Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

81 տարեկանում կյանքից հեռացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Այս մասին տեղեկացրել են Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատները:

Հիշեցնենք, որ օրերս նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: 

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան:

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։