Պատերազմում պարտության պատճառներից մեկը ԶՈՒ ղեկավար կազմի հաճախակի փոփոխություններ էին. Սեյրան Օհանյան

Վերջին շրջանում ռազմական ոլորտում պաշտոնի էին գալիս մարդիկ, որոնք չէին տիրապետում իրավիճակին, չունեին համապատասխան փորձ և չեն կարողացել մարտական գործողությունների ժամանակ ճիշտ գնահատել իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պատերազմական գործողություններում կրած պարտության պատճառներից մեկը ԶՈՒ-ի ղեկավար կազմի արագ փոփոխություններն էին, որ վերջին տարիներին տեղի են ունեցել ՀՀ ՊՆ նախարարի, ԳՇ պետի, Արցախի պաշտպանության նախարարի փոփոխությունները: Պաշտոնի գալիս էին մարդիկ, ովքեր չէին տիրապետում իրավիճակին և նաև չունեին համապատասխան փորձ ու պատերազմական գործողությունների ժամանակ չեն կարողացել ճիշտ եզրակացություններ անել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշեց՝ որևէ պաշտոնի ազատումից առաջ պետք է նախ նշվեն հստակ պատճառներ և իրականացվի ծառայողական քննություն:

«Պաշտոններից ազատումից առաջ պետք է հստակ նշվեն պատճառները և բացի դրանից իրականացվում է ծառայողական քննություն, ընդ որում ծառայողական քննություն է անցկացնում այնպիսի անձնավորություն, որը գոնե մեկ աստիճան բարձր է տվյալ պաշտոնատար անձից, որպեսզի կարողանա լիարժեք իրադրությունը գնահատել և առաջարկություններ ներկայացնել, իսկ ԳՇ պետի դեպքում այս ամենը չի իրականացվել»,- նշեց նա:

Նախկին նախարարը նաև մեկնաբանեց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջադեպը, նշելով՝ դա մեկ մարդու կամայականությունների արդյունք է և համապատասխան ծառայողական քննություն չի իրականացվել:

«Տիրան Խաչատրյանը վարչապետի կողմից ներկայացված հերոս է և նա առանց որևիցե պատճառաբանության ազատում է նրան պաշտոնից, սա էլ հիմք է հանդիսացել իրավիճակի, որը տիրում է այսօր: Գեներալ-գնդապետ Գասպարյան Օնիկը, որը նաև նույն հանրապետության վարչապետի կողմից ներկայացվել է պաշտոնի, նաև կոչման պատերազմի ժամանակ, նորից առանց որևիցե զրույցի և ծառայողական քննության ազատվում է պաշտոնից, այս ամենը մեկ մարդու կամայականությունների արդյունքում ձևավորված իրադրություն է»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց՝ բանակում պետք է իրականացվեն համապատասխան ընթացակարգեր և նշանակվեն փորձառու անձինք:

«Ես չեմ կարող ասել նոր ԳՇ պետ նշանակելուց ԶՈՒ-ն կշահի, թե կտուժի, որովհետև բանակը այս իրադրությունից ելնելով՝ պետք է համապատասխան ընթացակարգեր անցնի և փորձառության առումով, հատկապես զորային կառույցի ղեկավարման, բանակային կորպուսի ղեկավարման առումով Գասպարյանը եղել է փորձառու անձ, իսկ նոր ԳՇ պետը ազատվել էր աշխատանքից ինչ-որ պատճառով»,- ասաց Սեյրան Օհանյանը: