Բրիտանական ընկերության կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու վերաբերյալ կդիմենք ԱԱԾ. Ավագյան
Բրիտանական ընկերության կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու տեղեկության առնչությամբ կդիմենք Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
Նշենք՝ այսօր Բորիս Ավագյանը հայտնել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։
«Այսօր ենք ստացել տեղեկությունները։ Պատրաստվում ենք դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի այդ տեղեկությունների հավաստիությունը ստուգվի, և նյութեր նախապատրաստվեն»,- նշեց նա և հավելեց, որ պատրաստվում են դիմել այն մարմիններին, որոնք պատշաճ կերպով պետք է զբաղվեն այդ տեղեկություններով։
Հարցին՝ արդյոք այդ ընկերությունը շարունակո՞ւմ է իր աշխատանքն Արցախում, Ավագյանը պատասխանեց. «Հիմա այդ հարցով զբաղվում ենք։ Հնարավոր է, որ իրենք մինչև պատերազմն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։ Այդ բոլոր տեղեկությունները պետք է ստուգենք»։