Թող թաքնվեն նրանք, ովքեր Հայրենի՛ք են դավաճանել

Ընկերներս ինձ տեղեկացրեցին, որ ոմն Տարոն Չախոյանն (Тарон Чахоян) անդրադարձել է իմ գրառումին, առ այն, որ ներկայիս դավաճանական ռեժիմը մտադիր է կառուցել Հայաստանում ոստիկանական պետություն։ Մասնավորապես, Տարոնն անվանել է այն «ֆեյք», միայն մի պատճառով, որ տեսանյութում առկա դեպքերը տեղի են ունեցել ոչ թե վերջերս, այլ կես տարի առաջ՝ 2020-ի օգոստոսին։ Ավելին, իր գրառման վերջում նա ինչ-որ անհեթեթություններ է ավելացրել իմ մասին։ Անկեղծ ասած, սույն անձին ծանոթ չեմ, բայց իր գրառման հետ ծանոթանալուց հետո հասկացա, թե որտեղից են աճում այս ստախոսի ոտքերը։

Տարոնը պնդում է, որ ես սխալ եմ նշել դեպքի օրը, ուրեմն նյութն ամբողջովին ապատեղեկատվություն է։ Մի՞թե նա արդարացի է։ Միանշանակ ոչ։ Իմ գրառման իմաստը ոչ թե օրն է եղել, այլ ոստիկանի զգեստով անձանց հակաօրինական պահվածքը։ Միգուցե Տարոնը ցանկանում է արդարացնե՞լ այդ անձանց հակաօրինական պահվածքը, ասելով, որ սա «ֆեյք է»։ Չգիտե՛մ, թողնենք դա Տարոնի խղճին, եթե իհարկե նա խիղճ ունի։ Մի խոսքով, փաստը մնում է փաստ, սույն դեպքը տեղի է ունեցել 2018-ի «թավշյա» պետական հեղաշրջումից հետո, և նման դեպքերը բնորոշ են հիմնականում ոստիկանական պետություն կառուցող իշխանություններին։ Անցնենք առաջ, և այստեղ սկսվում են Տարոնի գրառման իրական նպատակները՝ զրպարտել ինձ, օգտագործելով մանիպուլյատիվ մեթոդներն ու բացահայտ ստերը։

Նախ՝ Տարոնն ասում է, որ ես Ղազախստանի քաղաքացի եմ դարձել Հայաստանից աքսորումից հետո։ Հիմա կամ Տարոնին խաբել են, կամ նա գուշակությամբ է զբաղված եղել, թե որ երկրի քաղաքացի եմ ես, և իհարկե, սխալվել է։ Տարո՛ն, ես Ղազախստանի քաղաքացիությամբ եմ մուտք գործել Հայաստան, դեռ 10 տարի առաջ։ Սա կարող ես ճշտել նույն «Օրբելի» կենտրոնում, կամ Հայ-Ռուսական համալսարանում։ Ինչքան պետք է հուշե՛մ, որ հեքիաթներ հորինելուց գոնե ուշադիր ծանոթացեք իմ անձնական տվյալների հետ, որոնք հրապարակայնորեն հայտնի են բոլորին։ Այս բացահայտ սուտը մի կողմ դնենք, որովհետև Տարոնն անցնում է ՀՀ ներկայիս ազգադավ ռեժիմին բնորոշ մանիպուլյատիվ մեթոդների կիրառմանը։ Մասնավորապես, նա խոսում է ինչ-որ «հակապետական արարքի» մասին, ինչի պատճառով իբրև ինձ աքսորել են Հայաստանից։

Հիշեցնեմ, որ 2019-ի նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց սննդի՝ արտաքսեցին Մոսկվա։ Որևէ քննչական գործողություն ո՛չ այս ընթացքում, ո՛չ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել։ Ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունից, ո՛չ էլ ոստիկանությունից ինձ հետ երբևիցե չե՛ն կապվել։

Խորհին մտածող մարդկանց համար զարմանալի չէ՞, թե ինչպես կարող է մարդ, ով, ինչպես ասում է Տարոնը, «հակապետական արարքի» մեջ է մեղադրվում, և միաժամանակ շարունակում էր ազատ ապրել Հայաստանում /մինչև իմ գործուղմանը որևէ խնդիր չե՛մ ունեցել/ և աշխատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում /ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված 2020թ. հունվար ամսին՝ հիմք ընդունելով այն, որ իմ կացության մշտական քարտը ճանաչվել է անվավեր/: Տարո՛ն, փաստորեն, եթե իմ գործուղումը դեպի Տաջիկստան չլիներ, իմ նման «վտանգավոր անձը» կշարունակեր բնակվել Հայաստանում։

Ըստ Տարոնի, ստացվում է, որ ՀՀ ԱԱԾ և Ոստիկանությունը գտնվում են իմ վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով էլ մինչ օրս իմ դեմ քրեական գործ չեն հարուցել՝ «հակապետական արարքի» համար։ Ծիծաղալի է այս ամենը։

Այս ընթացքում ես բազմիցս դիմել եմ ՀՀ Անվտանգության ծառայությանը և իշխանություններին, հիմա էլ Տարոն Չախոյանին եմ ասում՝ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։

Ի դեպ, կարծում եմ հասարակությանը բավականին հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Տարոնը Արցախյան պատերազմի ընթացքում տարածել ապատեղեկատվություններ, փաստացի մոլորության մեջ գցելով հայ հասարակությանը։ Միգուցե դավաճանական ռեժիմի ներկայացուցիչներից իրեն խոստացած գումարի համա՞ր է այս ամենը արել։ Հավանաբար, Տարոնը նաև մեծ ջանք է ներդրել «ԳյոռբաԳյոռ2020» գործողության ընթացքում «Գետաշենի ազատագրման» գործում։

Ինչպես հասկացա, Facebook-ում Տարոնի հետ մի քանի տասնյակ ընդհանուր ընկերներ ունեմ։ Խնդրում եմ Տարոնին փոխանցեք այս գրառումը, ու նաև ասեք, որ ես երբևիցե որևէ մեկից չե՛մ թաքնվել։ Թող թաքնվեն նրանք, ովքեր Հայրենի՛ք են դավաճանել։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից