Այն, ինչն երկու-երեք տարի առաջ մեզ համար սրբապղծություն կընկալվեր, այսօր լիքը մարդ կուլ է տալիս․ քաղաքագետ

Մինչև 60-ական թվականները Սովետական Հայաստանում Ցեղասպանության սինդրոմ ու պահանջատիրության գաղափարախոսություն որպես ազգային գաղափար ձևակերպված չի եղել։ Դա Սփյուռքում է եղել, հիմնական Դաշնակցության շնորհիվ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Քաղաքագետը գրում է․

«Երբ 1952-ին Թուրքիան մտավ ՆԱՏՕ, իսկ հետո այնտեղ տեղադրվեցին միջուկային հրթիռներ, Սովետական Միությանը պետք էր, որ Թուրքիայի սահմանին գտնվող հայերի մոտ հակաթուրքական տրամադրությունները խորանան։

– Քաղաքականություն է, Սըր։

Ըստ էության պետպատվերով Ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ, գրականություն էր ֆինանսավորվում, դասագրքերում էր դրան տեղ հատկացվում։ Պատահական չէր, որ Սովետական Հայաստանի ԱԳ նախարար Ջոն Կիրակոսյանն էր Ցեղասպանությանը նվիրված մոնումենտալ աշխատություն գրում, Գրողների Միության քարտուղար Պարույր Սևակը «Անլռելի Զանգակատուն» գրում, Կոմիտասի անունով կոնսերվատորին անվանակոչվում, Ծիծեռնակաբերդը կառուցվում եւ այլն։ Դա պետական քաղաքականություն էր, որի վրա հայերի նոր սերունդ դաստիարակվեց։

Լավ է դա, թե ոչ, քննարկման թեմա է, բայց փաստ է, որ դրա շնորհիվ մենք հաղթեցինք Արցախի առաջին պատերազմում։ Արցախի հարցում մենք միաբանված էինք ու գիտակցված կրում էինք բազմաթիվ դժվարություններ, գնում զոհողությունների։ Դա այդ սերնդի դաստիարակության արդյունքն էր։

Հրեաների համար Հոլոքոստը նույնպես անկյունաքարային նշանակություն ունի մինչ այժմ, սակայն դրա հետ մեկտեղ արդյունավետ պետականության շինարարություն է ընթացել։ Սակայն մեկ է, Հոլոքոստն է այսօրվա հրեաներին մոտիվացնում։

Bolton & Co-ն մեզ կոչ են անում հրաժարվել կաղապարներից։ Ամերիկան ունի իր շահերը, դա բնական է, Թուրանի գաղափարի միջոցով առճակատում ստեղծել Ռուսաստանի ու Իրանի հետ, խաթարել Չինաստանի հնարավոր առեւտրական ուղիները։ Մենք խանգարում ենք դրան, ինչի համար պետք է քանդել մեր «կաղապարները»: Ու քանդում են Նիկոլի և նիկոլականների միջոցով։ Ու եթե ուշադիր լինեք, ապա նա ու նրանք քայլ առ քայլ, խոսք առ խոսք առաջ են գնում։ Ինչն երկու-երեք տարի առաջ մեզ համար սրբապղծություն կընկալվեր, այսօր լիքը մարդ կուլ է տալիս։ Նրանք ներդրված են ու պարարտ ծիլեր են տվել։

Սա ծրագիր է, սակայն մեծ հարց է, որ այդ ծրագիրը մեզ կարող է ինչ-որ պայմանների դեպքում խաղաղության բերել։ Կարող է նաև տոտալ ոչնչացման հանգեցնել։ Սա է այսօրվա մեր հիմնական մարտահրավերը, որը չի գիտակցվում»,- գրում է Դանիելյանը։