Իրավիճակը լարվում է, երբ պետք է սպասել նոր պատերազմին

2020թ. պատերազմից գրեթե անմիջապես հետո տեղեկություններ հրապարակվեցին թշնամու կողմից նախապատրաստվող նոր պատերազմի մասին, նույնիսկ նշվեցին որոշակի ժամկետներ: Կա՞ արդյոք իրական հիմք` խոսելու այն մասին, որ առաջիկայում սպասվում է նոր պատերազմ, և եթե այո, ե՞րբ է այն հնարավոր: Ինչի՞ մասին են վկայում առկա փաստերը, և ի՞նչ եզրակացության կարելի է հանգել դրանց վերլուծության արդյունքում:

Նախ սկսենք նրանից, որ ոմանք փորձում են մեր գլխի տակ փափուկ բարձ դնել, թե պատերազմ չի լինելու, այդ մասին խոսակցություններն անհիմն են: Որպես կանոն, նրանք դավաճան Նիկոլի շրջապատից են ու նույնիսկ նրա արցախյան արբանյակներից, նրանցից մեկն էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է:

Դե, եթե դավաճանը հայտարարում է, որ պետք է վերանայենք, փոխենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում Թուրքիայի նկատմամբ, այլ կերպ ասած, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, Հայաստանի Հանրապետության տարածքներից Ադրբեջանին պարբերաբար նվերներ մատուցենք, Արցախում ՀՀ-ից զորակոչված զինվորներ չունենանք, Հայաստանի բանակի ֆինանսավորումն ու բանակը կրճատենք, պարզ չէ՞, որ դավաճանի շրջապատը պետք է փորձի հերքել նոր պատերազմի վերաբերյալ բոլոր խոսակցությունները:

Մարտի 12-ին այցելելով Արցախի պետական եկամուտների կոմիտե և հանդիպելով մի խումբ աշխատակիցների հետ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք, ըստ նրա, ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը:

Եթե նույնիսկ ընդունենք, թե վերոնշյալ խոսակցություններից, որոնք, ի դեպ, ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, տարածաշրջանում պատերազմի առաջացման մեծ հավանականության ու վտանգի մասին են, Արցախի բնակչության շրջանում կարող են ստեղծվել տարատեսակ խուճապային տրամադրություններ, Արայիկ Հարությանը կարո՞ղ է որոշակի պատասխանել, բացատրել, թե այդ խոսակցությունների հեղինակները դրանից ինչ են շահելու… Իհարկե՛ ոչ:

Ավելին. Արայիկ Հարությունյանն այդ խոսակցությունների հեղինակներից ավելի շա՞տ է մտածում Արցախի և Հայաստանի մասին, եթե ընդհանրապես մտածում է:

Պատերազմի խայտառակ արդյունքներով մենք տեսանք, թե Արայիկ Հարությունյանն ինչպես է մտածել Արցախի մասին, հետևաբար վերոնշյալ հորդորով հանդես գալուց առաջ, նա պետք է մտածեր, թե արդյոք ունի՞ դրա բարոյական իրավունքը: Ընդհանրապես ավելի խելամիտ կլիներ մտածել պատասխանատվության մասին, որն ավելի խիստ է լինելու, եթե առաջիկայում ապացուցվի, որ պատերազմում պարտությունը հետևանք է եղել նաև իր կողմից դավաճանի կամ նրա կնոջ ցուցումները, պահանջները կատարելու:

Նկատենք, որ Արայիկ Հարությունյանի վերոնշյալ հորդորից մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու հավանականության մասին հրապարակայնորեն նշել էր նաև ռազմական փորձագետ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գնդապետ Իգոր Ստրելկովը:

Ահա ԱԴԾ գնդապետի այդ զգուշացումը.

«Ալիևն ասում է, եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա կհարկադրենք Հայաստանին ու կբացենք այն։ Նա նաև պնդում է, որ Զանգեզուրն իրենց պատմական հողն է։

Դեռևս հունվար ամսից անկհայտ էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ունեն նոր թիրախ և այդ թիրախը` Զանգեզուրն է։

Նիկոլ Փաշինյանի պատճառով Ղարաբաղի հրադադարի պայմանագրում հայտնվել է Զանգեզուրով տրանսպորտային միջանցք բացելու հարց։

Այսինքն`հայտարարության մեջ կա մի կետ, որով Թուրքիայի 100 տարվա երազանքը իրականանալու է և ցամաքային կապ է ունենալու Ադրբեջանի հետ։ Սա թուրքերի համար շատ ավելի կարևոր է, քան Ղարաբաղը։ Հետևաբար, նրանք պատրաստ են պատերազմել, եթե Հայաստանը միջանցքը չբացի։ Եվ պատերազմի առիթն էլ դառնալու է այն, որ իբր Հայաստանը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում»:

Ո՞ւմ պարզ չէ, որ եթե թշնամին Սյունիքի հետ կապված պատերազմ սկսի, ապա այդ պատերազմը չի սահմանափակվելու սոսկ Սյունիքով, այն իր մեջ ընդգրկելու է նաև Արցախը: Ոմանք Իգոր Ստրելկովի այն խոսքից, որ «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ունեն նոր թիրախ և այդ թիրախը` Զանգեզուրն է», ենթադրում էին, թե մեր թշնամիները, հավանական է, զորավարժություններից միանգամից անցում կատարեն պատերազմի, սակայն ԱԴԾ գնդապետի խոսքն ուներ այլ իմաստ` Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների նպատակը Սյունիքի գրավումը նախապատրաստելն է, այդ առումով է զորավարժությունների թիրախը Զանգեզուրը: Զորավարժություններն արդեն ավարտված են, ու Թուրքիան և Ադրբեջանը սպասում են հարմար պահի…

«Ցավոք սրտի այսօր պատերազմն ավարտած համարողները կրկին այն մարդիկ են, ովքեր համարում էին, որ երբեք լայնածավալ պատերազմ չի լինի, առավել ևս Թուրքիան խաղի մեջ չի մտնի»,- ԱՀ նախագահի վերոնշյալ հորդորից հետո, մարտի 21-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան