Հայաստանում լինելու է «AstraZeneca», և մենք օգտվելու ենք այդ պատվաստանյութից. Անահիտ Ավանեսյան

Մենք ուշադրությամբ հետևում ենք COVID-19 վարակի դեմ պատվաստանյութերի միջազգային եզրակացություններին և կայացվել է որոշում, որ «AstraZeneca»-ն բերվելու է Հայաստան, և այդ պատվաստանյութը օգտագործվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca»-ի և մյուս բոլոր պատվաստանյութերի հետ կապված: Այո, մենք այն ներմուծելու ենք, որոշումն այդպիսին է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց՝ շատ երկրներում հանրային անձինք փորձում են իրենց աջակցությունը ցուցաբերել պատվաստմանը: Ավանեսյանը նշեց՝ ՀՀ-ի պաշտոնատար անձանց մեջ կան մարդիկ, որոնք գտնվում են խոցելի խմբում և պատվաստվել են:

«Պաշտոնատար անձինք, որոնք կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը և այլ տեղեկություններ՝ կհրապարակեն, բայց շատ երկրներում հանրային դեմքերը փորձում են հաջակցություն պատվաստման գործընթացի` հանրայնացնել իրենց պատվաստվելը, բայց բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարող հրապարակվել: Խոցելի խմբում են՝ քրոնիկական հիվանդություն ունեցող անձինք, մեծահասակները, և նորմալ է՝ կան պաշտոնատար մարդիկ, որոնք այդ խոցելի խմբերում են»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Նա անդրադարձավ իր տեղակալի կողմից հրապարկվող նկարին, որտեղ պատկերված էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղակայված մահճակալները: Նախարարը նաև նշեց՝ կա սպասող հիվանդների ցանկ, և հոսպիտալացվում են անձինք, որոնք ունեն թթվածնային սարքի կարիք:

«Տեղակալիս կողմից հրապարակվել է համալիրից հին նկար, բայց իր կողմից ահազանգ էր եղել, որ մենք 2-3 օր լարված իրավիճակ ունեինք, այսինքն՝ սպասող հիվանդների ցանկ ունեինք, որոնց հոսպիտալացումը տևում էր մի քանի ժամից մինչև մեկ օր, և այս պահին ևս փոքր թվով քաղաքացիներ սպասում են իրենց հերթին, որ հոսպիտալացվեն, և մենք լրացուցիչ 300 մահճակալ ծավալել ենք, բայց, ինչպես գիտեք, մահճակալներն անվերջ չեն, և ներկայումս հոսպիտալացվում եմ մարդիկ, ովքեր ունեն թթվածնային սարքի կարիք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց՝ մեկ տարվա ընթացքում ինժեներները կարողացել են արհեստական շնչառության սարքեր ստեղծել, որոնք անցնում են կլինիկական փորձարկում:

«Արհեստական շնչառության սարքերի հետ կապված՝ պետք է նշեմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ինժեներները կարողացան ունենալ վերջնական պրոդուկտ, որը պետք է անցնի կլինիկական փորձարկում և որոշակի ստուգումներ, և այդ գործընթացների ավարտին սարքերը կգործարկվեն»,- նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև անդրադարձավ զոհված զինծառայողների փորձանմուշներին:

«Վերջին 2-3 շաբաթների ընթացքում մենք համատեղ ՌԴ-ի, Հոլանդիայի մասնագետների հետ իրականացնում ենք այդ բարդ փորձանմուշների քննությունը, և մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակում անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: