Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ սենատը երեքշաբթի երկրի պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ջո Բայդենի ընտրած թեկնածու Էնթոնի Բլինքենին: Նրա հաստատումն ընդունվեց ձայների 78-22 հարաբերությամբ:

Մինչ Սենատի լիագումար նիստում հաստատումը, Բլինքենի նշանակումը հաստատում էր ստացել վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

58-ամյա պետքարտուղարի առջև այժմ դրվելու են ազգային անվտանգության հարցերով մի շարք առաջնահերթ հարցեր, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները ճշտելու խնդիրը:

Բլինքենը խոստացել է վերականգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարի դերը:

Հիշեցնենք, որ միջազգային հարթակ վերադառնալու առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը նորից միացավ Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրին:

Էնթոնի Բլինքենը երկար ճանապարհ է անցել Ջո Բայդենի հետ: Նախկինում նա եղել է Սպիտակ տանը և Սենատում Բայդենի խորհրդականը, որից հետո Օբամայի վարչակազմում ստանձնել է փոխպետքարտուղարի պաշտոնը: