Եթե Նիկոլ Փաշինյանի ուժը հերիքի, նա ամբողջ բանակը շարունակելու է ջարդել Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր՝ Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկել ՍԴ, սակայն չուղարկեց: Այսինքն՝ հետագա գործողությունների համար Սարգսյանը կրում է պատասխանատվություն: Ընդ որոմ՝ հստակ էր, որ ինքն առաջին անգամ հայտարարեց, որ առաջարկությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նույն բանը չհայտարարեց 2-րդ անգամ»,-նշեց նա՝ ընդգծելով, թե դա ցույց է տալիս, որ ինչպես ունենք մեր երկրի համար վնասակար վարչապետ, ունենք նաև այսպիսի նախագահ:

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախագահի վրա ճնշումներ եղե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը, ճնշումներին ենթարկվելով, պետք է որոշումներ ընդունի, ում է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա՝ նշելով, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր մոտ տպավորություն է եղել, թե Սարգսյանն առաջարկությունը կուղարկի ՍԴ:

«Շատ զարմացա, որ չուղարկեց, բայց իրեն ճանաչողներն ինձ ասում էին՝ իզուր ես զարմանում»,-հավելեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախագահի հրաժարականի հարցն էլ առաջ քաշվի, Մանուկյանն արձագանքեց, թե դա այս պահին երկրորդական է: «Նիկոլ Փաշինյանին ծառայող շատ մարդ կա, մի նախագահ ավելի, մի նախագահ պակաս, դրանից շատ բան չի փոխվում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու Փաշինյանի առաջարկությանը, Մանուկյանը կարծիք հայտնեց՝ շատ հավանական է, որ Սարգսյանն այդ միջնորդությունը կստորագրի:

Ըստ Մանուկյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանի ուժը հերիքի, նա ամբողջ բանակը շարունակելու է ջարդել: «Կհաջողվի՞ դա նրան, թե ոչ, կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, որը կփոխարինի ԳՇ պետին: Մենք կորցնում ենք հայրենիքը, և դրա պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ անկախ նրանից՝ ինչքանով է կառավարվում դրսից կամ իր ներքին պոռթկումներից: Նրանից պետք է ազատվել»,-ասաց նա՝ նշելով, թե ինքը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու որևէ բան չունի:

«Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունների անցկացումն անհեթեթություն եմ համարում: Դրանք ոչ միայն կեղծ կլինեն, այլև կնշանակեն, որ նա մարսեց այն, ինչը մինչև հիմա եղել է»,-նշեց նա: