«Այդպես որոշեցինք». 7 համայնքապետեր չեն մասնակցել փոխվարչապետի հետ հանդիպմանը. 168.am

«Նախօրեին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի խորհրդակցությունը»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նկատենք, սակայն, Կապանում կայացած աշխատանքային հանդիպմանը չի մասնակցել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չի մասնակցել հանդիպմանը՝ Գևորգ Փարսյանը եղավ հակիրճ. «Այդպես որոշեցինք»:

Կապանի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ միջգերատեսչական խմբի և փոխվարչապետի հետ հանդիպմանը չեն մասնակցել 7 համայնքի ղեկավարներ՝ Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև:

Հարցին, արդյոք փորձ չի՞ եղել Ձեզ հետ առանձին հանդիպելու, նա պատասխանեց. «Առանձին՝ ոչ»:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այս աշխատանքային խմբի ստեղծման որշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ էր մեկնել վարչապետի հայտնի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ այնտեղ գործունեություն է ծավալելու: Հունվարի 29-ին էլ Սյունիք էր մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մինչ այս՝ 2020թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք էր գործուղվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։ Արդյունքները, թերևս, գոհացնող չեն եղել, և այժմ էլ Ավինյանն է գործուղվել Սյունիք։

Նկատենք՝ ավելի վաղ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի համայնքապետերը նշել էին, որ լուրջ ակնկալիքներ չունեն ներկա կառավարությունից և նրանց աշխատանքային այցերից: