Փետրվարի 1-ից Նորքի ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը վերակառուցում են. ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. ԱՆ

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության  մեջ:

Ավելի վաղ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել և ասել՝ ազատման դիմում գրեք: Խոսքը մայրապետների ու բուժքույրերի մասին է:

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը Ինֆեկցիոն կենտրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Առողջապահության նախարարությունն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը տեղափոխվելու է այնտեղ աշխատելու:

«Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչև որ շենքը վերապրոֆիլվորվի, հասկանան և վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք»,- ասաց Սարգսյանը:

Աշխատակիցների հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց ստիպում ազատվել իրենց դիմումի համաձայն, փոխտնօրենը պատասխանեց, որ այդ հարցը կճշտի իրավաբանի հետ, ինքը տեղյակ չէ: