Իսագուլյանի հայտարարությունից տագնապած ու ցնցված են անդրօվկիանոսյան ծառայությունները (տեսանյութ)
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այսօր ասուլիսում հայտարարել է․
«Երբ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը հանդես եկավ Բելառուս-Ռուսաստան միութենական պետությանը Հայաստանի անդամակցության օգտին, հապշտապ կալանավորեցին կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանին: Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի գիտակից զանգվածը հասկանա, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ անվտանգության եզակի երաշխավորը ՌԴ-ն է, իսկ մեր պետականության պահպանումը, հատկապես սահմանների անձեռնմխելիությունը՝ սպասվող սահմանազատումն ու սահմանագծումը բարենպաստ, հայանպաստ լուծումներ կարող են ունենալ այն ժամանակ, երբ Հայաստանը անդամակցի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը»:
Ա․ Գեղամյանը նկատել է․ «Այս հանգամանքն այն աստիճանի տագնապների, ցնցումների մեջ է գցում անդրօվկիանոսյան հատուկ ծառայությունների ղեկավարներին, որ վերջերս՝ 3 օր առաջ, երբ «Ազգային անվտանգություն» կուսակցությունն իր քաղխորհրդի արտակարգ նիստում ընդունեց մի բանաձև, որով կոչ է անում համակիրներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի գործողությունների, որոնք օր առաջ կարագացնեն ՀՀ անդամակցությունը Բելառուս-Ռուսաստան միութենական պետությանը:
Այս հայտարարության հենց հաջորդ օրը՝ առավոտյան, արհեստական մեղադրանքով Գառնիկ Իսագուլյանին կալանավորեցին:
Թուրքական ագենտները վխտում են, իսկ իրենք հայրենասեր Գառնիկին են մեկուսացնում: Երկու ամսով նրան մեկուսացրել են՝ նպատակ ու խնդիր ունենալով սաստել բոլոր այն քաղաքական ուժերին, այն հասարակական կազմակերպությունների անդամներին, ովքեր նույնպես հանդիսանում են այդ գաղափարի ջատագովները»,-ասուլիսում ասել է Արտաշես Գեղամյանը: