Հայաստանը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ. Վաղարշակ Հարությունյանը՝ «ՌԻԱ Նովոստիին»

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնմամբ և զարգացմամբ«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան իր ամբողջությամբ կազմում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) համատեղ խմբավորում, և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբավորման ներուժի ստեղծում, որը երկկողմանի հիմունքներով գործում է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմական և քաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է կատարել բազայի ամրապնդման և վերազինման ուղղությամբ»:

«Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ է լինելու», – վստահեցրել է Հարությունյանը:

Նշենք՝ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ. փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի`վերջինիս գտնվելու ժամկետը երկարացվել է նախնական 25 տարուց մինչև 49 տարի, այսինքն՝ մինչև 2044 թվականը: