Արցախից բռնագաղթածների աջակցության ծրագրում որոշակի չարաշահումներ են եղել. Մեսրոպ Առաքելյան

«Արցախից բռնագաղթածներին 300 հազար դրամի աջակցություն հատկացնելու ծրագրով որոշակի չարաշահումներ եղել են, որը նաև Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարությունն էր բացահայտել և Արցախի իրավապահ մարմինները նույնպես զբաղվել են  դրանով»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում նախկինում բնակվող անձանց տրամադրվել էր միանվագ աջակցություն 300 հազար դրամի չափով և այն ստանալու չափանիշն այն էր եղել, որ այդ քաղաքացիները պետք է հաշվառված լինեին և վերջին 3 ամսում փաստացի բնակվեին Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում:

Առաքելյանը հայտնեց, որ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում էին գյուղապետները և խոսքը 36-38 հազար քաղաքացիների մասին է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը հայտնեց, որ իրենց կողմից նույնպես ստուգումներ էինք անցկացվում, այլ բազաների հետ էին համեմատվում և պարզել էին, որ կային շահառուներ, որոնք այդ ընթացքում գրանցված են եղել և աշխատել էին Հայաստանի Հանրապետությունում, օրիկնակ՝ դպրոցում:

Նրա խոսքով՝ անճշտությունները վերաբերում էին մի քանի տասնյակ մարդկանց, որոնց տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել էր Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Պատասխանելով քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ Առաքելյանը նշեց, որ գումարը հատկացնելուց հետո վերահսկողություն է իրականացվել, քանի որ շատ գյուղեր բռնազավթվելուց հետո փաստացի բազաներ էլ չեն եղել և գյուղապետները ցուցակները հիշելով էին ներկայացրել: