Պատրոն Դավոն կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊՆ նախկին նախարարի խորհրդական, Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Դավիթ Գալստյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:

Կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործ: Այդ գործի շրջանակում էլ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել: