Կարեն Վարդանյանի ընկերները նոր ակումբ են հիմնում. կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՏՄՁ գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընկերները որոշել են հասարակական նախաձեռնությունների ակումբ ստեղծել, որտեղ կհամախմբեն երկրում մտավոր ներուժ ունեցող անձանց և կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Ակումբի անունն է՝ «Համակարգ»։

Այստեղ հայտնի և ոչ այնքան հայտնի դեմքեր են ընդգրկվելու՝ IT, մշակույթի, կրթության ոլորտներից․ Գագիկ Գինոսյանը, երբեմնի ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և այլք։ Երեկ տեղի է ունեցել ակումբի հերթական հավաքը։

Սեդրակ Վարդանյանն ասաց՝ նպատակն է հանրային նախաձեռնություններ, տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնող մարդկանց համախմբել, որոնք անտարբեր չեն երկրում ընթացող գործընթացների նկատմամբ և չեն կարող դիտորդի կարգավիճակով հետևել, թե «ինչպես է երկիրն իներցիայով գահավիժում»։

Ճի՞շտ է, որ որոշվել է հետագայում ակումբը գրանցել որպես կուսակցություն, ասաց․ «Քննարկվել է, այո, այդ հարցը, բայց մեծամասնության կարծիքով՝ նպատակահարմար չէ, մենք պետք է այսպես ազդեցություն գործենք քաղաքական ուժերի վրա՝ լինի դա իշխող, թե ոչ իշխող, որպեսզի գործընթացներն ընթանան հայանպաստ հունով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: