Դատարանն ու իրավապահ համակարգը թող պարզի՝ ովքեր են մեղավորները. ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել. Սեյրան Օհանյան

«Արդեն քանի տարի է՝ այս գործընթացն ընթանում է, և մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, որոնք իրենց հարազատներին են կորցրել»,- այսօր սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է, և իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը՝ զանգվածային անկարգություններ հրահրել, չի հերքվել, իսկ կատարվածը զանգվածային անկարգությունների արդյունք էր։

«Դատարանն ու իրավապահ համակարգը թող պարզեն՝ ովքեր են մեղավորները։ Ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել։ ԶՈՒ-ն արտակարգ դրության շրջանակում իր առջև դրված խնդիրն է կատարել. ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային և պահակային ծառայության՝ ԱԺ կողմից ընդունված կանոնագրքի օրենքի համաձայն»,- նշեց նա։

Հարցին, թե 2008-ի գործող իշխաության մեղքը ո՞րն է, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ինքը չէ այդ հարցի հասցեատերը։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը: ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։