Երեկ մեր զինվորականները գլխիկոր նահանջել են՝ կտրուկ վատթարացնելով Խնձորեսկի պաշտպանական վիճակը. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն այսօր ասուլիսում ասաց, որ ամեն շաբաթ նորություն ենք ստանում, թե հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել են ադրբեջանցիներին. «Երեկ արդեն Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը կրկին հետ են քաշվել, ընդ որում, իշխանությունը իրեն բնորոշ ոճով սկզբից դա անվանեց լկտի սուտ և ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը ու, ըստ էության, երեկ և՛ «Ազատություն» ռադիոկայանը, որը խիստ իշխանամետ դիրքորոշում ունի, և՛ Sputnik Армения-ն , որը այս հարցում կարելի է ասել անկողմնակալ լրատվամիջոց է, երկուսն էլ հաղորդեցին, որ, այո, հայկական հենակետը, այսինքն ոչ միայն դիրքեր, այլ նաև հենակետը, այդտեղից հետ է քաշվել»:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ադրբեջանցիները եկել և վերջնագիր են ներկայացրել՝ մինչև կոնկրետ ժամ նահանջել ու զինվորականները գլխիկոր նահանջել են, ըստ էության, կտրուկ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: «Այսինքն թշնամին ոչ միայն սպառնում է, այլև անում է: Վաղը, եթե իրավիճակը սրվի, դա նշանակում է բոլոր գյուղերը դատարկվելու են, որովհետև դրանք բոլորը գտնվելու են հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Հետագայում, երբ կարողանանք վերականգնել բանակը հետո 100-ավոր, կամ, գուցե, 1000-ավոր կյանքեր են պահանջվելու այդ անվտանգային համակարգը վերականգնելու համար»,- փորձագետը՝ հավելելով, որ իշխանություններն այսօր իրենց իշխանությունը և աթոռները պահելու համար գնում են այդպիսի զիջումների, ըստ էության իրենք արդեն, կարծես թե, ապառիկով կյանքեր են նաև նվիրում թշնամուն»,- հավելեց փորձագետը: