Օնիկ Գասպարյանի վերջին որոշումը բերելու լուրջ քաղաքական կոլապսի և հավատի ու հույսի դեֆիցիտի. Վահան Բաբայան

Եթե Օնիկ Գասպարյանը բարձրագույն զինվորական պաշտոնի է նշանակված և իրեն հակասահմանադրորեն հեռացրել են, ապա ինչպե՞ս նա կարող է դեռ հույս ունենալ, որ կկարողանա իրա սահմանադրական իրավունքը պաշտպանել այս երկրում: «Հայելի» մամուլի ակումբում այս մասին ասաց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը՝ ընդգծելով. «Եթե հաշված ժամերի ընթացքում Օնիկ Գասպարյանը լքեց իր դիրքերը, ուրեմն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում, թե նա ինչ կարծիք ունի»:

Նրա խոսքով, այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված հասարակության ակտիվ հատվածը սպասում էր Օնիկ Գասպարյանին և պարզվում է, որ նա գործելու է այլ կարգավիճակում:

Բաբայանը նշեց, որ չի կարողանում պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում ԳՇ պետի հայտարարությունը, արդյո՞ք նա ընդունում է Նիկոլ Փաշինյանի որոշումը և լքում է իր աշխատասենակը:

«Գասպարյանի հայտարարությունը նշանակում է՝ ջարդել մարդկանց հույսի ողնաշարը և Դավիթ Տոնոյանի, կամ Զոհրաբ Մնացականյանի նման անհետանալ դաշտից»,- այսպես մեկնաբանեց Օնիկ Գասպարյանի քայլը Վահան Բաբայանը:

Բաբայանը գտնում է, որ վարչական դատարան դիմելը նշանակում է սպասել, թե 6 ամիս հետո ինչ որոշում կկայացվի, իսկ այդ ընթացքում Հայաստանը շատ բան կկորցին:

Ռեֆորմիստների առաջնորդի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի վերջին որոշումը բերելու լուրջ քաղաքական կոլապսի և հավատի ու հույսի դեֆիցիտի: