Ազգադավ Նիկոլը նոր հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը և ռազմավարական շահերին

Իրավիճակը պահանջում է ժամ առաջ, վայրկյան առաջ մեկուսացնել նրան, առնվազն մեկուսացնել…

 

Նիկոլը շարունակելով իր դավաճանական գործունեությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ, երեկ հերթական հարվածը հասցրեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը նաև այս առումով, մեր ռազմավարական շահերին:

Դեռ շատ ավելի վաղ, քան կապիտուլյանտն իր դավաճանական գործունեությամբ և անգործությամբ Հայաստանը և Արցախը կհասցներ ներկայիս ողբալի, թշնամու առջև գրեթե անպաշտպան ու թշվառ վիճակին, գրել, ինչպես նաև մեր հաղորդումների ընթացքում հայտնել, զգուշացրել էինք, որ Նիկոլն արևմտյան հայտնի ուժերի ակտիվ աջակցությամբ իշխանության է բերվել Արցախի Հանրապետության մաս կազմող, նրա անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող մեր հայրենիքի ազատագրված տարածքները (7 շրջանները) պարտվողական պատերազմով Ադրբեջանին հանձնելու համար:

Հետագա իրադարձություններից պարզ դարձավ, որ մեծ է ոչ միայն թշնամու ախորժակը` տիրանալ նաև Արցախի Հանրապետության մնացած մասին, Սյունիքին կամ նրա առանձին հատվածների, այլև այդ ախորժակը բավարարելու ազգադավի պատրաստակամությունը. թշնամուն դավաճանաբար հանձնվեցին նաև Հադրութը, Շուշին, ԱՀ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի մոտ 72 տոկոսը, ինչպես նաև հատվածներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից: Առայժմ միայն Սյունիքի…

Ազգադավը, սակայն, չի սահմանափակվել միայն մեր հայրենիքը Ադրբեջանին մաս առ մաս հանձնելով: Նա իր քաղաքական թիմի, շրջապատի մի շարք անդամների, հովանավորյալ կազմակերպությունների և անձանց հետ միասին աստիճանաբար, բայց հետևողական քայլերով հարվածներ է հասցրել ու հասցնում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, մեր ազգային անվտանգությանը նաև այս առումով, մեր ռազմավարական շահերին: Այդ հարվածներից հերթականը դավաճանը հասցրեց փետրվարի 23-ին («պատահական» զուգադիպությամբ` Հայրենիքի պաշտպանի օրը) 1in.am-ի հետ զրույցում:

Նվեր Մնացականյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկը (ես զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել) իրե՞ն է հասցեագրված…

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Իսկ գուցե պատասխանե՞ն՝  իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»:

Նիկոլը թերևս կորցնելով իրավիճակը համարժեք գնահատելու կարողությունը, չի գիտակցում, որ այսօր մերժվածն ինքն է կամ նաև ինքը, հնարավոր է նաև, որ գիտակցում, բայց միտումնավոր անտեսում է տվյալ փաստը ու նախընտրում այդպիսին ներկայացնել միայն քաղաքական հակառակորդին: Սակայն բուն թեմայից չշեղվենք և անդրադառնանք հիշյալ զրույցին:

Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում… Ուշադրություն դարձրեք «վարչապետ» կոչվածի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի պատասխանին` «Չգիտեմ»: Ինչպե՞ս չհարցնել` բա որ չգիտեq, ի՞նչ եq բարբաջում…

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շահարկելով 80-ականների զենքի թեման:

2020թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանին կամ Հայաստանն Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել, սակայն եթե նրանցից մեկնումեկը պատերազմ հայտարարեր, ապա, ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու էր վարչապետը, տվյալ պարագայում` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար նա չէր կարող չիմանալ, որ ռուսական արտադրության օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համալիրի որևէ նմուշ չի կարող լինել 80-ականների արտադրության` այն պարզ պատճառով, որ ՌԴ-ում «Իսկանդեր»-ի նախագծումը սկսվել է 1993 թվականից, 1998-2005թթ. պետական փորձարկումների շրջանում է եղել, և միայն դրանից հետո է սկսվել սերիական արտադրությունը, և նույնիսկ Ռուսաստանի սպառազինության կազմում այն ընդունվել է 2006 թվականից:

Իմանալով այս ամենը և ասելով, որ «80-ականների զե՞նք էր գուցե», պատասխան ակնկալելով` «…իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով», Նիկոլը հեգնել, ծաղրել է ռուսական լավագույն զենքերից մեկը` թիրախներին երաշխավորված ու գերճշգրիտ հարվածներ հասցնելու ունակ «Իսկանդեր» հրթիռային համալիրը, զբաղվել տվյալ զինատեսակի, խոշոր հաշվով նաև Ռուսաստանի ռազմատեխնիկական կարողության ակնհայտ հակագովազդով: Եթե տվյալ փասռը դիտարկում ենք նրա այլ հայտարարությունների, գործողությունների համատեքստում, ապա պարզ է դառնում (համենայն դեպս, ես այսպես եմ գնահատում), որ Նիկոլի նպատակը Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների խաթարումն է և հասնելն այն բանին, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս չտա նորագույն զենք կամ վաճառի ոչ թե գործարանային, այլ դրանից շատ բարձր գներով:

Երկրորդ. դեռ ապացուցված չէ, որ հայկական կողմն Ադրբեջանի որևէ թիրախի հարվածել է «Իսկանդեր»-ի հրթիռով, եթե թեկուզ մի պահ ընդունենք, թե այդ հրթիռի մարտագլխիկը չի պայթել: Եթե Հայաստանը կամ Արցախը «Իսկանդեր»-ի թեկուզ մեկ հրթիռ արձակած լինեին Ադրբեջանի որևէ թիրախի ուղղությամբ, ապա Ադրբեջանն անմիջապես դա ցուցադրած կլիներ իր հեռուստատեսությամբ` թեկուզ միջազգային հանրությանը ներկայացնելու համար, թե Հայաստանն իր դեմ ինչ զինատեսակ է օգտագործել, և ավելին` որպեսզի դրանով իրավունք ձեռք բերի Հայաստանի դեմ մարտավարական հրթիռներ օգտագործելու, քանի որ ամբողջ աշխարհում «Իսկանդեր» միայն Ռուսաստանն ու Հայաստանն ունեն:

Երրորդ. «Իսկանդեր»-ի հրթիռի մարտագլխիկը պայթելիս չի կարող պայթել ընդամենը, օրինակ, 10 տոկոսով, ոչ էլ, թեկուզ, ասենք, 20, 30, 40, 50 կամ 90 տոկոսով, այն պայթում է ամբողջությամբ: Սա հասկանալու համար պետք չէ ռազմական ոլորտի մասնագետ լինել, միջնակարգ կրթությունն էլ բավարար է, հետևաբար Նիկոլը թեև շատ հարցերում տգետ, չէր կարող այդքանը չիմանալ:

Չորրորդ. մի պահ ընդունենք, թե Նիկոլը վերոնշյալ հարցում էլ է տգետ, ինքը չի գնացել Ադրբեջան կամ մարտի դաշտ, այն թիրախի մոտ, որին իբր ուղղված է եղել «Իսկանդեր»-ի հրթիռը, անձամբ չի տեսել հրթիռի մարտագլխիկի պայթած չլինելը կամ, օրինակ, 10 տոկոսով պայթած լինելը, իրեն այդ մասին կեղծ զեկույց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի կամ ԱՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյան, կամ էլ այդ մասին հայտնել է ԱՀ նախագահը: Եթե Նիկոլն ինքը չէ այդ կեղծ տեղեկատվության աղբյուրը` որոշակի ազգադավ միտումով, դավաճանական նպատակով, ապա պարտավոր է հայտնել, թե իրեն ով է այդ կեղծ տեղեկատվությունը հայտնել:

«Yerevan.Today» լրատվական կայքը դիմել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանին՝ հասկանալու՝ արդյոք եղե՞լ են իրական հիմքեր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդեր»-ի հրթիռի չպայթելու կամ, օրինակ, 10 տոկոսով պայթելու մասին հայտարարության համար, և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր, առաջին հերթին, այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերն» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքաղաքական էլիտային: Հնարավո՞ր է, որ «Իսկանդեր»-ի հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես ասել է Փաշինյանը: Եվ ահա թե ինչ է գրել «Yerevan.Today»-ը, ներկայացնելով վերոնշյալ հարցին գեներալի տված պատասխանը.

«ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին և չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:

Ընդգծենք, այս զինատեսակը  բավականին ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում: Բանն այն է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական այս միջոցը,  իրականում, որպես շատ լուրջ զինատեսակ, համալրում է ոչ միայն ռուսական բանակի սպառազինության  շարքերը, այլև ազդեցիկ գործոն է ՌԴ-ի հետ  գործընկեր պետությունների հետ ռազմամթերքի գործարքներում: Հետևաբար, ավելորդ է նշել, որ թե որքան կարևոր է այս զինատեսակի մասին  միջազգային արձագանքները՝ ՌԴ-ի համար»:

Եվս մեկ մեջբերում «Yerevan.Today»-ի նույն հրապարակումից.

«Իրավիճակն ավելի է լրջացնում այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանն այդ մասին առաջինը հայտարարողը և այն էլ միանգամից հրապարակային՝ առանց դրա հիմնավոր մասնագիտական վերլուծությանը հանգելու:

Մինչդեռ ռազմական գործարքով ձեռքբերված զինամթերքի որակի մասին պետք էր առաջինը տեղեկատվություն փոխանցել մատակարարող կողմին կամ գոնե հիմնավոր փաստարկներով քննարկում ձեռնարկել երկկողմ համապատասխան ֆորմատով»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան