Էրդողանն ու Պուտինը քննարկել են Արցախում հրադադարի պահպանման խնդիրները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ermenihaberի տեղեկացմամբ, այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են  տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:

Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն Լեռնային Ղարաբաղի ճանապարհային և երկաթուղային հաղորդակցման ուղիները, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթանում են  հունվարի 11-ի համաձայնագրից հետո:

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Աղդամում հիմնված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությանը, նշել է, որ այն «բարեհաջող կերպով իրականացնում է հրադադարի ռեժիմի վերահսկումը»:

Էրդողանը պնդել է, որ հրադադարի պահպանման համար պետք է բոլոր հարցերում համատեղ ջանքեր գործադրել: