«Հեղափոխական» արկածախնդիրները ԱՊՀ-ում և գերմանական «չորրորդ Ռեյխը»

Շարունակում ենք խոսել իրավիճակի մոտալուտ սրման մասին։ Օրինակ՝ Ղազախստանը կգոյատևի, թե ոչ, մեզ չի հետաքրքրում։ Երբ մեր թշնամիների ընկերների ու դաշնակիցների «տանը կրակ է վառում», մենք չենք տխրում։ Կարելի է ցանկանալ, որ նրանք «վառվեն պանթուրքիզմի բոցերի մեջ». հիշեք, թե Ղազախստանն ինչ ուրախությամբ «շնորհավորեց հաղթանակը» կովկասյան թաթարներին և Թուրքիային։

Բայց այստեղ հարցը պարզապես միտումի մեջ է՝ ոչ ոք չհասկացավ՝ «ինչո՞ւ է Ղազախստանում» հերթական «փողոցային հեղափոխությունը» կամ պետական ​​հեղաշրջումը։ Բացատրենք. միայն միջինասիական այս հանրապետությունում թուրքերի տոկոսը շատ չի գերազանցում սլավոններին և ռուսախոսներին։ Մենք չենք կարող կիսել անմեղսունակների հայտարարությունները, որոնք ասում են՝ ի՞նչ տարբերություն։ «Ինչ-որ մեկը նավակ է ճոճում» Ղազախստանում, և տարբերություն չկա՝ սրանք «Թալիբանի բանագնացներ» են հարավից (Աֆղանստանից և Պակիստանից), թե «Սորոսի հիմնադրամի» կողմից աջակցվող տեղական «ստրուկ ծառաներ»: Տարբերությունը զգալի է. «Սորոսի հիմնադրամները» պայքարում են կործանման համար, իսկ, ահա՝ թալիբների բանագնացները, տարօրինակ կերպով, «ստեղծման» համար են պայքարում, պարզապես՝ ընդգծված իսլամիստական-ֆունդամենտալիստական ​​ուղղվածությամբ, սուննի բովանդակությամբ ինչ-որ -էմիրաթ ստեղծելու համար: Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ արդեն գրել են. ասում են՝ ղազախ «հեղափոխականների» թիկունքում կանգնած է օլիգարխ, Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար, վտարանդի ամենամեծ սրիկա և քաղաքական գործիչ Մուխթար Աբլյազովը՝ չգրանցված «Ղազախստանի դեմոկրատական ​​կուսակցության» առաջնորդ, որը ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։ Այսինքն՝ Արևմուտքում։ Դե, ամեն ինչ գրեթե դասական է. այստեղ մտքիս են գալիս բազմաչարչար ու արդեն ավերված Հարավսլավիան, Վրաստանը, ինչպես նաև Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան, և առավել ևս՝ մեր Հայաստանը։ Ամենուր «փողոցային հեղափոխությունների» հետևում կանգնած էին մեծահարուստ օլիգարխներն ու նրանց արևմտյան «տերերը»։

Ընդ որում, Արևմուտքը գիտի, որ Աբլյազովը ստախոս է և հանցագործ։ 2012 թվականի փետրվարին բրիտանացի դատավոր Թիրը վճռեց, որ նա «բազմիցս կոպիտ խախտումներ է թույլ տվել» և հեռակա կարգով նրան դատապարտել 22 ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Երկարատև դատական ​​գործընթացների ընթացքում Թիրը Աբլյազովին նկարագրեց որպես «երդվյալ ստախոս և ամբարտավան»։ Երկրորդ դատավորը՝ լորդ Ջասթիս Քեյը ասել է. «Դժվար է պատկերացնել կոմերցիոն դատավարության մասնակցին, որն ավելի ցինիզմով, պատեհապաշտությամբ և խաբեությամբ է վարվել դատարանի որոշումների առնչությամբ, քան պարոն Աբլյազովը»: Աբլյազովը չէր ներկայացել դատարան՝ լսելու այս դատավճիռը, ինչպես գրում էր «Times» թերթը, «քանի որ երկու օր առաջ նա ավտոբուսով Մեծ Բրիտանիայից փախել էր Ֆրանսիա Վիկտորիա կայարանից»։ Բայց չէ՞ որ Երևանում նմանատիպ ստախոս, արկածախնդիր, հանցագործ ու ամբարտավան ղեկավարում էր ու ղեկավարում է «փողոցային հեղափոխականներին»։ Այսպիսով, այս գործոնը նույնն է՝ ամբողջությամբ համընկնում է: Ինչպես տեսնում ենք, արևմտյան «տերերը» նախ «ուսումնասիրում են հիվանդին», բացահայտում «թույլ կետերը» իրենց բնավորության և կենսագրության մեջ, ապա հավաքագրում և… բաց թողում շների ոհմակի պես՝ իրենց իսկ երկրների դեմ…

Ի դեպ, առաջին անգամ, երբ 1999-ի հոկտեմբերին Աբլյազովը ազատվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից, և նա հետախուզման մեջ էր՝ դրամական միջոցների յուրացման, եկամուտները թաքցնելու, կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու,  պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, ապա 2002 թվականին դատարանի դատավճիռը խիստ էր՝ 6 տարի ազատազրկում։ Բայց գործարարը մեկ տարուց էլ քիչ է անցկացրել բանտում, որից հետո Ղազախստանի նախագահի կողմից ներում է շնորհվել։ «Հանցանք և պատիժ» սյունակում Աբլյազովի և Փաշինյանի կենսագրությունները գեղեցիկ զուգադիպություն չե՞ն, չնայած վերջինս «չի նշվել» որպես օլիգարխ կամ նախկին նախարար: Ի դեպ, Աբլյազլով Էֆենդին դեռ պաշտոնապես հետախուզվում է Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ղազախական բանկից 5 միլիարդ դոլար (մոտ 3,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ) յուրացնելու մեղադրանքով։

Հասկանալի է, որ շատ բան պայմանավորված է լինելու… Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումներից. արդյո՞ք Պեկինը և Մոսկվան թույլ կտան Արևմուտքին՝ մեկ այլ խամաճիկի թագավոր օծել: Սկզբում գրում ենք՝ Չինաստան, քանի որ այս տողերի հեղինակը անձամբ եղել էր Ղազախստանում 2017 թվականին և անձամբ է համոզվել, թե Պեկինը ինչ հզոր դիրքեր ունի Ղազախստանում։ Շատ ավելի հզոր, քան Մոսկվան… Առայժմ Ռուսաստանն ունի միայն մեկ, սակայն միանգամայն անկեղծ և ճշգրիտ կարծիք: Հունվարի 5-ին դա արտահայտել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, հրապարակախոս Անդրեյ Մեդվեդևը. «Արդյո՞ք արժե աջակցել իշխանություններին, որոնք տարիներ շարունակ մշակել են ղազախական «Գոլոդոմորի» թեման, որը հանգիստ հավանություն է տալիս լեզվական պարեկներին և ընդհանրապես սեղմում է ռուսաց լեզուն, որը պատմական դիցաբանություն է կառուցում` հիմնված ռուս-կայսերական-խորհրդային օկուպացիայի դեմ հերոսական պայքարի պատմության վրա: Մյուս կողմից՝ արժե՞ աջակցել այս գաղափարախոսությամբ դաստիարակված ցուցարարներին և նրանց առաջնորդներին, ովքեր այս կամ այն ​​չափով կիսում են այս գաղափարախոսությունը [այսինքն՝ պանթուրքիստներ]։ Գլոբալ առումով, Ղազախստանի էլիտար խմբերից ոչ մեկում մենք չունենք անհրաժեշտ ազդեցություն։ Հետևաբար, թող դա ինքները լուծեն: Առանց մեզ։ Թե չէ՝ հետո նորից կպարզվի, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում մենք ենք մեղավոր ամեն ինչում»։

Դիրքորոշումն ազնիվ է ու կոշտ և համապատասխանում է իրականությանը, որքան էլ ղազախական թուրքերը տարիներ շարունակ կրկնեն, թե իբր Ղազախստանում «ռուսների հետ ամեն ինչ լավ է», և ռուսատյացություն չկա։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պարզապես չեն կարողանա հետ քաշվել, ինչպես եղավ Բելառուսի դեպքում։ Ղազախստանում, ի վերջո, բնակչության ավելի քան 40%-ը ռուսներ և ռուսալեզու քաղաքացիներ են։ Բայց աշխարհում իրավիճակի սրման էությունը միայն Ղազախստանը չէ։ Գերմանիայում աճում են հակառուսական տրամադրություններն ու կոչերը: Հունվարի 5-ին WAZ-ին տված հարցազրույցում Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) ներկայացուցիչ Յուրգեն Հարդը ասել է. «Ռուսաստանի պատճառով գերմանական կառավարության «կարերը պատռվում են»: Մի քանի շաբաթ անց կոալիցիայի արտաքին և անվտանգության քաղաքականությունը ճեղքեր է ցույց տալիս»։ Պատգամավոր Հարդը վստահ է, որ մեղավորը ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք 2» գազային նախագիծն է։ «Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում նույնպես տարբեր դիրքորոշումներ են նկատվում»,- ամփոփել է քաղաքական գործիչը։ Նա և մյուս պատգամավորները, որոնք ունեն նույն դիրքորոշումները, գրեթե անվերապահորեն պաշտպանում և աջակցում են ԳԴՀ արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հակառուսական ողջ հռետորաբանությանը։ Այդ թվում՝ և  ՆԱՏՕ-ին հղած «ուղերձում»․ «Պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»։ Առանձին ուսումնասիրության թեմա է այն հարցը, թե ինչպես հանկարծ անգլոսաքսերն ու Ֆրանսիան սկսեցին կրկին «Գերմանիան պատրաստել» նորագույն «Drang nach Osten»-ին։

Փաստենք, որ նախկին ԽՍՀՄ տարածքում գերիշխանության համար պատերազմը դեռ շարունակվում է, թեև «փողոցային հեղափոխությունների» միջոցով ու տեսքով։ Բայց Միջին Ասիայի և, մասնավորապես, Ղազախստանի դեպքում, Արևմուտքը, անշուշտ, կբախվի Չինաստանի կոշտ հակազդեցությանը, նույնիսկ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը նմանակեն (իմիտացիա անեն) ակտիվությունը։ Որովհետեւ Չինաստանը, ինչպես, ի դեպ, նաև մեր հարևան Իրանը, իրենց անվտանգության հետ «խաղեր» չեն ներում։

Սերգեյ Շաքարյանց