Ազգադավ Նիկոլը նոր հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը և ռազմավարական շահերին

Իրավիճակը պահանջում է ժամ առաջ, վայրկյան առաջ մեկուսացնել նրան, առնվազն մեկուսացնել…

Սկիզբը` այստեղ

 

Պետության, իշխանության ղեկին Նիկոլի գտնվելը նման է ինքնաթիռի կամ ավտոմեքենայի ղեկին հարբած բոմժի գտնվելուն. շատ մարդիկ այս և այսպիսի համեմատություններից հետո հռետորական հարց են տալիս` բա պա՞րզ չէ, որ նա պետությունը տանում է կործանման:

Վերոնշյալ համեմատությանն, ընդհանուր առմամբ, կարելի է համաձայնել, բայց ոչ բոլոր դեպքերում: Կան բազմաթիվ օրինակներ նրա հայտարարությունների, գործողությունների, որոնք իսկապես արտահայտությունն են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ապաշնորհության, մտավոր կարողությունների անբավարարության, տվյալ հարցում անտեղյակության, տգիտության:

Այնուհանդերձ, մի շարք դեպքերում Նիկոլի հայտարարությունները, գործողությունները և անգործության դրսևորումները ոչ թե նրա անտեղյակության, տգիտության արտահայտությունն են, այլ ազգադավության, դավաճանության: Այդ շարքից է նաև «Իսկանդեր»-ի չպայթելու կամ, օրինակ, 10 տոկոսով պայթելու մասին նրա հայտարարությունը, որի նպատակը հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերություններին հարված հասցնելն է: Այս հարցում հեշտ է համոզվել, եթե տվյալ հայտարարությունը դիտարկում ենք նրա ավելի վաղ արած հակառուսական ուղղվածության այլ հայտարարությունների հետ միասին: Հիշենք, թեկուզ, Նիկոլի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը, որին անդրադարձել ենք մեր  «Փաշինյանի (Փաշաևի) այս քայլը նույնպես պետք է դիտարկել նրա դավաճանական գործողությունների երկար շղթայում» վերտառությամբ վերլուծականով:

Կա նաև երկրորդ հիմքը, որը մեզ իրավունք է տալիս վերոնշյալ գնահատականի համար: ՀՀ վարչապետի պաշտոնին գտնվողը չէր կարող չիմանալ, որ որևէ հրթիռի մարտագլխիկ չի կարող պայթել, օրինակ, 10 կամ, թեկուզ, 90 տոկոսով, այսինքն` մասամբ, պայթում է ամբողջությամբ կամ չի պայթում, իսկ եթե խոսքը «Իսկանդեր»-ի հրթիռի մարտագլխիկի մասին է, այն չի կարող չպայթել:

Եվ, վերջապես, երրորդ հիմքը. ՀՀ վարչապետի պաշտոնին գտնվողը չէր կարող չիմանալ, որ 2020թ. պատերազմի ընթացքում հայկական կողմից «Իսկանդեր»-ի որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի որևէ թիրախի ուղղությամբ, հետևաբար այն չէր կարող չպայթել կամ պայթել, օրինակ, 10 տոկոսով:

Փետրվարի 24-ին հրապարակված այս հոդվածի սկզբնամասում հստակ նշել էինք` դեռ ապացուցված չէ, որ հայկական կողմն Ադրբեջանի որևէ թիրախի հարվածել է «Իսկանդեր»-ի հրթիռով, եթե թեկուզ մի պահ ընդունենք, թե այդ հրթիռի մարտագլխիկը չի պայթել: Հակառակը` եթե Հայաստանը կամ Արցախը «Իսկանդեր»-ի թեկուզ մեկ հրթիռ արձակած լինեին Ադրբեջանի ուղղությամբ, ապա Ադրբեջանն անմիջապես դա ցուցադրած կլիներ իր հեռուստատեսությամբ` թեկուզ միջազգային հանրությանը ներկայացնելու համար, թե Հայաստանն իր դեմ ինչ զինատեսակ է օգտագործել, և ավելին` որպեսզի դրանով իրավունք ձեռք բերի Հայաստանի դեմ մարտավարական հրթիռներ օգտագործելու, քանի որ ամբողջ աշխարհում «Իսկանդեր» միայն Ռուսաստանն ու Հայաստանն ունեն: Եվ քանի որ Ադրբեջանը որևէ հայտարարություն չի արել իր դեմ «Իսկանդեր»-ի օգտագործման վերաբերյալ, ուրեմն հայկական կողմն իսկապես չի արձակել «Իսկանդեր»-ի որևէ հրթիռ Ադրբեջանի ուղղությամբ:

Ավելին. անցած ողջ ընթացքում Հայաստանում որոշ անձանց և ԶԼՄ-ների կողմից նշվել է «Իսկանդեր»-ով միայն Շուշիին հարվածելու մասին, մինչդեռ տեսագրությունում, որը ներկայացնում է հրթիռի հարվածի պահը, հստակ լսվում է հայ զինվորականներից մեկի խոսքը ռուսական «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռով հասցված հարվածի մասին:

Եվ, ահա, փետրվարի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել:

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշեց ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը և

ընդգծեց, որ հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ զինված ուժերի պահեստներում։

Իգոր Կոնաշենկովը Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները չվտանգելու նպատակով աշխատեց Նիկոլ Փաշինյանի առնչությամբ հնարավորինս մեղմ կարծիք արտահայտել. «Իսկանդեր»-ի օգտագործման վերաբերյալ Նիկոլի հայտարարությունը ստախոսության, կեղծարարության դրսևորում համարելու փոխարեն, ինչպիսին է այն իրականում, Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտնեց այն կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանին, ըստ ամենայնի, մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել։

Նկատենք, որ Նիկոլի առնչությամբ այս կարծիքը սոսկ պայմանականորեն կարելի է համարել մեղմ, որովհետև այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, այն էլ պատերազմի և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում, ՀՀ պաշտպանության նախարարը կամ մեկ ուրիշը «չմո»-ի տեղ է դրել և իրականությանը բացարձակապես չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն հայտնելով, մոլորության մեջ գցել: Նույնիսկ կարելի է պատկերացնել, որ պարոն Կոնաշենկովի վերոնշյալ կարծիքը լսելուց հետո, «ժող ջան»-ը կարեկցեց Նիկոլին` խե՜ղճ Նիկոլ…

Իրականում, սակայն, որևէ մեկը Նիկոլին մոլորության մեջ չի գցել, քանի որ ստի, կեղծիքի հեղինակը հենց նա է, իսկ նպատակը մեկ գնդակով երկու նապաստակ խփելն է. մեկը` հերքելը իր կողմից պետական դավաճանությունը հիմնավորող փաստարկներից մեկը, որ պատերազմի ընթացքում թշնամու նկատմամբ այդպես էլ չի օգտագործվել մեր ամենահզոր զինատեսակը` «Իսկանդեր»-ը, մյուսը` իր այդ հայտարարությամբ հերթական հարվածը հասցնելը հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը և ռազմավարական շահերին:

 

Արթուր Հովհաննիսյան