Հայ-թուրքական երկխոսությունն այս տարի կլինի ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր թեման (տեսանյութ)

LIVEnes.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք այսօր Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքներին՝ ընդհուպ մինչև նախագահի կողմից կառավարության հրաժարականի հրամանագրի ստորագրում և զուգահեռներ անցկացրինք 2018 թվականին Հայաստանում իրականացված գունավոր հեղափոխության հետ։ Ինչո՞ւ մեզ մոտ հնարավոր չեղավ ճնշել 18 թվականի իրադարձությունները, իրականում ո՞վ հեռացրեց նախկին իշխանություններին, արդյո՞ք դա ժողովրդական ընդվզման արդյունք էր։ Բաբկեն Հարությունյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը մերժեց նախկին իշխանություններին, բայց չկարողացավ տեր կանգնել այդ ձեռքբերմանը և դարձավ գործիք։

Ինչպիսի՞ն էր նախորդ տարին Հայաստանի համար։ Բաբկեն Հարությունյանն այն բնորոշեց որպես նահանջի և կորուստների տարի՝ ասելով, որ եթե անգամ շատ գործընթացներ հնարավոր չէ այլևս կանգնեցնել, ապա կարելի է գոնե դրանց ընթացքը փոխել՝ քիչ թե շատ հայանպաստ դարձնելով։ Միայն թե դրա համար պետք է այսօրվա իշխանությունը զավթած խմբակը հեռացվի։ Այդ առումով նրա կանխատեսումները լավատեսական են՝ այս տարի շատ հավանական է գարնանը Նիկոլը կհեռացվի իր իսկ տերերի կողմից։ Բայց մյուս կողմից՝ նա ավարտին կհասցնի այն բոլոր հայակործան ծրագրերը, որոնց համար բերվել է իշխանության։

Անդրադարձանք հայ-թուրքական երկխոսության վտանգներին։ Ի՞նչ զիջումների կգնա Հայաստանը կամ արդեն գնացել է Թուրքիայի հետ սահմանը բացելու և թուրքական ներդրումների համար։ Հիմնվելով Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վրա՝ հաղորդման հյուրն ասաց, որ վարչապետի աթոռը նվաճածը միանշանակ համաձայնության է եկել իր թուրքադրբեջանական գործընկերների հետ՝ Ադրբեջանի կազմում Արցախին կարգավիճակ տալու հարցում։ Զիջումներ կլինեն նաև Ցեղասպանության պահաջնատիրության հարցում, Սյունիքի տարածքում զիջումներ անելու հարցում և այլն։ Այսինքն՝ Փաշինյանը միակողմանի կընդունի Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ փորձելով վերջնականապես փակել թե Արցախի խնդիրը, թե թուրքերի հետ մեր թշնամական հարաբերությունների հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում