Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 23)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

 

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

1.Telegram -ում ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա պարբերականի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովի կատարած հետևյալ գրառմամբ .

«Քանի որ թեման Իսկանդերների թեման գնաց, ապա ես կպատմեմ: Մոսկվայում մոտ մեկ ամիս առաջ ծանր, երկարատև զրույց ունեցա հայկական բանակի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ եզակի զենքի թեման, ապա գրեթե բառացի կներկայացնեմ այն, ինչ ասաց Օնիկը, հետո արդեն ինքներդ որոշեք:

Պատերազմի երրորդ օրը ես, որպես բանակի շտաբի պետ, որոշեցի Իսկանդեր կիրառել երկու ռազմավարական օբյեկտների վրա: Բաքու-Ջեյհան նավթամուղի և ևս մեկի: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրել էին, որ իբր ձեր գործն է և ձեր պատերազմը: Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու Իսկանդերով հարված հասցնել ուղիղ Շուշիի ստորոտում հակառակորդի կենդանի ուժի ահռելի կուտակման վրա: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կնզովի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորի»:

Ընդգծում եմ, որ պարոն Գաբրելյանովի հրապարակած վերոնշյալ տեղեկությունն ինչպես ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից առ այս պահը չի հերքվել:

2.NEWS.am  կայքում 2021թ. փետրվարի 24-ին «Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել. Սեյրան Օհանյան» վերտառությամբ հրապարակված հարցազրույցում  ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետևյալ հայտարարությամբ, նրա հայտնած հետևյալ տեղեկություններով.

«Այս պարտությունը կրել է ոչ թե բանակը, այլ պետությունը։ Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, չի մոբիլիզացվել ամբողջ ռազմական ներուժը՝ երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, խաղաղ պայմաններից պատերազմական դրության անցնելու համար։ Չի իրականացվել զինված ուժերի մոբիլիզացիա՝ ստորաբաժանումները համալրելու համար։ 44-րդ օրը միայն 48 ժամվա զորահավաքի 97 տոկոսն են իրականացրել։ Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել  զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով։ Էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին։ Այս ամենին գումարած նաև այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Սկսած կառավարման կետերից՝ գերատեսչություններից, վերջացրած որոշ ստորաբաժանումներով կարգապահության մակարդակը շատ ցածր էր։ Այս ամենն են հանգեցրել պարտության։ Իսկ ռազմական առումով ամենակարևոր խնդիրը Անվտանգության խորհրդում քննարկումների ընթացքում, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, ճիշտ եզրակացություն, ճիշտ որոշումներ  չեն ընդունվել՝  կանգնեցնել պատերազմը, թե՞ ոչ։ Ես չեմ էլ լսել, որ նման քննարկումներ եղել են, եթե եղել են, ապա շատ քիչ՝ մեկ, երկու անգամ։ Եթե չենք կանգնեցնում, ինչպիսի վերախմբավորումներ պիտի արվեն։ Հակառակորդի կողմից ճեղքման, մխրճման գոտում ճիշտ վերադասավորումներ պիտի կատարվեին, ճիշտ ղեկավարություն, համագործակցություն իրականացվեր, որպեսզի թշնամու դեմն առնեին։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի և շատ հարցեր պարզաբանվի»։

«Իսկ սահմանի առնչությամբ մեր հասարակությանն ավելի մտահոգում է այն, թե առանց ռազմական գործողությունների ռազմավարական կարևոր բարձունքներ, ճանապարհային հատվածներ հենց այնպես, առանց սահմանագծման տրվում են թշնամուն։ Դեմարկացիա ու դելիմիտացիա կատարվում են այն պայմաններում, երբ խաղաղություն է հաստատված և հարևան երկրների հետ  հանձնաժողովներ են ստեղծում։ Մենք ունեցել ենք գեոդեզիայի ինստիտուտ, որը վերջին տարիներին լուծարվել է, նրանք էլ հնարավորություն չունեն ճիշտ տեղեկություններ տալ քարտեզների, սահմանագծի վերաբերյալ։ Գուցե դա էլ են հատուկ արել, որ հակառակորդին հեշտ ու հանգիստ այդ ամենը հանձնեն»։

3.Ս. թ. փետրվարի 25-ին Երևանում, ընդդիմության հանրահավաքում գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությամբ, որ «վերջին պատերազմը հնարավոր էր թույլ չտալ»։

4.2021թ. փետրվարի 26-ին Mediaport -ի հրապարակած հետևյալ տեղեկատվությամբ.

«Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա (ընդգծումը` մերը):

Mediaport-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից»:

Դարձյալ ընդգծում եմ, որ ինչպես ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առ այս պահը չեն հերքել Mediaport-ի հրապարակած վերոնշյալ տեղեկատվությունը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները, առերևույթ հանցագործության մասին սույն հաղորդումը գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան