Ադրբեջանը ցանկացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ ընդգծում են, որ Արցախի կարգավիճակի հարց այլևս չկա, և կարճ ժամանակ հետո Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին։  «Հայելի» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ վերաբերում է գերիներին, ապա ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության՝ հայկական կողմի համար կարևոր դրույթներից մեկը՝ գերիների վերադարձը, չի իրականացվել։ Ադրբեջանն այդ՝ 8-րդ կետից ստացել է առավելագույնը, իսկ մեզ համար միակ շահեկան բանը՝ բոլոր գերիների վերադարձը, առ այսօր կյանքի չի կոչվել։ Եթե չեմ սխալվում, մոտ 200-ին հասնող գերիներ ունենք, որոնք իդենտիֆիկացվել են, բայց նրանց վերադարձը չի իրացվել։ Այստեղից չկա կամք, պահանջ, ցանկություն։ Ցավալի է, բայց օր օրի մենք գնում ենք զիջումների»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանն այսօր Հայաստանի ու Արցախի վրա ճնշում գործադրելու նոր գործիքներ ունի. առաջին հերթին խոսքը վերաբերում է Սյունիքին, որտեղ ճանապարհների մի մասը կա՛մ անցնում է ադրբեջանական դիրքերի կողքով, կա՛մ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հատվածով։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս փուլում Ադրբեջանի սպառնալիքները՝ պատերազմի վերսկսման առումով, ավելի շատ շանտաժի են նմանվում՝ իր համար վերջնական ու ցանկալի արդյունքի հասնելուն ուղղված։

«Ադրբեջանը ցանկացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել։ Այս պահին մենք դա տեսնում ենք Սյունիքում, ապագայում դա լինելու է նաև Վայոց Ձորում և Գեղարքունիքում։ Ցավալի է, բայց եղանակային պայմանների բարելավումից հետո Ադրբեջանը սկսելու է աշխատանքներ տանել նաև այդ ուղղությամբ։ Վերջին 2-3 տասնամյակում մենք այս պրակտիկան տեսել ենք Նախիջևանի ուղղությամբ, Տավուշում, Արցախում։ Այս փորձը մեզ հուշում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ իր համար լավագույն պայմաններում դիրքավորվելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում