Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դատարանին միջնորդել է Վաղարշակ Հարությունյանին ներգրավել՝ որպես պատասխանող կողմ

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը Վարչական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու Արմեն Սարգսյանի հրամանագիրը կասեցված է:

Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ դիմել են դատարան՝ նախագահի փետրվարի 24-ի հրամանագրի վիճարկման հայցով՝ խնդրելով, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը, որովհետև Տիրան Խաչատրյանի ու նրա ներկայացուցիչների կարծիքով՝ այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով: Դատարանը մարտի 10-ին վարույթ էր ընդունել գործը:

«Հաշվի առնելով, որ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածով եթե վիճարկման հայցը դատարանը վարույթ է ընդունում, իսկ մենք վիճարկում ենք այդ հրամանագիրը, ապա օրենքի ուժով դա կասեցվում է: Այսինքն՝ այդ ակտի հետ կապված կամ այդ ակտի կատարումն ապահովող որևէ այլ ակտ չի կարող ընդունվել»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մարտի 10-ից իր վստահորդ Տիրան Խաչատրյանը արձակուրդում է: Ավետիքյանը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ այս գործով ՊՆ Վաղարշակ Հարությունյանը երկու հրաման է ստորագրել: Նրա խոսքով՝ դեռ փետրվարի 26-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդունել էր հրաման, որով «հայտարարել է նախագահի հրամանագիրը», այնուհետև հրամայում է Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ:

«Ի զարմանս մեզ՝ Պաշտպանության նախարարն արդեն մարտի 15-ին ընդունում է մեկ այլ հրաման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից, այսինքն՝ ուժը կորցրած է ճանաչում այն հրամանը, որով իրեն ուղարկել էին արձակուրդ, որովհետև պարոն Խաչատրյանը գտնվում էր պաշտոնական արձակուրդում, և հանձնարարում է  Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Գալստյանին անձնակազմի ցուցակներից դուրս հանել պարոն Խաչատրյանին»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Խաչատրյանի շահերի ներկայացուցչի խոսքով՝ այսօր դատարան են ներկայացնել միջնորդություններ նախարարի «անօրինական ակտերի» դեմն առնելու համար: Հայցվոր կողմի ներկայացուցչի փոխանցմամբ՝  դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ պաշտպանության նախարարին ևս պատասխանող կողմ ներգրավելու մասին:

Հիշեցնենք, որ այս գործով ի սկզբանե պատասխանող կողմ է եղել նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարարը ներգրավված են եղել որպես երրորդ կողմ:

Վարուժան Ավետիքյանը նաև հայտնեց, որ երեկ Տիրան Խաչատրյանը եղել է Գլխավոր շտաբում, այնտեղ նրա մուտքին որևէ մեկը չի խոչընդոտել, իր դիտարկմամբ էլ՝ Տիրան Խաչատրյանը այժմ հանդիսանում է ԳՇ պետի 1-ին տեղակալ և պետք է շարունակի կատարել իր պարտականությունները: