Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 22)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ 

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

1.2020թ. պատերազմին մասնակցած, բանակի պահեստազորի սպա, զինվորական կոչումով մայոր, ռազմական ինժեներ Խաչատուր Մաղաքյանի այն հայտարարությամբ , որ ՀՀ զինված ուժերի ցամաքային զորքերում առկա տանկերից ոչ մի միավոր զինված չի եղել ակտիվ պաշտպանության համալիրներով: Արդյունքում  հակառակորդի կողմից ոչնչացվել ու զավթվել են, ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության, մոտ 300 տանկ: Ավելին. նշված տանկերի ոչնչացման ու զավթման հետևանքով հնարավոր չի եղել նրանց միջոցով աջակցել մեր այլ ստորաբաժանումներին, մինչդեռ շուրջ 300 տանկը հզոր հարվածային ուժ է և կարող էր կատարել բավական լուրջ մարտական խնդիրներ:

Ինչպես Խաչատուր Մաղաքյանի, այնպես էլ անձամբ իմ հավաստմամբ, բացի տանկերից, ոչնչացվել են (հավելեմ նաև` հաշմվել ու վիրավորվել) նաև թշնամու կողմից խոցված մեր տանկերի անձնակազմերի բազմաթիվ անդամներ: Ըստ Խաչատուր Մաղաքյանի հայտնած տեղեկատվության, տանկի ակտիվ պաշտպանության «Арена» համալիրի մեկ միավորի արժեքը մոտ 300 000 դոլար է: Համացանցում առկա տեղեկատվության համաձայն, Հարավային Կորեայի համար ռուսական արտադրության նշված համալիրի մեկ միավորի բազային արժեքը, ներառյալ` մարժան և ծախսերը, 2006թ. դրությամբ կազմել է 300 000 ԱՄՆ դոլար:

Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում ունենալով համապատասխան պայմանագրեր, նշված համալիրները նույնպես կարող էր գնել դրանց գործարանային, այսինքն` նվազ գներով, ինչպես հիշյալ պայմանագրերի շրջանակում Ռուսաստանից գործարանային գներով գնել է ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, հետևաբար 300 տանկի համար «Арена» համալիր ձեռք բերելու համար անհրաժեշտ էր լինելու ընդամենը 90 մլն դոլարից էապես պակաս գումար, ինչը ՀՀ պետական բյուջեի համար նույնիսկ վերջին 3 տարվա ընթացքում ամենևին անհնար ծախս չէր, առավել ևս` անհնար ծախս չէր, եթե նշված գումարի հատկացումը կատարվեր ոչ թե վերջին 3, այլ 10-15 տարվա ընթացքում:

Ավելին. անցած ժամանակաընթացքում ՀՀ-ում իշխանությունների կողմից կատարվել ու կատարվում են բազմաթիվ երրորդական, չորրորդական և ավելի նվազ կարևորության ծախսեր, որոնք, եթե նկատի ունենանք վերոնշյալ համալիրները չգնելու հանգամանքը ու դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսի կարևորությունը, դրա համեմատ հանդիսանում են ֆինանսական միջոցների, մեր երկրի ունեցած կարողությունների վատնում:

  1. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի 21.12.2020թ. հայտարարության մեջ նշված հետևյալ փաստերով.

«ՀՀ Սահմանադրության 118-րդ, 119-րդ և 155-րդ հոդվածների վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ Կառավարության գործունեությունը ղեկավարող վարչապետը միայն պատերազմի ժամանակ է հանդես գալիս որպես զինված ուժերի գերագույն հրամանատար։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրությունը չի նույնացնում «ռազմական դրություն»‰և «պատերազմ» հասկացությունները. ռազմական դրություն կարող է հայտարարվել առանց պատերազմ հայտարարելու, ընդ որում, պատերազմ հայտարարելու իրավասություն ունի բացառապես Ազգային ժողովը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ չնայած առանձին բովանդակային համընկնումներին, «ռազմական դրություն»‰և «պատերազմ» հասկացությունների սահմանադրական բովանդակությունը և իրավական արժեքը նույնը չէ.

Սա ակնհայտ է դառնում նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից, ըստ որոնց՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը, իսկ ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածում ռազմական դրության հիմքերի մեջ պատերազմը մյուս հիմքերից առանձնացված է հենց «կամ» շաղկապով։ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտատարվել է ռազմական դրություն։ Մինչդեռ՝ պատերազմ հայտարարելու վերաբերյալ որոշում Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։ Ավելին, որեւէ պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատերազմ չի հայտարարվել։

Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակի բացակայության հիմքով Վարչապետը չէր կարող համարվել գերագույն հրամանատար և, ըստ այդմ էլ, արձակել հրամաններ՝ կապված ռազմական գործողությունների հետ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առ այսօր Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն տալիս է ակնհայտ ապօրինի հրամաններ, այլև՝ այդ հրամանների կատարման արդյունքում, առանց որևէ համապատասխան իրավական հիմքի՝ օրենքի և/կամ միջազգային պայմանագրի, տեղի է ունենում գծանշում, որով ակնհայտ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, վտանգի տակ է դրվում առավելապես ՀՀ անբաժանելի մաս կազմող Սյունիքի մարզի բնակիչների կյանքը և առողջությունը՝ անտեսելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության պահանջը․ «Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։ Միաժամանակ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է, որ հակամարտող կողմերի զինված ուժերը կանգ են առնում այնտեղ, որտեղ գտնվում են ստորագրման պահին, և սահմանվում է հստակ ժամանակացույց ՀՀ և ԱՀ զինված ուժերը երեք շրջաններից դուրս բերելու համար:

Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ մասում տեղակայված ՀՀ զինված ուժերի դուրս բերման, ինչպես նաև խաղաղ բնակչության տարհանման մասին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետագա ճշգրտումը կարող էր դառնար եռակողմ բանակցությունների առարկա: Սահմանների ճշգրտման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որևէ բանակցություններ չեն ընթացել, չեն ձևավորվել օրենքով նախատեսված միջպետական հանձնաժողովներ, որևէ իրավական ակտով հստակեցված չէ այդ սահմանի անցնելու կոնկրետ գծանշումները:

Մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներից, Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ մտնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ` փաստացի խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը: Սա փաստում է այն մասին, որ պետական դավաճանությունը չի ավարտվել, շարունակվում է մինչ օրս և եթե այն չկասեցվի, չխափանվի հիմա, ապա անխուսափելիորեն հանգեցնելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին գտնվող նոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելուն»:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի նույն հայտարարության համաձայն, «Այլևս փաստ է, որ Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով: Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ այդ այդ ստվերային բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցում և սահմանափակված է միայն բանակցությունների արդյունքներով պայմանավորված սահմաններում խաղաղապահ ուժեր տեղակայելով… »:

Ելնելով վերը նշվածից, միանում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից ղեկավարվող ու հանցավոր արարքներ կատարած այլ պաշտոնատար անձանց  (հնարավոր է` կազմակերպված հանցավոր խմբին) անհապաղ ձերբակալելու Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի պահանջին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Այո, ձերբակալումը, նախ և առաջ, իրավաչափ նպատակ ունի կանխելու, խափանելու և ընդհատելու շարունակվող պետական դավաճանությունը, կանխարգելելու ՀՀ տարածքը մաս առ մաս Ադրբեջանին հանձնելու շարունակվող հանցավոր գործընթացը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ, ղեկավարվել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան