Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել, երբ փորձել է շրջանցել հրապարակի իրադարձությունները. անցել է 4 ժամ, սակայն դեռ ազատ չի արձակվել. փաստաբան

Այսօր Հանրապետության հրապարակի տարածքից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Քրեական օրենսգրքի 219 հոդվածով արարք կատարելու ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ փաստաբան Արմեն Գալստյանից:

Փաստաբանը նշեց, որ Ղազարյանը բերման ենթարկվելու ժամանակ բավականին հեռու է եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից:

«Փորձել է շրջանցել իրադարձությունները, ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվելուց մոտ 4 ժամ է անցել, բայց դեռ դուրս չենք եկել, դեռևս գործողություններ են արվում, որոնք արդեն ապօրինի են մեզ համար, քանի որ այսքան ժամանակ է մեզ պահում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմաց էին, ոստիկանները մի քանիսին բերման էր ենթարկել: