Հիմնական օրենքը փոխելու անհրաժեշտությունը՝ լեգիտիմության սպառման իրական ցուցիչ. «Նեզավիսիմայա գազետա»

ԱՊՀ երկրներում վերջերս նման միտում է նկատվում. հենց որ ազգային առաջնորդները հասարակության տրամադրության` ոչ իրենց օգտին փոփոխություն են արձանագրում, իրենց հրաժարականի պահանջով կամ նմանօրինակ ակնարկներով բողոքի ակցիաներ են տեսնում, ասպարեզ են հանում Սահմանադրական դատարանը, ակտիվորեն խոսում են սահմանադրական բարեփոխումների, արտահերթ ընտրությունների և հանրաքվեների մասին:

Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ նշելով, որ նման քայլերի նպատակը ժամանակ ձգելն է և սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեների կազմակերպումն իրենց հսկողության տակ առնելը և այդպիսով, իշխանությունը պահպանելը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն ապացուցեց, որ քաղաքացիական հասարակության ապստամբության իրավունքն ընդամենը հռչակագիր է, որն ամրագրված չէ ոչ մեկի և ոչնչի կողմից, համենայն դեպս՝ ԱՊՀ երկրներում: Լուկաշենկոն զանգվածային ցույցերին պատասխանեց՝ համաբելառուսական ազգային ժողով գումարելով: Այն աջակցեց Սահմանադրության փոփոխության մասին նախագահի նախաձեռնությանը: Հիմնական օրենքի թարմացված տեքստը կքննարկվի հանրաքվեի ժամանակ: Դրանից հետո հերթական նախագահական ընտրությունների ժամանակը կգա, իսկ մինչ այդ Ալեքսանդր Լուկաշենկոն կշարունակի ղեկավարել երկիրը»,- գրում է պարբերականը՝ նկատելով, որ բելառուսական փորձը որոշել են օգտագործել Հայաստանում, որտեղ ժողովուրդը փողոց է դուրս եկել «Նիկոլ, հեռացի՛ր» կարգախոսով:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը, Սահմանադրության համաձայն, պետության առաջին դեմքն է, շեղող հնարք է կիրառել՝ ցուցարարներին առաջարկելով արտահերթ ընտրություններ, որոնք հենց ինքը կցանկանա անցկացնել: Այնուհետև ըստ Փաշինյանի ծրագրի՝ նոր խորհրդարանը կձևավորի կառավարություն և կնշանակի կառավարության նոր ղեկավարի: Այդ ողջ ընթացքում Փաշինյանն իշխանության ղեկին է մնալու: Սակայն նրա դեմ է դուրս եկել բանակը, որին աջակցություն է հայտնում բնակչությունը: Եվ, ամենայն հավանականությամբ, իրավիճակը պետք է կարգավորի Սահմանադրական դատարանը»,- նշում է հոդվածագիրը:

«Ղրղզստանի նոր նախագահ Սադիր Ժապարովը նույնպես խորհրդարանի արտահերթ ընտրություններ է հայտարարել, ինչը պետք է փոխի հանրապետության կարգավիճակը՝ խորհրդարանականից անցնելով նախագահականի: Ղրղզստանում նույնպես նախատեսվում է հանրաքվե անցկացնել: Նոր նախագահը, ուժեղացնելով իր իշխանությունը, ոչ միայն կպաշտոնավարի մինչև ընտրական ժամկետի ավարտը, այլև կկանխի հնարավոր պետական հեղաշրջումը: Հեղաշրջումներն ավանդույթ են դարձել Ղրղզստանում, Ժապարովը ևս իշխանության է եկել դրանցից մեկի արդյունքում:

Մոլդովայում նույնպես խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նախագահական լիազորությունների ընդլայնման մասին: Նախագահն այնտեղ իշխանության խորհրդանիշն է, սակայն նա երկրում իրավիճակի վրա ազդելու իրական լծակներ չունի: Սա խորհրդարանի և կառավարության լիազորությունն է: Նախագահ Մայա Սանդուն չի ցանկանում, որ կրկնվի իր նախորդի` Իգոր Դոդոնի հետ կապված պատմությունը, որին Սահմանադրական դատարանը զրկել էր ստորագրության իրավունքից, քանի դեռ այդ ստորագրությունն անհրաժեշտ փաստաթղթի տակ չի դրել խորհրդարանի խոսնակը: Սանդուն փորձում է հասնել իշխանության ամբողջականության:

Ուկրաինայում նախկինում նույնպես ակտիվորեն կիրառում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն ոչ թե նախագահին պահելու, այլ փոխելու համար: Այդպես, օրինակ, իշխանության եկավ Պյոտր Պորոշենկոն: Այժմ Գերագույն ռադան կարող է հանգիստ աշխատել, ինչպես և նախագահը, որի վերահսկողության տակ խորհրդարանական մեծամասնությունն է: Ավելին, նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի հեռուն է գնացել հետխորհրդային տարածության իր գործընկերներից. նա ազատել է Սահմանադրական դատարանի ղեկավարին՝ այդպիսով կաթվածահար անելով ՍԴ-ի աշխատանքը», – վերլուծում է հոդվածագիրը:

Ըստ հեղինակի՝ կա ևս մեկ հետաքրքիր պահ, որը բնորոշ է ԱՊՀ երկրներին. ժամանակին ԵՄ ծափողջյունների ներքո իրենց խորհրդարանական հանրապետություններ հռչակած երկրներում այսօր հակառակ գործընթացն է նկատվում. բոլորը կրկին ցանկանում են նախագահական դառնալ:

«Մեր դաշնակիցների, գործընկերների և պարզապես հարևանների առաջնորդները նախագահական իշխանության ամրապնդման ուղիներ են փնտրում, ինչը թույլ չի տա ինչ-որ մեկին կասկածի տակ դնել պետության գործող ղեկավարի լեգիտիմությունը, սակայն թույլ կտա ճնշել ցանկացած բողոքի դրսևորում»,- եզրափակում է վերլուծաբանը: