Քաղաքական ալտերհամակարգի ձևավորումը որպես այս մղձավանջի ավարտ և հաղթանակի գրավական

Այսպիսով Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունները հուշում են մեկ բան: Մեր հայրենակիցների մեծամասնությունն այլևս մերժել է գործող իշխանություններին և նրանց հետ որևէ կերպ իր ապագան չի կապում, գտնվում է նոր իշխանության փնտրտուքի մեջ, ինչը շատ օրինաչափ է այս փուլում: Փաշինյանին դեմ, բայց հաստատապես ինչ որ մեկին էլ կողմ մեր հայրենակից ընտրողների քանակը ծայրաստիճան քիչ է, փոխարենը ահռելի է չկողմնորոշված և լոյալ ընտրողների քանակը:

Երկիրը ինքանաբերաբար մտնում է նախընտրական փուլ և անկախ այն հանգամանքից, թե գործող իշխանության պարագլուխը որքան երկար կխաղացնի «արտահերթ ընտրություններ» կոչվող խաղաքարտը, այնուամենայնիվ այն անխուսափելի է:

Այս տեսանկյունից հետաքրքիր է դառնում ընդիմության նախապատրաստական, եթե կուզեք back office աշխատանքը, թե այս, և թե նախընտրական ժամանակաշրջանում:

Փաստացի եթե ընտրությունները անխուսափելի են, ապա իշխանության հավակնող քաղաքական ուժերը, դաշինքները և հնարավոր ալիանսներն այլևս պետք է օր առաջ մշակեն իրենց ստրատեգիան, գործիքակազմը և առաջարկն ընտրողին:

Հասկանալի է, որ «առանց Նիկոլ Հայաստան» ֆորմուլան կամ Նիկոլը որպես «боксёрская груша» մաքսիմալ դառնալու է բոլորի կողմից լայնորեն կիրառվող հիմնական գործիք: Բայց առավել գրագետները պետք է հասկանան, որ որքան էլ Փաշինյանը դեմոնիզացվի նրանց կողմից, դա չի նշանակելու, որ իրենք ավտոմատ դառնալու են նրա ֆոնին լավը և ավտոմատ հաղթող:

Որքան էլ Փաշինյանը ավերիչ դերակատարություն ունեցավ մեր երկրի համար, այնուամենայնիվ, մենք դեռ բախվելու ենք այդ ավերվածության իրական մասշտաբներին և խորությանը, որոնք այսօր ուժերի ողջ լարմամբ մասամբ թաքցվում են նրանց կողմից:

Հավատացեք, որ պետությանը հասցված այդ ավերը իրականում աննախադեպ է բոլոր առումներով, տնտեսականից մինչև իրավական, սոցիալականից մինչև բարոյական, ավտանգայինից մինչև արտաքին քաղաքական:

Հենց այս հորիզոնականների վերականգնման միջակայքում պետք է աշխատի ընդդիմությունը՝ առաջարկելով լուծումներ գոնե բացասական կետից այն զրոյականի հասցնելու համար: Այս ֆունկցիան հաջող կերպով կընթանա գործող իշխանական համակարգին ընդիմադիր ալտերհամակարգը ցուցադրելով և գործարկելով:

Դա ենթադրում է բաց և ինստիտուցոնալ ընդդիմության ոչ միայն ցուցադրություն, այլ նաև ապագա իշխանության լիդերային, կադրային և ծրագրային համակարգի ցուցադրություն, որի աշխատանքը և պոտենցիալը ընտրողը կտեսնի և կսկսի գնահատել դրա որակը, հնարավորությունները, քաղաքական և ծրագրային ապահովումը, ինչպես նաև Հայաստանի պարագայում գեր կարևոր ներքին և արտաքին կապերը:

Ողջ այս կոնցեպտը պետք է կրի գործող համակարգին ալտերնատիվ համակարգ կամ ալտերհամակարգային կոնստրուկցիա, որը կարող է աշխատեցնել և գործարկել երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու ունակություն ունեցող և գերակայություններին համապատասխանող քաղաքական օպերատոր հանդիսացող քաղաքական լիդերը:

Հենց անձամբ լիդերը իրենով, իր կողմից ձևավորած կադրային բազայի մտավոր, մասնագիտական ռեսուրսով և այլևս ստեղծված ալտերհամակարգով ունակ կլինի գոնե ծանրակշիռ կոնտրաստ և որակական տարբերություն ընդգծել իր ալտեհամակարգի և գործող համակարգի համեմատության մեջ:

Թե՛ լիդերի, թե՛ կադրերի, թե՛ մոտեցումների, թե՛ սկզբունքայնության, թե՛ տեսլականների, և թե վճռականության առումով բաց և մտածված համակարգի ցուցադրությունը և նրա ֆունկցիոնալության ամենօրյա ապացուցումն անհրաժեշտ գործիք է: Պետք չէ վախենալ ունեցած համակարգի ցուցադրությունից: Այն ենթադրում է պետության բոլոր ոլորտներին վերաբերվող խնդիրներին ամենօրյա ռեժիմով արձագանքելու և լուծումներ առաջարկելու օպերատիվ գործելաոճ՝ գործող իշխանությունից առաջանցիկ ոճաբանությամբ:

Ստվերային կաբինետի ձևավորումն ու բացահայտումը, ոլորտային քաղաքականություն մշակողների և հընթացս այն ներկայացնողների և դրանց համար «կռիվ» տվողների ամուր կադրային բանկը և ոլորտային պատասխանատուները, պետք է մրցակցեն գործող իշխանավորների հետ և պարտադիր հաղթեն մրցակցության մեջ:

Ապագա ընտրողը պետք է հընթացս պատկերացում ունենա իր ապագա կառավարության և իշխանության որակի, գերակայությունների, ուժի և կանխատեսելիության և հաշվարկելիության վրա: Եթե կուզեք, ալտերհամակագը պետք է ցույց տա երկրի ապագա քաղաքականության «դեմո տարբերակը» , «պիլոտային տարբերակը» «ֆիլմի թրեյլերը» իր քաղաքական լիդերով, պատասխանատու կառավարության կազմով, կադրերով, ուղղություններով, պատկերացումներով և խնդիրների լուծման պարտադիր դեղատոմսերով: Այս պարագայում է, որ «դեմո պրեզենտացիան» կսկսի աշխատել և մյուս կողմից վերահսկողության և խոստացվածը իրականացնելու ռեժիմում կշարունակի մնալ առայժմ ալտերհամակարգ, իսկ նախընտրական փուլում գրագետ և սկզբունքային աշխատանք տանելու դեպքում արդեն հաղթած ապագա համակարգ:

Մենք պետք հասկանանք, որ այսօր առաջնորդվելով Հայաստանում տաս, քսան տարի առաջ, քիչ թե շատ աշխատած «քաղտեխնոլոգիաներով» այլևս չի կարելի և վնասակար է: Դրանք նույն էֆեկտիվությամբ չեն աշխատելու և նոր քաղտեխնոլոգիաների, PR լուծումների, ապապոպուլիստական դեղատոմսերի ու ռացիոնալ, ազնիվ մոտեցումների ավելի մեծ պահանջարկ կա և դրանք կարող են լինել քիչ թե շատ ազնիվ, որքանով դա իհարկե հնարավոր է քաղաքականության մեջ: Այս լուծումների շահառուն պետք է այս փուլում լինի մարդը, քաղաքացին, իսկ հետագայում նաև պետությունը:

Սա պետք է արվեր դեռ երեկ և լիդերության հայտ ներկայացրած քաղաքական ակտորները պետք է այս քաղաքական ճարտարապետության հանձնարարականը վաղուց իջեցրած լինեին իրենց back office- ներին և քաղաքական միտք և պրոդուկտ արտադրելու ունակություն ունեցող շրջանակներին: Ցավոք սրտի այս ամենն արվում է շատ դանդաղ կամ առհասարակ չի արվում: Նույնիսկ Փաշինյանի օրակարգերի թելադրման և դրանց կառավարման կուրսին դիմադիր գործողության մշակման և իրականացման առումով գոյություն ունի դանդաղկոտություն և քաղաքական հաշվարկի և քաղաքական գրագիտության և վճռականության պակաս, ինչը ձեռնտու է միայն և միայն Փաշինյանին:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից