Այսօր մենք նույնիսկ խառը կանաչու օրինակը չենք կարող բերել. Թադևոս Ավետիսյան

«Իրականում այսօր տոտալ ու դաժան կերպով երկիրն ու տնտեսությունը տապալվում են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, նման վիճակում են նաև սոցիալական ու հանրային կյանքի մյուս ոլորտները, որոնցում շարունակում ենք պարտություններ գրանցել։

«Հիմնական պատճառները փոխառնչվող են՝ գնաճից մինչև տնտեսական անկում, գործազրկության  մակարդակի բարձրացումից, զբաղվածության կրճատումից մինչև իրական եկամուտների նվազում ու աղքատության մակարդակի աճ։ Այս բոլորն իրապես ունեն մեկ հիմնական պատճառ՝ տոտալ անպատասխանատվություն, ականջահաճո հայտարարություններ ու դրանց ճիշտ հակառակ գործողություններ ու վարքագիծ պետական կառավարման մարմինների կողմից»,- ասաց նա։

Բանախոսը հիշեցրեց երջանիկ քաղաքացի լինելու, երջանիկ ապրելու խոստումը.

«Կարևոր խոստում էր, որ նպաստից պետք է գնայինք աշխատանք, նպաստառուների թիվը կրճատվեր, զբաղվածություն ունեցողների թիվն ավելանար, սակայն 2020-ի ամփոփ տվյալներով զբաղվածների թիվը մեր երկրում 30 հազարով նվազել է։ Մոտ 10 հազար մարդ կորցրել է հույսը և այլևս աշխատանք չի փնտրում, աղքատությունը բարձրացել է 2019-ին՝ 3 տոկոսային կետով, քան 2018-ին էր, 2020-ին՝ ևս 4-5 տոկոսային կետով։ Այսպես շարունակվելու դեպքում 2021-ին ամեն երկրորդ մարդը ՀՀ-ում լինելու է աղքատ»,-ասաց նա։

«Սրան զուգահեռ աճում են գները, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սա բերում է իրական եկամուտների նվազման, աշխատող աղքատների ավելացման, և որ ամենավտանգավորն է, ծայրահեղ աղքատության ավելացման։ Գործող իշխանությունը խոստացել էր վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ այդ ցուցանիշն ավելացել է, ավելանում է, և դրա հիմնական պատճառներից մեկը գնաճն է, անվանական եկամուտների համապատասխանաբար  չաճելը»,- մանրամասնեց տնտեսագետը։

Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը՝ Թադևոս Ավետիսյանը նշեց՝ նույնսիկ օգտագործելով վիճակագրական վրձնի ողջ ներուժը այս տարվա երեք ամիսներին անվանական միջին աշխատավարձն ընդամենն աճել է 0.8 տոկոսով, մինչդեռ սննդամթերքի գներն աճել են մոտ 7.5 տոկոսով։

«Այսինքն, այդ տարբերության չափով մարդիկ կորցրել են իրական եկամուտ ու ավելի աղքատացել են»,- մանրամասնեց Ավետիսյանը՝ մեջբերելով պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն, ձեթը մեկ տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 62.2 տոկոսով, շաքարավազը՝ 41 տոկոսով, հացամթերքը՝ 10 տոկոսով, ալյուրը՝ 15 տոկոսով, յուղը՝ 25 տոկոսով, կաթնամթերքը՝ 15 տոկոսով, միրգ-բանջարեղենը՝ 10-15 տոկոսով, խառը կանաչին՝ 30 տոկոսով։

Ավետիսյանը հիշեցնում է, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր խորհրդարանում բերում էր խառը կանաչու ևսխտորի օրինակը՝ հայտարարելով, որ միայն դրանք են էժանացել։

«Ցավոք, այսօր մենք նույնիսկ խառը կանաչու օրինակը չենք կարող բերել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ գնաճը ոչ միայն շարունակվում է, այլև տեմպն է ավելանում։