Աշխարհի ամենամեծ կտավը Դուբայի աճուրդում վաճառվել է 62 միլիոն դոլարով

Մեծ Բրիտանիայից նկարիչ Սաշա Ջաֆրիի հեղինակած աշխարհի ամենամեծ կտավը՝ «Մարդկության ճանապարհորդությունը» (The Journey of Humanity), Դուբայի աճուրդում նվաճառվել է 62 միլիոն դոլարով: «Khaleej Times»-ի տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:

Նկարի մակերեսը հավասար է ֆուտբոլի երկու խաղադաշտերի մակերեսին: Ջաֆրին իր ստեղծագործության վրա Դուբայի Ատլանտիս հյուրանոցում աշխատել է ութ ամիս՝ օրական 20 ժամ:

Սկզբնապես նախատեսվում էր կտավը բաժանել մի քանի մասի և վաճառել աշխարհի տարբեր երկրներում անցկացվող վեց աճուրդում՝ մոտ 30 միլիոն դոլարով:

Բրիտանացին մտադիր է ստացած գումարն ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ բարեգործական ծրագրերի, որոնք զբաղված են երեխաներին օգնելով:

Ջաֆրին ասել է, որ իր հիմնական նպատակը 200 միլիոն երեխաների կյանքը փրկելն է: Նա ցանկանում է, որ այդ հասույթը յուրաքանչյուր երեխայի առցանց կրթություն ստանալու հնարավորություն տա՝ ինտերնետը հասանելի դարձնելով ամենաաղքատ երկրների բնակիչներին:

«Մարդկության ճանապարհորդությունը» ձեռք է բերել կրիպտոարժույթների գործարքներում մասնագիտացած ֆիրմայի գործադիր տնօրեն Անդրե Աբդուն: