Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 20)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձի (անձանց) մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի մասը, որն ինչպես ՍՍՀՄ ժամանակ, այնպես էլ ՀՀ անկախության հռչակումից հետո լիովին պատկանել ու պատկանում էր Հայաստանին, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար կապող ճանապարհի որոշակի հատվածներ մեր թշնամուն` Ադրբեջանին են հանձնվել ինչպես ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության («Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»), նաև ՀՀ օրենսդրության այլ իմպերատիվ (ոչ թե հայեցողական, այլ պարտադիր կատարման ենթակա) պահանջների գիտակցված խախտմամբ:

2․Շուռնուխ գյուղի մի մասը թշնամուն` Ադրբեջանին հանձնելուց բացի, նաև թույլ է տրվել, որ Ադրբեջանն իր սահմանապահ զինծառայողներին տեղակայի անմիջականորեն Շուռնուխի, Կապանի, ինչպես նաև Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար կապող ճանապարհի որոշակի հատվածների հարևանությամբ և այդ կերպ իր վերահսկողության տակ վերցնի Շուռնուխը, Կապանը և վերոնշյալ ճանապարհի որոշ հատվածներ:

3. Սյունիքի մարզի վերը նշված հատվածներում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ձևավորվել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող պետական սահման, ինչը վերոնշյալ գործողություններից և անգործության դրսևորումներից բացի, նույնպես հանդիսանում է Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար կամ դրա հնարավորությունն ընձեռող որոշակի օգնության ցուցաբերում` կատարված ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

4․ Առաջին երեք կետերում նշված գործողությունների և անգործության դրսևորումների արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների նկատմամբ, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

5․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի ֆեյսբուքյան էջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի 08.01.2021թ. հետևյալ հաղորդմամբ.

«Աշխատանքային եռօրյա այցով մեր աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ենք: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:

Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն ու այլ բնակավայրեր իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:

Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող  վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:

Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:

Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից բացարձակ անընդունելի է:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս»:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան