Ինչու Բաքուն համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին․ Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա հնարավորություններին և այդ գործընթացին մասնակից կողմերին։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ), համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ նրանք տեսազանգերով առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Երկխոսությանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «համանախագահները նախարարների հետ երկար և բովանդակալից զրույց են ունեցել տարածաշրջանում կայունությունը հարցով փոխգործակցության, միջնորդական գործընթացի մեթոդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի վերաբերյալ»:

Այս դիվանագիտական լեզուն հնարավոր չէ թարգմանել հասկանալի քաղաքական լեզվով, քանի որ համանախագահները, չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո հակամարտության գոտում առկա լուրջ փոփոխություններին, բանակցային գործընթացում շարունակում են հավատարիմ մնալ գաղտնիության քաղաքականությանը: Հետևաբար, կփորձենք ուրվագծել որոշ իրադարձություններ, որոնք հանգեցնում են որոշակի մտորումների: Ինչպես գիտեք, Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանց դիմավորել է՝ «մենք ձեզ չենք հրավիրել» արտահայտությամբ: Ավելին, Ալիևը հայտարարել է «Ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին», և հարց բարձրացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա կենսունակության վերաբերյալ: Իրոք որ, Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել պատերազմի վերջին փուլին, երբ Ռուսաստանը (Թուրքիայի հետ կապի մեջ գտնվելով), Ադրբեջանն ու Հայաստանը ուղղակիորեն զբաղված էին հակամարտության լուծման ուղիներ որոնելով, որից հետո հակամարտության հետագա լուծման համար «նոր հնարավորությունների միջանցք» էր ուրվագծվել՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից բացի: Առավելևս, որ ՄԽ նախորդ բանակցային օրակարգն արդեն արդիական չէր:

Այնուամենայնիվ, Մոսկվան որոշել է չհրաժարվել Մինսկի խմբի գործունեությունից, ինչպես և Հայաստանը, որը հասկանալի պատճառներով հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ սկսելու, իսկ ավելի հստակ՝ շարունակելու պատրաստակամության մասին: Խնդիրը Բաքվի դիրքորոշումն էր, որի համար այս ձևաչափով նոր բանակցությունների վերսկսումը այս կամ այն կերպ շոշափում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը: Ձևականորեն նա կարող էր առաջարկել լուծել այս հարցը, ինչպես նաև ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը` Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում: Այնուամենայնիվ, Ալիևը, ելնելով իր նկատառումներից, որոշել է հակամարտությունը չհանել համաշխարհային դիվանագիտության իրավասության տիրույթից՝ այդպիսով «խորհրդավոր ինտրիգ» ստեղծելով: Ըստ որոշ ադրբեջանցի փորձագետների, դա պայմանավորված է նաև նրանով, որ որոշակի պայմաններում Բաքուն կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահ առաքելությունը համալրելու հարց բարձրացնել՝ կանխելով ռազմական հենակետում ռուս խաղաղապահ առաքելության մշտական հիմունքներով տեղակայումը: Մյուս կողմից, Մոսկվան, մյուս համանախագահների հետ, նույն ձևաչափով կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնել՝ «համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»:

Այս տրամաբանության մեջ Մինսկի խումբը կարևոր է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խաղացողների համար: Ըստ «Ջեյմսթաուն հիմնադրամ»–ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը «կարող է նոր գաղափարախոսություն ձեռք բերել»: Ամեն ինչ ցույց է տալիս, որ հատկապես այս խնդրի լուծմամբ են այժմ զբաղվում Մինսկի խմբի համանախագահները, որոնք փակ հանդիպումներ են անցկացնում միմյանց հետ: Այս հանդիպումներից մեկը վերջերս է կայացել՝ Վարշավայում: Սակայն որոշակի հստակություն կլինի միայն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախանշեն առաջարկությունների փաթեթը, որը նրանք պատրաստում են հակամարտության կարգավորման համար: Դա պետք է ներառի Ղարաբաղում նոր պատերազմի մերժումը` պայմաններ ստեղծելով հակամարտության կողմերի միջև փոխադարձ քաղաքական վստահության աճի և Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղության համաձայնագրով ամրագրված պաշտոնական պարտավորությունների կատարման միջոցով: Միայն այդ կերպ ԵԱՀԿ Մինսկի խումբը կբարձրացնի խաղաղապահ առաքելության իր հեղինակությունը: Ճիշտ է, դժվար թե այժմ հնարավոր լինի վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, և այդ ուղղությամբ համանախագահները ստիպված են լինելու խաղաղ երկխոսության շարունակություն կառուցել՝ դրանք հստակորեն երկու գծի բաժանելով։ Առաջին հերթին պետք է հստակ առաջնահերթություն տալ պատերազմի և խաղաղության խնդիրներին, և ապա՝ մարդասիրական այլ հարցերին: Եթե առաջին գծում կայուն առաջընթաց չլինի, ապա մնացած հարցերի քննարկումը կորցնում է իմաստը:

Միգուցե ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվին և Երևանին առաջարկի խաղաղության ընդլայնված համաձայնագիր կնքել, որին կարող են երկու կողմից էլ որոշակի գործողություններ հաջորդել` ընդհուպ մինչև միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ: Սակայն սա դեռ լավատեսական սցենար է հետագա զարգացումների համար: Չի կարելի բացառել ԱՄՆ-ի կողմից «նոր մոտեցումների» ի հայտ գալը, որոնք կարող են առհասարակ կործանել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս առջևում է, և ԱՄՆ-ն իր նպատակն է համարում Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատումը, որը կարտացոլի ոչ միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի, այլև Երևանի շահերը»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ–ի իշխանություններին չի շփոթեցնում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկին օրակարգը լիովին հնացել է, և այսօր տարածաշրջանը բոլորովին նոր իրողության մեջ է ապրում: Այնուամենայնիվ, իրավիճակը որոշակի միջանկյալ պահի սառել է, որը Մինսկի խումբը փորձում է լրացնել:

Կարելի է եզրակացնել, որ Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղում դեռևս պայքար կա՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այնուամենայնիվ,  նոր խնդիրները դժվար կլինի լուծել առանց Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ցանկության և նրանց միջև համագործակցության»:

Աղբյուրը՝ tert.am