Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 21)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

1․ Ղրիմի Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհազորայինների հրամանատար Սամվել Մարդոյանի այն հայտարարությամբ, որ պատերազմի երկրորդ օրն առաջարկել է ՀՀ իշխանություններին և պատրաստ է եղել ուղարկել պատերազմի դաշտ 450 փորձառու մարտիկների, ովքեր անցել էին մի քանի պատերազմների բովով։

Ղրիմի Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհազորայինների հրամանատար Սամվել Մարդոյանը հայտարարել է, որ պատերազմի երկրորդ օրն առաջարկել է ՀՀ իշխանություններին և պատրաստ է եղել ուղարկել պատերազմի դաշտ 450 փորձառու մարտիկների, ովքեր անցել էին մի քանի պատերազմների բովով։ Այնուհետև Ալեքսանդր Բորոդան իր հերթին պատրաստ է եղել Արցախ ուղարկել 7000 կամավորականի, ովքեր պատրաստ էին բացառապես հանուն գաղափարի, հավատի` «Քրիստոսի անվամբ», պաշտպանել Արցախը։ Ի պատասխան այս առաջարկներին, նախագահ Արմեն Սարգսյանը 4 օր հետո Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է օրենք, որով արգելվել է վարձու զինվորների մասնակցությունը պատերազմական գործողություններին։

«Միայն դավաճանը կարող է վարձկան համարել «Հանուն Քրիստոսի» մեր ժողովրդի կողքին կանգնողներին»,- հայտարարել է Սամվել Մարդոյանը։

2․ «Ազգային Վերահսկողական Համակարգ»-ի կողմից 2021թ. հունվարի 29-ին հրապարակված տեսանյութում հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանի հայտարարություններով ու բացահայտումներով  առ այն, որ`

Ա) Զրահաբաճկոնների և սաղավարտների քանակը չի համապատասխանել զորքի թվաքանակին: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, որը զետեղված է պաշտպանության նախարարության կայքում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ունենք 70 000 ակտիվ զինծառայող, պահեստազորում` 210 000: Դրա հիման վրա նախօրոք պետք է հաշվարկ կատարվեր և զորքին ապահովվեր անհրաժեշտ քանակի զրահաբաճկոններով և սաղավարտներով, և ոչ միայն… Չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք նախապես տեղյակ էին սպասվելիք պատերազմի մասին:

Փաստ է նաև, որ մեր վիրավորների և մահացածների շուրջ 80 տոկոսի մոտ գրանցվել են բեկորային վնասվածքներ, իսկ դրանց կեսից ավելին եղել են գանգուղեղային վնասվածքներ և վիրավորումներ կրծքավանդակի ու ողնաշարի շրջանում: Բազմաթիվ ականատեսների կողմից ներկայացվել են հայտարարություններ այն մասին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայ զինծառայողների, հատկապես, զորահավաքային ուժերի մոտ բացակայում են զրահաբաճկոնները և սաղավարտները:

Բ) Առկա է եղել նաև զինծառայողներին տրված զրահաբաճկոնների որակի հետ կապված խնդիր. փաստեր կան այն մասին, որ Հայաստանում արտադրված զրահաբաճկոնները, որոնք բաժանվել են մեր զինվորականներին, իրենց անհարմարավետության պատճառով խոչընդոտել են մարտական խնդիրների կատարմանը: Հայկական արտադրության զրահաբաճկոններ կարելիս, մի շարք հանգամանքներ հաշվի առնված չեն եղել, մասնավորապես` զրահաբաճկոնի ուսի հատվածում զենքի հենման կետը հնարավորություն չի տվել առավելագույնս անշարժացնել զենքը, ինչը կարևոր է մարտի ժամանակ դիպուկ կրակելու համար:

Բացի վերոնշյալից, զորքերին տրամադրված հայկական արտադրության զրահաբաճկոնները բավականին ծանր են եղել, հետևաբար դրանցով մարտական խնդիր կատարելը` էլ ավելի դժվար:

Գ) Զրահաբաճկոնի վրա նախատեսված փամփշտատուփերի քանակը բավարար չի եղել կամ ընդհանրապես բացակայել է: Նախատեսված գրպանիկների մեջ հնարավոր է եղել տեղավորել ընդամենը 3 փամփշտատուփ, մեկ փամփշտատուփ էլ եղել է ինքնաձիգի վրա, որոնցում, ընդհանուր առմամբ, հնարավոր էր ունենալ 120 փամփուշտ:

Անբավարար է եղել նաև զրահաբաճկոնների վրա նռնակների համար նախատեսված գրպանիկների քանակը, որոնցում հնարավոր է եղել տեղադրել ընդամենը 2-3 նռնակ:

Համեմատության համար հարկ է նկատի ունենալ, որ թշնամու յուրաքանչյուր զինվորի մոտ եղել է, ընդհանուր առմամբ, 9 փամփշտատուփ, ընդհանուր քանակով` 270 փամփուշտ, իսկ զրահաբաճկոնի գրպանիկներում` 5 նռնակ:

Վերը շարադրված փաստերը վկայում են, որ մենք անհամեմատ քիչ թվով զոհեր ու վիրավորներ կունենայինք, բացի այդ, հնարավոր է, պատերազմում պարտության փոխարեն հաղթեինք, եթե համապատասխան մարմինները կատարեին իրենց պարտականությունները` ժամանակին համապատասխան քանակի և որակի զրահաբաճկոններ ձեռք բերելով և տրամադրելով զորքին, իսկ համապատասխան ծառայություններն ու պաշտոնյաներն էլ կատարեին իրենց պարտականությունները` հսկողություն ու վերահսկողություն իրականացնելով զրահաբաճկոնների արտադրության համար տրված պատվերի, անհրաժեշտ չափանիշներին դրանց որակի համապատասխանության, ինչպես նաև զորքի թվաքանակին զրահաբաճկոնների ու սաղավարտների համապատասխանության նկատմամբ:

Առանձին քննություն պետք է իրականացվի զրահաբաճկոնների արտադրության համար տրված պետական պատվերում հնարավոր կոռուպցիոն ռիսկի առկայության հանգամանքը պարզելու համար:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան