եթե մինչև ապրիլի 6-ը վարչապետը հրաժարական տա, ապա ընտրությունները կանցկացվեն մինչև հունիսի 1-ը, դա ամենաարագ կազմակերպվող ժամկետն է. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ավելի քան մեկ ամիս է՝ ջատագովում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա համար գնացել է զիջումների: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Մարուքյանը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ԼՀԿ-ն մտավախություն ունի, որ կարող է չհայտնվել խորհրդարանում:

«Եթե դուք հիշում եք, դեկտեմբերին եղել է հանդիպում ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների ղեկավարների և վարչապետի հետ: Այդ հանդիպման ժամանակ մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով մենք պարտավորվում ենք չառաջադրվել վարչապետի հրաժարականի դեպքում, չենք առաջադրի որևէ մեկին, որի հետևանքով խորհրդարանը կլուծարվի և կգնանք ընտրությունների: Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտում կար մեկ միասնական օրակարգ, որ պետք է ընտրենք անցումային վարչապետ: Մենք ասել ենք, որ այս պայմաններում չենք տեսնում արտահերթ ընտրության հնարավորություն և հետևաբար նման հուշագիր չի ստորագրվի, մենք ուզում ենք, որ դուք հրաժարական տաք և մենք կընտրենք անցումային վարչապետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո իրենք տեսան, որ անցումային վարչապետ ընտրելու մեթոդը չի գործում:

«Որովհետև վարչապետը ոչ մի հանգամանքով հրաժարական չի տալիս, ճգնաժամը խորանում է: Որպեսզի ճգնաժամից դուրս գանք, ԼՀԿ-ն արեց զիջում, և ասաց, որ եթե ԳՇ խնդրից մի կողմ կքաշվեք, մենք պատրաստ ենք գնալ ձեր առաջարկած ցանկացած ճանապարհով, այսինքն՝ կնքել հուշագիր, որ մարդ չենք առաջադրի, որից հետո իշխանությունը կրկին չգնաց զիջման, ԳՇ հարցում գնաց մինչև վերջ»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դրան հաջորդել է իրենց մյուս հայտարարությունը. «Եթե մինչև հունիսի մեկը կազմակերպի արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ն-ն պաշտոնապես հայտարարել է, որ որ չի առաջադրելու վարչապետի թեկնածու, որևէ ձևով չի խոչնդոտի, եթե անգամ ուրիշ ֆրակցիա առաջադրի, ապա չի ընտրի այդ թեկնածուին, միայն թե խորհրդարանը լուծարվի և մենք գնանք ընտրությունների: Հիշեցնեմ, որ սա եղել է իշխանության պայմանը, որ մենք գնանք արտահերթի՝ և՛ դեկտեմբեր ամսին,  և՛ հիմա: Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի հետ, քննարկման ժամանակ եղել է ԳՇ-ի հիմնական խնդիրը, սակայն ես նորից ասել եմ, որ հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է: Ինչու մինչև հունիսի մեկը, քանի որ եթե մինչև ապրիլի 6-ը վարչապետը հրաժարական տա, ապա ընտրությունները կանցկացվեն մինչև հունիսի 1-ը, դա ամենաարագ կազմակերպվող ժամկետն է»,- ասաց Մարուքյանը: