Նա դեռ կվճարի․ շուտով կտեսնեք․ Բայդենը Պուտինին «մարդասպան» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», փոխանցում է Reuters-ը։

«Նա կվճարի իր գինը»,- ասել է Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել է. «Շուտով կտեսնեք»։

Միևնույն ժամանակ, Բայդենը նշել է, որ «կան ոլորտներ, որտեղ միասին աշխատելը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից», ինչպես օրինակ՝ միջուկային համաձայնագրի վերսկսումը։

Նա նաև նշել է, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել է․ «Այո»։

ԱՄՆ հետախուզության զեկույցը, որը գաղտնազերծվել է երեքշաբթի, Մոսկվային մեղադրում է Դոնալդ Թրամփին աջակցելու, Ջո Բայդենին վարկաբեկելու և ամերիկյան հասարակության մեջ «պառակտում սերմանելու» փորձերի համար:

Կրեմլում զեկույցը «անհիմն և անամոթ» են անվանել, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտել ԱՄՆ-ի ոչ մի ընտրությունների, իսկ նման «ոչ որակյալ նյութերն օգտագործվում են որպես առիթ` նոր պատժամիջոցների հարցը բարձրացնելու համար»: