Բաթլ. Նիկոլ Փ` վիլայեթ, Ռ. Քոչարյան` գուբերնիա. ի՞նչ կլինի

Ի դեպ. առաջին հայացքից փոքր-ինչ տարակուսելի, սակայն` «գուբերնիայի» տարբերակին օգնության հասավ հիմնադիր նախագահը: ԼՏՊ-ն: Չնայած պոչուկի հիմքում` թանաքամանի մեջ օձեր բուծող մեծ քուրմը բառ-նշանային համակարգի խորքին այնպես է տիրապետում, որ նրա լինգվիստիկ էզոթերիան կարող է աշխատել բոլորովին այլ պղականությամբ` խնձորի ծառից ոչ թե ադամական, այլ` նեո-ԳՄՈ (հասկանալ` գլոբալիստական) պտուղներ պոկելով (զի ԼՏՊ-ն այդքան կա), այնուհանդերձ, փաստն առկա է. նա Ռուսաստանը համարեց բանալի, մանավանդ` Հայաստանի համար:

Բայցև հանուն արդարության պարտ ենք արձանագրել. ԼՏՊ-ի օրոք էր Ղարաբաղյան հաղթանակը, 103-րդ ռազմաբազայի՝ դեպ Հայաստան «ներգրավումը», իր օրոք էր ռուսական «գահը» Հայաստան բերելը, իմա` Ռուսաստանի հետ մեծ պայմանագրի ստորագրումը. ինքն էլ Ելցինի լավ ընկերն էր, ջան ասում-ջան լսում էին:

Ի դեպ. բավականին հետաքրքիր էր խաղը նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ. երբ մասամբ անհասկանալի էր` ում պոչը` ում տակին է, և ում էր խիստ անհրաժեշտ այդքան թուլացնել Սերժ Սարգսյանին, որպես ապագա նախագահի, և ինչու նա պետք է «անցներ» մարտի մեկի միջով: Չէ, չենք ասում` Ռուսաստանով նրբագեղ պասաժներով կարող էին անգամ միմյանց «նկատել» (ինչպես այսօր) առաջին և երկրորդ նախագահները: Բայց դե` ինչևէ:

Նրբությունն այլ տեղ է. Թուրքիան տարածաշրջանում իր ոտնատեղը խիստ պինդ է դրել, և ամեն ինչ անելու է` փաթեթով գնելու այն ամենը, ինչ վատ է դրված Հայաստանում: Իսկ Հայաստանում ամեն ինչ այսօր շատ «վատ է դրված», մանավանդ սպասվող ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր պառլամենտը, և Թուրքիան ոչինչ չի խնայելու` այն ևս գնելու համար:

Փաթաթե՞նք այն. գնորդն ուշանո՞ւմ է…

Եվ շատ հետաքրքիր է, որ առաջին նախագահը` քիրվայականոթյան առաջին մունետիկը, այսօր խոսում է հօգուտ «բանալի Ռուսաստանի»` Փաշինյան Ն-ի Ռուսաստան կատարելիք այցից հինգ րոպե առաջ, ոչ մի բառ չասելով՝ հայոց իշխանությունների խոր օժանդակությամբ Սյունիքի վրա մատը դրած Թուրքիայի մասին, որն այլևս կանխորոշիչ իր գործունեությամբ` հավերժ ներկա ստատուս է տարածաշրջանում, Հայաստանում, հետո կերևա` էլի որտեղ:

Եվ դա այն ժամանակ, երբ հայոց իշխանությւոններն իրենց տրոյական ձիու համար նոր ֆորմատ են ձևավորում` Ցեղասպանության ուրացման, Թուրքիայի հետ սահմանների բացման, Հայաստանը ոտնակոխ անելու նյու-ֆիքսումներով, ինչի մասին ևս լռում է հիմնադիր նախագահը:

Միով բանիվ` ԼՏՊ-ն իր նման Ռուսաստանի ֆորան է ապահովում, շատ լավ հասկանալով` Ռուսաստանն այս պահին խաղում է և Նիկոլի, և Քոչարյանի, և Թուրքիայի հետ… մնացյալի մասին`մեկ այլ անգամ:

Խնդրում հաջորդ նրբությունն առնչվում է Բայդենի, այն է` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բլեֆին: Չնայած շատերը, այդ թվում և լուրջ փորձագետներ, պնդում են, որ ճանաչումը ամերիկյան վարչակազմի կողմից այս անգամ չի բացառվում, տողերիս հեղինակը նրանց թվում է, ովքեր քիչ հավանական են համարում նման հեռանկարը:

Ամերիկյան վարչակազմը դեմ է էրդողանական Թուրքիային ու Էրդողանին, որը մեղրամիսներ է անցկացնում Ռուսաստանի հետ` C-400-ի, Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասով, բայց երբեք ու երբեք դեմ չէ ՆԱՏՕ-ական Թուրքիային, և դժվար թե սապոնաջրի` «երեխա»-նյու-Հիտլեր Էրդողանին հետ Մերձավոր Արևելքից` ընդդեմ Ռուսաստան ու Չինաստան իր հավերժական պարտիա-Թուրքիային նույնպես դուրս մղի. ԱՄՆ-ը պարզապես ստուգողական կրակոցներ է արձակում. Կազդվի՞ դրանից Էրդողանը… երբե ՛ք:

Ընդորում, այստեղ մեկ այլ հետաքրքիր նյուանս էլ կա ռուսական կողմի համար. ցանկանո՞ւմ է Ռուսաստանը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանութունը:

Հարցը երկգլխանի է: Այո ՛, ցանկանում է, որովհետև դրանով կարող է ևս մեկ կետով պոկել ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ական Թուրքիային` դեպ իրեն, զի Թուրքիան չի ների ԱՄՆ-ի նման քայլը:

Մյուս կողմից` Ռուսաստանը չի ցանկանա, որ Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը «մտնի-մոտենա» տարածաշրջան, հատկապես Հայաստան, որպես «բարեկամ» երկիր` Հայաստանից դուրս մղելով առանց այն էլ իր լավագույն օրերը մեզանում չապրող Ռուսաստանին:

Բոլոր դեպքերում` պետք է սպասել Պուտին-Նիկոլ Փ հանդիպմանը:

Հասկանալի է` հերթական անգամ մեկուսացված, «թրաշման» ներկայացված Նիկոլ Փ-ն, Ռուսաստանի կողմից «լյաաաա~վ» թրաշվելուց հետո հնարավոր ու անհնար բոլոր խոստումները կտա Վ. Վլադիմիրիչին` Հայաստանը գուբերնիա դարձնելու, վերջինիս ցանկացած ցանկություն գետնատարած իրականացնելու, որպեսզի վերջինս խաղից հանի Քոչարյանի տարբերակը:

Այլ հարց է` ինչպիսին է այս անգամ ռուսական մեծ «Մարշալ-պլանը», և այդ խոստումները «կշարժեն» լուրջ վտանգների առջև կանգնած Ռուսաստանի ու Վ. Պուտինի սիրտը, որն այսօր խնդիրներ ունի Դոնբասում, Ղրիմում (նաև էրդողանի խիստ կասկածելի պահվածքի պատճառով). Էրդողանը բոլորի բաց աչքի առաջ Սիրիայում կրակված «Իսկանդերի» բեկորը «տալիս է» ուրախությունից գլուխը կորցրած Նիկոլի սրտի կիրթ Ալիևին, ու հրամայում ասել` էս էլ Շուշիում ձեր «կրակած, չպայթած» «Իսկանդերի» բեկորը, պարոն Պուտին… ու էդ ամենը ապրիլի 28-ին սպասվող ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովից առաջ, որին… ուշադիր, առաջին անգամ պետք է մասնակցի Ադրբեջանը:

Այո՜ պարոնայք, Ալիևին «մտցեցնում» են ԵԱՏՄ, և հենց այնպես չէ, որ Կրթուկը` նախ «իգնոր» է անում ԵԱՀԿ ՄԽ-ին, որպես մոռացված չգոյություն, իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ է անում, որ նույնական չգոյության «մատնվի» Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եվ ինչպես մատենագրեց ոչ անհայտ Հոգլանդը (ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ)՝ Հարավային Կովկասի երեք երկրներում Ռուսաստանն ունի զինուժ, բանակ (խաղաղապահներն այդ դեպքում համարվելու են Ադրբեջանում գտնվող ռուսական զինուժ, գրեթե` ռազմաբազա):

Ասել է` «բաթլը» շատ «հետաքրքիր» է ստացվում. ինչ կլինի՝ կխոսենք Նիկոլ-Պուտին հանդիպումից հետո:

Բայց եթե անկեղծ, կարծում ենք` Փ-ի պարտիան դեռ կերկարի, Նիկոլը դեռ կօգտագործվի, քանի դեռ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ապոկալիպտիկ չեն: Հենց դրանք վատացան, պլան «բ»-ն` Քոչարյանի տարբերակը չորով ու խիստ արագ կանցնի գործարկման` «ժոստկի» կտրելով Փ-ի` վիլայեթ կառուցելու մագիլներն ու թրքաբարո ճանկերը:

Իսկ եթե էլ ավելի անկեղծ, ապա հույս ենք փայփայում, որ Հայաստանը կապրի ոչ «վիլայեթի» և ոչ էլ «գուբերնիայի» հեռանկարում, այլ իրական` խորքային-ազգային պետության, որի ներկայացուցիչները, ինչպես համարում է փոքր-ինչ օդիոզ, սակայն խիստ ռացիոնալ մտածողության կրող` Ադեկվատների առաջնորդ Արթուր Դանիելյանը, Սերժ Սարգսյանի «ուղեկցությամբ»` նոր պարտիա կսկսեն մեզանում… նույն ազգային պետության, բալանսավորված արտաքին քաղաքաքականության, Ղարաբաղի կարգավիճակի ու մնացյալ գերկենսական շահերի հասցեական արծարծմամբ և իրականացմամբ` զորու լինելով մեկտեղել, նոու-ֆորմալացնել, տրանսֆորմացնել ազգի ներքին ուժը:

Իսկ ինչո՞ւ` ոչ:

Կարմեն Դավթյան