրանսիացիներին են սպանել, նրանք էլ՝ գերմանացիներին, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։

Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան բարեկեցիկ կյանք, դրա համար ֆորմուլաներ կան՝ իրողության ֆորմուլաները, ոչ թե պետք է գնամ մի զարգացած երկրի ֆորմուլա բերեմ ու ասեմ, թե սա պետք է լինի: Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք նույնպես պետք է օգտվենք, մեր հարևանները նույնպես: Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները»,- ասաց պատգամավորը։