Իրավիճակը լարվում է, երբ պետք է սպասել նոր պատերազմին. 2

Սկիզբը` այստեղ 

 

Старше Эдды թելեգրամյան էջը դեռ այս տարվա հունվարին արձագանքելով Կարսի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, գրեց.

«Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է դա ոմանց վրդովմունքը կամ զարմանքն առաջացրել: Եթե դուք դիտում եք (ռուսական) Առաջին ալիքը կամ Россия-24-ը, ապա, այո, խաղաղությունն ու ազգամիջյան բարեկամությունը եկել են Ղարաբաղ, բայց եթե դիտարկեք իրողությունները, ապա գլխավոր շտաբն ամեն ինչ հիանալի հասկանում է»:

Ըստ Старше Эдды-ի, Անդրկովկասում հաջորդ պատերազմում Թուրքիան նպատակ կունենա 3-րդ դաշտային բանակի ուժերով արագ ռազմերթ կատարել դեպի Երևան, ադրբեջանական բանակը` հարվածել Նախիջևանից… Այսինքն` Կարսի զորավարժությունների նպատակը օկուպացիայի նախապատրաստումն է, բայց ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է:

«Ռուսաստանը, կարծում եմ, հակամարտության դեպքում նախատեսում է հզոր հարված հասցնել Կասպից ծովի ափին՝ Ապշերոնյան թերակղզի և Բաքու ելքով և դրանց արգելափակմամբ, հետագա առաջխաղացումով Կուր գետի հովտով`Արցախի Պաշտպանության բանակի և ՌԴ ՊՆ ստորաբաժանումներին միանալու համար,- գրել էր հիշյալ թելեգրամյան էջը:- Հետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ թուրքերը Կարսի շրջանում հարձակողական գործողություններ են այժմ մշակում: Հաջորդ համատեղ զորավարժությունները լինելու են Ադրբեջանի տարածքում՝ հենց ՌԴ ԶՈւ-ի ենթադրյալ հարձակման տարածքում: Նաև՝ առափնյա պաշտպանության, հակաօդային պաշտպանության ուժերի և հակադիվերսիոն գործողությունների մշակումը:

Առավելագույն խնդիրն է գործողություններ մշակել և բարձրացնել Ադրբեջանի զինված ուժերի ներուժը մի մակարդակի, երբ նրանք կկարողանան դիմակայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարձակմանը, քանի թուրքերը ջախջախում են Հայաստանի զինված ուժերը և գրավում Երևանը: Ցանկացած այլ դեպքում պատերազմը կդադարեցվի Բաքվի և Անկարայի համար շատ բարդ պայմաններում:

Այսինքն՝ եթե հայկական զինված ուժերը և Գյումրիի 102-րդ հենակետը ավելի երկար դիմանան, քան Ադրբեջանի զինված ուժերը, թուրքական կոալիցիայի համար հետագա ռազմական գործողությունները անիմաստ կլինեն: Եվ ստիպված կլինեն զինադադար կնքել`Մոսկվայի և նույնիսկ Երևանի պայմաններով… Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության համար իրադարձությունների այս զարգացումը նույնպես շատ դժվար կլինի: Հետևաբար, այժմ կարող է կիրառվել նորաձև պրոքսի-պատերազմ՝ երկու տերությունների զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, բայց առանց պատերազմ հայտարարելու»:

Նկատի ունենանք, որ իրադարձությունների վերոնշյալ սցենարը Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի ուժերով Կարսի, հնարավոր է, նաև Մարգարայի կողմից արագ ռազմերթը դեպի Երևան, միգուցե հնարավոր լինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը Գյումրիի իր 102-րդ ռազմաբազան միայնակ թողնի, այսինքն` Վրաստանի արգելքի պատճառով չկարողանա այդ երկրի տարածքով արագորեն համալրել լրացուցիչ զորակազմով, ռազմական տեխնիկայով, զենք-զինամթերքով:

Սակայն մեծ պատերազմի դեպքում, հնարավոր է, Ռուսաստանը բոլորովին հաշվի չառնի Վրաստանի արգելքը և իրեն իրավունք վերապահի խախտել միջազգային իրավունքը, քանի որ այն իր ռազմավարական դաշնակցի վրա նախահարձակ լինելով, խախտած կլինեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը: Իր տարածքով Ռուսաստանի զինուժի տեղափոխմանը Վրաստանի դիմադրությունը, այսինքն` հարվածը տեղափոխվող ռազմական տեխնիկային և անձնակազմին, կարող է այդ երկրի համար ուղղակի ճակատագրական հետևանքներ ունենալ, խոհեմ չլինելու դեպքում Վրաստանը կարող է ոտքի տակ գնալ:

Հարկ է նաև հաշվի առնել, որ 102-րդ ռազմաբազան հագեցած է անհրաժեշտ զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով` բացառությամբ Թուրքիայի զինուժին դիմակայելու համար անհրաժեշտ ռազմական ավիացիայի, թերևս նաև  զրահատեխնիկայի քանակի, սակայն նույնիսկ Վրաստանի տարածքով անհրաժեշտ ռազմական տեխնիկան չտեղափոխելով կամ տեղափոխել չկարողանալով, Թուրքիայի ռազմական ավիացիայի առավելությունը կարող է չեզոքացնել С-400-ի ընդգրկմամբ հզոր հակաօդային պաշտպանությամբ, ինչպես նաև հեռահար «Կալիբր» թևավոր հրթիռներով Թուրքիայի համապատասխան օդանավակայաններին հարվածներ հասցնելով:

«Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  rազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:- Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակները և ռեսուրսները, որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։

Դեռևս տաս տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից ավելի ուժեղ ազգային գործիչ։ Նա՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակը Թուրքիայում, անցել է ավելի գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ և խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով»։

Եվս մեկ մեջբերում նույն գրառումից.

«Այն, որ մինչև Ադրբեջանին տիրանալը Թուրքիան փորձելու է ցամաքային կապ հաստատել այդ երկրի հետ, ակնհայտորեն տեսնում է նաև ՌԴ-ն։ Եթե մի փոքր ուշադրություն դարձրեք ՌԴ-ի զորավարժությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ այդ զորավարժությունների սցենարներով։ Մի օրինակ բերեմ, օդանավակայանի վրա հարձակման սցենարով զորավարժությունները, որոնք ճիշտ է, տեղի չեն ունենում Հայաստանում, բայց ուղիղ կապ ունեն նաև մեր իրավիճակի հետ։ Այսպես փորձում է Թուրքիայի պատմության մեջ մնալ մարդ, ով ավելացրել Թուրքիայի հզորությունը։

Մենք մի փուլում ենք, որ պետք է հստակեցնենք մեր անելիքները, և չփորձենք մեկ այս կողմ, մեկ այն կողմ թռչկոտել, քանի որ այժմ մեզ հարկավոր է օդում կախված անորոշության ցրում, որպեսզի հետագա քայլերը չտանեն անդունդ»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան