Նիկոլը ՍՈւ- 30ՍՄ- ների ու դրանց հրթիռների առնչությամբ ստեց կրկնակի, ստեց լկտիաբար` կոծկելու համար իր կամ իրենց հանցագործությունը. 3 (տեսանյութ)

Սկիզբը` այստեղ

Նիկոլը` ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը, 2019թ. դեկտեմբերի 26-ին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում կազմակերպված յուրօրինակ շոուի ընթացքում ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ: Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈւ-30ՍՄ մակնիշի գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին մենք դեռ նախորդ տարի էինք հայտնել: Այսինքն` ոչ թե ինքնաթիռները ժամանում են, ժամանում է ինքնաթիռների 1-ին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»:

Կործանիչի պոչին գրված «Հայաստան» բառի վրա ուշադրություն հրավիրելուց (հպարտ միամիտների համար նախատեսված հերթական հնարքը, թե ինքն իբր այնքան հայրենասեր ղեկավար է…) և ՀՀ դրոշը կեղծավորաբար համբուրելուց հետո Նիկոլն ասաց. «Մենք հույս ունենք, որ այս ինքնաթիռները կպահպանեն խաղաղությունը, կայունությունը մեր տարածաշրջանում»:

Բա ո՞ւր է, ինչո՞ւ չպահպանեցին… Եվ ինչպե՞ս էին այդ կործանիչները մեր տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը պահպանելու, երբ Հայաստան էին բերվել առանց հրթիռների (տեսանյութում դա հստակ երևում է) և այդպես էլ մնացին առանց համապատասխան հրթիռների, ինչն օրերս ստիպված խոստովանեց նույնիսկ ինքը` ազգադավը:

«Վերջապես մի պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան,- պատերազմից հետո, 2020թ. նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում  ասաց «Ազգային ժողով» կոչվածի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:- Բա ես պետք է Տոնոյանին հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դուք նկարահանվում էիք, նստում էիք… Մենք պետք է ձեռք բերեինք այնպիսի միջոցներ…»:

Դավիթ Տոնոյանը, որը ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլի հետ միասին նույնպես պետք է քրեական պատասխանատվության կանչվի 2018թ. գործող պլանի փոփոխության և անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, զինատեսակների փոխարեն, առանց հրթիռների ՍՈւ-30ՍՄ կործանիչներ գնելու հանցավոր գործարքի համար, տվյալ հարցին չպատասխանեց ոչ այն ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ոչ էլ տվյալ պաշտոնը թողնելուց հետո: Անդրանիկ Քոչարյանն էլ չպահանջեց իր տված հարցի պատասխանը (դե, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողի դեմ «կռուտոյ տղու» դեր խաղաց, դա բավարար էր):

Դավաճան Նիկոլը նույնպես չպատասխանեց իր թիմակցի տված հարցին, անցավ 5 ամիս, և միայն 5 ամիս հետո նա բարեհաճեց պատասխանել մի հարցի, որը միայն Անդրանիկ Քոչարյանինը չէր, այլ մեր հասարակության մեծամասնությանը: Նիկոլի նպատակը պարզ է` ընտրություններից առաջ փորձել արդարանալ, խիստ թանկարժեք, շատ մեծ հնարավորություններ ունեցող նշված կործանիչները պատերազմի ընթացքում չօգտագործելուն բացատրություն տալ, մաքրվել կեղտից կամ, ավելի ճիշտ, ձերբազատվել դավաճանության մեղադրանքից: Արդարանալու Նիկոլի փորձը, սակայն, ինչպես հաճախ, չափազանց անհաջող ստացվեց և առավել խայտառակեց իրեն:

Մարտի 20-ին Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ, Նիկոլը հայտարարեց, թե կործանիչները ձեռք են բերվել 2020թ. մայիսին առանց հրթիռների, և պետությունը մինչև պատերազմի սկսվելը չի հասցրել ձեռք բերել նաև հրթիռները:

«Մեզ ասում են` ընչի եք ինքնաթիռ առել,- ասաց  Փաշինյանը:- Այո, մենք ինքնաթիռը առել ենք, էդ մայիսին է ինքնաթիռը եկել, մայիսին, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել: Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել»:

Ազգադավ Նիկոլը դարձյալ փորձեց առիթն օգտագործել նախկին իշխանությանը վարկաբեկելու համար` իբր թե նախկինների մեղքով է, որ իրենք չեն հասցրել հրթիռները ձեռք բերել, եթե նախկինները վերոնշյալ կործանիչները ժամանակին գնած լինեին, իրենք էլ կհասցնեին հրթիռները ձեռք բերել: ՍՈ՛ւՏ, ՀՐԵՇԱՎՈՐ ՍՈւՏ, ԿԵՂԾԻ՛Ք: Իրականում նախկին իշխանությունները հիմնավոր պատճառներ ունեին ՍՈւ-30ՍՄ-ները չգնելու համար, և այդ պատճառներից մեկն էլ այն էր, որ դրանց «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռները հնարավոր չէր գնել. Ռուսաստանը դրանք պարզապես չէր վաճառում:

Ինչպես արդեն նշել և ապացուցել ենք, Նիկոլը լկտիաբար ստում է թե կործանիչները ձեռք են բերվել 2020թ մայիսին, իրականում դրանք փաստացի, ֆիզիկապես ձեռք են բերվել 2019թ. դեկտեմբերին, իսկ գնման գործարքը կատարվել է նույնիսկ դեռ 2018թ. դեկտեմբերին կամ ամենաուշը 2019թ. հունվարին: Հետևաբար «օդ-օդ» դասի համապատասխան հրթիռները, եթե դրանք ընդհանրապես հնարավոր էր ձեռք բերել, պետք է ձեռք բերվեին կործանիչների հետ միասին, նույնիսկ դրանց գնման գործարքը կնքելու հետ միաժամանակ, որովհետև առանց այդ հրթիռների, ՍՈւ-30ՍՄ-ները գրեթե պիտանի չեն:

Ավելին` պատերազմի ընթացքում Ադրբեջանի կործանիչ ավիացիայի, առավել ևս Թուրքիայի F-16 կործանիչների դեմ ՍՈւ-30ՍՄ-ները հնարավոր չէր օգտագործել, առանց վերոնշյալ հրթիռների, F-16-ների և Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչների դեմ դրանք մարտի նետելը կնշանակեր կործանման դատապարտել մեր կործանիչներն ու դրանց անձնակազմերը: Դա անուղղակիորեն հաստատեց նույնիսկ ինքը` Նիկոլը: «Ազգային ժողով» կոչվածում մարտի 24-ին կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հարցին, նա ասաց.

«Նախ արձանագրենք, որ Սու30ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են։ Բայց այդ զենքը իր ամբողջության մեջ է իր հրթիռներով և սարքավորումներով… Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման մասին որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որ այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները»:

Ընդգծենք, որ եղած սպառազինությունը, ինչպես Նիկոլն ասաց նույն պատասխանի ընթացքում, «նախկինում արդեն իսկ Հայաստանի զինանոցում եղած հրթիռներ» (ցամաքային թիրախներ խոցելու համար նախատեսված «օդ-երկիր» դասի հրթիռներ, թեկուզ «օդ-օդ» դասի կարճ հեռահարության հրթիռներ) պատերազմի ընթացքում թշնամու օգտագործած ՄիԳ-29 և F-16-ների կործանիչների դեմ օդային մարտի դեպքում ոչ թե «ինչքանով», այլ ընդհանրապես հնարավորություն չի տվել, որ այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները:

«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈՒ-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,- նույն պատասխանի ընթացքում ասաց ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, Օհանավանում ասածից հետո դարձյալ լկտիաբար ստելով ու պատերազմում ՍՈՒ-30ՍՄ կործանիչները չօգտագործելը բացատրելով նրանով, թե պարզապես չեն հասցրել ժամանակի ընթացքում ձեռք բերել «այն անհրաժեշտ բոլոր հրթիռները»:

Իրականում խնդիրը բոլորովին էլ այդ հրթիռների ձեռքբերումը հասցնել-չհասցնելը չէ, այլ այն, որ Ռուսաստանը «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռներ ընդհանրապես չի վաճառում որևէ երկրի, դա արգելված է ՌԴ օրենսդրությամբ, ինչի մասին ավելի վաղ` դեռ 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց գեներալ- գնդապետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք են բերել, որը գովազդում են, որ դա հակաօդային` «օդ-օդ» հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կիլոմետր, Ռուսաստանի կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառելը,- հիշյալ ասուլիսի ընթացքում ասաց Մովսես Հակոբյանը:- Եվ դրա համար մեր ՍՈւ-երը (ՍՈւ 30ՍՄ-ները.- Ա.Հ.) այսօր գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի»:

Տեղյակ լինելով (չէին կարող տեղյակ չլինել), որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է վերոնշյալ հրթիռները որևէ երկրի վաճառել, իր դավաճանական քաղաքականության հետամուտ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը, թերևս նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը (եթե համապատասխան փաստաթղթերի վրա առկա է նաև նրա ստորագրությունը, ինչը քննությամբ պետք է պարզվի, համենայն դեպս, 2018թ. մայիսի 24-ից մինչև 2020թ. հունիսի 8-ը, այսինքն` ՍՈՒ-30ՍՄ գնման գործարքի ժամանակ հենց նա է զբաղեցրել տվյալ պաշտոնը) ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնմամբ թույլ են տվել հանցագործություն:

Նրանք առնվազն վատնել են ՀՀ պաշտպանունակության ամրապնդման համար հույժ կարևոր և առանձնապես խոշոր չափերի հասնող միջոցները, դրանցով թշնամուց բխող ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար խիստ անհրաժեշտ ռազմական տեխնիկա, զենք-զինամթերք (օրինակ, ռազմական ԱԹՍ-ներ, ՀՕՊ համապատասխան միջոցներ և այլն) գնելու փոխարեն, գնել են առանց նշված հրթիռների, գրեթե անպիտան կործանիչներ, դրանք գնելով, անհնարին են դարձրել վերոնշյալ միջոցների գնումը: Եվ ՍՐԱ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈւ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ:

Ստիպված են լինելու պատասխան տալ, քանի որ պատերազմում մեր կրած պարտությունը, հայրենիքի ահռելի մասի կորուստը, մեր բազմահազար զինծառայողների ու քաղաքացիական բնակչության զոհվելը, հաշմվելը, վիրավորվելը, գերեվարվելը, անհետ կորելը հետևանք են նաև վերոնշյալ պաշտոնյաների որոշակի գործողությունների և նրանց կողմից անգործության դրսևորումների, երբ հակառակը` պետք էր գործել:

Սույն հրապարակման ներքևում զետեղված տեսանյութը պատկերում է նաև կադրեր, թե ինչպես են Փաշինյանն ու Տոնոյանը 2019թ. դեկտեմբերի 26-ին հրճվում Հայաստանի ֆինանսական միջոցները մսխելու, վատնելու վրա:

«Ազգային ժողով» կոչվածում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հարցին, որը հավանաբար պատվիրված էր Նիկոլի կողմից, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հավելեց նաև, թե հրթիռների ձեռքբերումը ներառված է եղել գնման պլանում։ ՀՀ գերագույն գլխավոր ստախոսը, կեղծարարն ու դավաճանը ՍՈՒ-30ՍՄ կործանիչների հրթիռների առնչությամբ թույլ տվեց արդեն 3-րդ սուտը. համապատասխան հրթիռները գնման պլանում չէին կարող ներառված լինել, քանի որ ՌԴ-ից դուրս վաճառքում դրանք պարզապես գոյություն չունեին ու չունեն նույնիսկ պատերազմից հետո, նույնիսկ մինչև Նիկոլի տվյալ ստի պահը:

Ընդգծենք, որ Ռուսաստանը, ինչպես և այլ պետություններ, իր նորագույն, առավել մեծ հնարավորություններ ունեցող զենքերը, զինամթերքներն անվտանգային նկատառումներից ելնելով, այլ պետությունների չի վաճառում, վաճառում է միայն դրանց արտահանման ենթակա (էքսպորտային) տարբերակները:

Լրագրողական փոքրիկ հետաքննության արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ «օդ-օդ» դասի մեծ հեռահարության (РВВ-БД) էքսպորտային հրթիռների պետական համատեղ փորձարկումները Ռուսաստանում իրականացվել են ընդամենն անցյալ ամիս (ՏԱՍՍ գործակալությունն այդ մասին հաղորդել է 2021թ. փետրվարի 3-ին), այսինքն` դրանք նույնիսկ սերիական արտադրության չեն հանձնվել, հետևաբար դեռ չեն կարող վաճառվել որևէ պետության, հետևաբար չէին կարող ներառված լինել մեծ հեռահարության հրթիռների գնման հայաստանյան պլանում, իսկ մինչև պատերազմի սկսվելը կամ պատերազմի ընթացքում դրանք ձեռք բերելը չհասցնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել: Հայտարարելով այդ մասին, ազգադավը պարզապես հերթական անգամ ֆռռացնում է իր զոմբիացրած զանգվածին, ինչպես նաև անտեղյակ ու միամիտ մարդկանց: Ուշքի՛ եկեք, սթափվե՛ք, ոտքի՛ ելեք, դավաճանը կրծած Հայաստանը և Արցախի մնացած մասը տանում է կործանման:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` այստեղ