Թուրքիան պատրաստվում է վատագույնին, քանի որ Բայդենի թիմն անցնում է գործի. Թուրքիայի ԱԳ նախկին նախարար

Սաուդական Arab News հրատարակությունը հրապարակել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշի հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել է ԱՄՆ վարչակազմի փոփոխությանը և, դրանից ելնելով, վերլուծել է թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսլականը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մռայլ հեռանկարի առաջին պատկերները սկսել են ուրվագծվել անցյալ շաբաթ՝ Բայդենի նոր վարչակազմի կարևորագույն անձի շուրթերից:  Մասնավորապես պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը Թուրքիայի մասին ասել էր. «Անընդունելի է այն, որ մեր ռազմավարական գործընկերը, այսպես ասած ռազմավարական, սատարում է մեր ռազմավարական գլխավոր հակառակորդներից մեկին՝ Ռուսաստանին»: Նա չի սահամանափակվել այսքանով: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին նա ասել է, որ Թուրքիայի նկատմամբ գործող պատժամիջոցների ազդեցությունը գնահատելուց հետո Վաշինգտոնը պետք է որոշի՝ ավելի մեծ ճնշման կարիք կա, թե ոչ:

Բլինկենը հայտնի է Թուրքիային ուղղված իր քննադատություններով, բայց ՆԱՏՕ-ի դաշնակցին «այսպես կոչված ռազմավարական գործընկեր» կոչելը, նախքան պաշտոնը ստանձնելը, ենթադրում է, որ Անկարան այս վարչակազմի հետ խնդիր ունի: Նա հավանաբար չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան իրավունք ունի լավ հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

Բայդենի թիմի ևս մեկ կարևոր անձ պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինն է, որն այժմ պաշտպանության քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում:

2013 թվականին նա նշանակվել էր ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Ասիայում ԱՄՆ շահերի պաշտպանության համար: Նա համագործակցել է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի «Վերապատրաստում և վերազինում» ծրագրի շրջանակներում`Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում, բայց հետագայում այդ ծրագիրը  ձախողվել էր: Սիրիայի զինված ընդդիմության մարտիկները ուսուցանվել էին Թուրքիայում և ուղարկվել Սիրիա գնդացիրներով հագեցած 12 մեքենայով, բայց սահմանը հատելուն պես մի քանի մարտիկներ իրենց բեռնատարները, զենքերն ու զինամթերքը հանձնել էին «Ալ-Նուսրա» ճակատին:

Այս թերությունից հետո Օսթինը դիմել էր քուրդ մարտիկների օգնությանը, քանի որ, չնայած Թուրքիայի ուժեղ հակազդեցությանը, ԱՄՆ-ն նրանց ավելի հուսալի և ավելի լավ մարտիկներ էր համարել: Օսթինն առաջին ամերիկացի ռազմական պաշտոնյան էր, որը 2015-ի սեպտեմբերին Սենատի լսումների ժամանակ խոստովանել էր, որ ԱՄՆ-ն առնչություն ունի քուրդ մարտիկների հետ, և որ իրենք խորհրդատվական ծառայություններ և օգնություն են տրամադրում քրդերին:

Օսթինը թոշակի էր անցել 2016-ին, բայց, մինչ նա ղեկավարում էր հրամանատարությունը,  վճռական դեր է խաղացել քուրդ մարտիկներին զինելու գործում: Այժմ, երբ նա դարձել է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական ծրագրերի իրականացման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա, Թուրքիան անհանգստանալու առիթ ունի:

Երրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որի նշանակումը չի ուրախացրել Թուրքիային, Բրեթ ՄըքԳուրքն է ՝ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Նա համարվում է Սիրիայի քրդերի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ճարտարապետը: Թուրքական լրատվամիջոցները քննադատական դիտողություններ են հրապարակել Սիրիայի քրդերի ղեկավարության հետ նրա հարաբերությունների վերաբերյալ:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ևս մեկ անուն է, որի կապակցությամբ Թուրքիան անցյալում ունեցել է անհանգստությունների առիթ: 2017 թվականին  գրած իր հոդվածում նա Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների որոշ անդամների ձերբակալումը համեմատել է Թուրքիայում «պատանդ վերցնելու» հետ և կոշտ քննադատել է Իրաքում քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողությունները: Նա նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ բավական կոշտ չլինելու համար: Նա առաջարկել է պատժամիջոցներ կիրառել կոռուպցիայում  ներգրավված թուրք պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտի պատասխանատուների նկատմամբ:

Ինչ վերաբերում է նախագահ Ջո Բայդենին, ապա նա աբազմաթիվ առիթներով քննադատել է Թուրքիային: Որպես սենատոր ՝ նա կամ հովանավորում էր, կամ աջակցում էր Թուրքիայի շահերի դեմ շատ բանաձևերի:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ապագայի կարևոր գործոն կլինի Բայդենի կողմից Իրանի նկատմամբ քաղաքականության մանրամասները:

Անկարային, հնարավոր է, դուր չգա, որ իրեն որպես շախմատի զինվոր օգտագործեն Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության մեջ, սակայն  նա չի կարող դեմ արտահայտվել ԱՄՆ-ի և Իրաքի հետ եռակողմ համագործակցությանը: Թուրքիային անհրաժեշտ է Իրաքի հետ համագործակցությունը`Քուրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վրա ճնշում գործադրելու համար, որը ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Այնպես որ, Վաշինգտոնը կարող է համագործակցել Թուրքիայի հետ Իրաքում ՝ Իրանի նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Նման համագործակցությունը չի նշանակի, որ ԱՄՆ-ն կհրաժարվի սիրիական քրդերի հետ համագործակցությունից:

Բացի այդ, շնորհիվ պետական երկարամյա ծառայության, Բայդենը շատ լավ գիտի Եվրաատլանտյան ասոցիացիայի համար Թուրքիայի կարևորությունը: Այդպիսով նա կարող է գնահատել ամեն քայլի դրականն ու բացասականը, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ անտոգոնիզմի:

Կան նաև այլ անուններ, բայց, վերոհիշյալ փաստերը հաշվի առնելով, ակնկալվում է, որ նրանք գործադիր որոշումներ կկայացնեն, որոնք այս կամ այն կերպ ազդելու են Թուրքիայի վրա:

Միգուցե փոթորիկ է մոտենում, բայց դրա վնասը դեռ դժվար է կանխատեսել:

Աղբյուրը՝ Tert.am https://www.tert.am/am/news/2021/01/25/usa-turkey/3504868