Ռուսաստանը զգուշացնում է WhatsApp-ի օգտագործման վտանգների մասին

WhatsApp մեսենջերի գաղտնիության և օգտագործողների համաձայնության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները մեծացնում են ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից օգտվողների գլոբալ հսկողության ռիսկը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այդ մասին նշված է Դաշնային գիտական և տեխնիկական կենտրոնի (STC) ուսումնասիրության մեջ:

WhatsApp-ը 2021 թվականի հունվարի 4-ին փոփոխեց իր ծառայությունների մատուցման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը:

Փորձագետները հիշեցնում են, որ WhatsApp-ը, Facebook-ը և Instagram-ը գործում են ԱՄՆ օրենսդրությամբ, որտեղ ընկերությունները պարտավոր են հետախուզական ծառայություններին տրամադրել համապատասխան մուտքի կոդավորման բանալիներ՝ նույնիսկ առանց օրենքով սահմանված հատուկ հիմքերի ներկայացման:

«Ամերիկյան հատուկ ծառայությունները, նման լայն լիազորություններով և զգալի նյութատեխնիկական ռեսուրսներով, կարող են իրականացնել տոտալ պետական լրտեսություն ոչ միայն սեփական քաղաքացիների, այլև ամբողջ աշխարհի միլիոնավոր օգտվողների հանդեպ»,- նշում են հետազոտության հեղինակները:

Գաղտնիության նոր քաղաքականությունը նաև թույլ է տալիս մանիպուլացնել օգտվողների կարծիքը: Ինչպես պարզաբանվում է ուսումնասիրության մեջ, այս իրավիճակում առանցքային ռիսկն այն է, որ օպերատորն ի վիճակի է WhatsApp-ի օգտագործողի հաշիվները կապել Facebook-ի և Instagram-ի հաշիվների հետ, որոնք բոլորը պատկանում է Facebook-ին՝ ստեղծելով օգտվողի յուրահատուկ ամբողջական պրոֆիլ՝ հսկայական քանակի բնութագրերով:

Այն թույլ է տալիս օգտագործել արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ ոչ միայն հաշվարկելու օգտագործողի վարքագիծը, այլև այն «որոշակիորեն ծրագրավորել, հիմնվելով օգտագործողի համար զգայուն «ազդակների» վրա, նրան հատուկ տրամադրվող տեղեկատվությունների միջոցով: